ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը գնահատում է իրավիճակը Հարավային Կովկասում
ԱՄՆ֊ի փոխնախագահ Ջո Բայդենը Պրահայում` «Ազատ Եվրոպա» (Ազատություն) ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե Հարավային Կովկասի ժողովուրդները սկսում են հասկանալ, որ իրենց սեփական շահը առավել ընդարձակ համագործակցության մեջ է:
«Մեծ ազգերն ու մեծ դաշինքները օգտվում են փոփոխությունների ընձեռած առավելություններից եւ դրանք դարձնում են հնարավորություններ: Ես ողջունում եմ պետքարտուղար Քլինթոնի ջանքերը. դուք տեսաք` ինչ կատարվեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, դուք տեսնում եք` ինչ է կատարվում այժմ մյուս` երկարատեւ եւ լուծում չստացած տարաձայնություններում»: Այսպիսին էր ԱՄՆ փոխնախագահի պատասխանը այն հարցին, թե ինչպես է Միացյալ Նահանգները գնահատում իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ վերջին զարգացումները մի կողմից բազմաթիվ հնարավորություններ, մյուս կողմից` ռիսկեր են պարունակում:
Ջո Բայդենը կարծում է, թե տարածաշրջանի երկրները սկսել են հասկանալ, որ ընդարձակ համագործակցությունը բխում է իրենց սեփական շահերից: «Այդ համագործակցությանը ոչ թե սերն է դրդում, այլ անհրաժեշտությունն ու կարիքը»,-ասել է նա:
Ու թեև գալիք ժամանակաշրջանը վտանգներ է պարունակում, սակայն, ամերիկացի պաշտոնյան համոզված է, որ հնարավորություններն ավելին են, քան վտանգները: Նա առավել դրական, քան բացասական զարգացումներ է տեսնում: «Այնպես որ, մենք աշխատում ենք մեր բարեկամների հետ Թուրքիայում, Եվրոպայում, Կենտրոնական Եվրոպայի եւ Կովկասի երկրներում, որոնք իրական փոփոխությունների առջեւ են կանգնած»,-ասել է ԱՄՆ֊ փոխնախագահը:
«Եկեք խնդրին այլ տեսանկյունից նայենք, տասը տարի անց այդ տարածաշրջանը իսկական չափորոշիչ է լինելու, քննություն, որով մեր սերունդները որոշելու են` արդյոք մենք հաջողել ենք 21-րդ դարում իրական փոփոխությունների հասնել աշխարհում: Կարծում եմ` բոլորն էլ հասկանում են, թե ինչի կհանգեցնի առաջընթացի բացակայությունը Հարավային Կովկասում, եւ, քանի որ շատերն են աշխատում այդ ուղղությամբ, ես ավելի շատ լավատես եմ, քան հոռետես»:
Անդրադառնալով Կրեմլի դերակատարությանը տարածաշրջանում` Բայդենն ասել է, թե Ռուսաստանը հիմնական դերակատարներից մեկն է եւ կարող է էական ուժ լինել` դրական փոփոխությունների համար:












