Գլխավոր » Լրահոս

«Սումգայիթի ջարդերին ներգրավված է եղել Ադրբեջանի ղեկավարությունը»

Հոկտեմբեր 26, 2009թ. 10:00

2-i nkaryԱվելի քան 20 տարի է անցել Սումգայիթում ադրբեջանցիների կողմից կազմակերպված  հայկական ջարդերից, սակայն մինչ օրս կազմակերպիչները չեն կրել իրենց արժանի պատիժը:

Ադրբեջանական քարոզչամենքենան զբաղված է կատարաված ցեղասպանությունը կոծկելով: Իսկ ի՞նչ ենք անում մենք` հայերս:

Չնայած բավական ուշացումով, սակայն, ի ուրախություն մեզ տեղեկացանք, որ արխիվային նյութերի հիման վրա սկսվել է Սումգայիթի գործի ուսումնասիրությունը:

«Սումգայիթ ասելով` մենք չպետք է միայն Սումգայիթ քաղաքի ջարդերը հասկանանք: Քանի որ սկսվելով Սումգայիթում` չարագործության ալիքը տարածվեց ողջ Ադրբեջանով մեկ. անպատժելիությունը ծնեց նոր հանցանքներ: Ալիքը գնալով մեծացավ և 3 տարի հետո հասավ Բաքու: ԽՍՀՄ իշխանությունը դա մեկնաբանեց որպես ազգամիջյան հողի վրա կատարված իրադարձություն»,- մեզ հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ասենք, որ Սամվել Մարտիրոսյանն ընդգրկված է նախաձեռնողների այն խմբում, որն ուսումնասիրում է ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած`սումգայիթյան դեպքերի 10.000 էջանոց նյութերը: «Այլատյացության կանխարգելման նախաձեռնությամբ» սկսված այս գործընթացն ընդգրկելու է հիշյալ փաստաթղթերի թվայնացման աշխատանքը»:

Գլխավոր դատախազությունը 36 հատոր գործ է տրամադրել, որոնցում ականատեսների  վկայություններն են` Սումգայիթում, Բաքվում, Ադրբեջանի մի շարք բնակավայրերում տեղի ունեցած հայերի կոտորածների մասին:

Արխիվային նյութերի մի մասը ձեռագիր տարբերակով է, մի մասը` մեքենագիր: Յուրաքանչյուր թղթապանակ ընդգրկում է ջարդերի ականատես  շուրջ 70 մարդու վկայություն:

Տեղեկացնենք, որ նախապատրաստական փուլում է  Սումգայիթի դեպքերը ներկայացնող կայքը:

Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ. «Արխիվային նյութերը ռուսերեն լեզվով են, դրանց մի մասը կթարգմանվի նաև անգլերեն` հատուկ Սումգայիթի դեպքերը ներկայացնող կայքում տեղադրելու համար: Դրանք ահռելի քանակի վկայություններ են, որոնք պետք է հանգամանալից ուսումնասիրվեն: Արդեն իսկ ուսումնասիրված նյութերից երևում է, որ առնվազն` տեղական կառավարման մարմինները, տեղյակ են եղել սպասվող ջարդերին և ներգրավված են եղել` ինչպես կազմակերպման, այնպես էլ իրագործման մեջ: Օրինակ` բոլոր հայերի տներում հեռախոսները նախապես անջատվել են, իսկ ջարդարար խմբերն ունեին բնակության վայրով և ընտանիքի անդամների թվով հայերի անվանական ցուցակները: Բացի այդ, ոստիկանությունը չէր միջամտում»:

Նյութերն ուսումնասիրողների առաջնային նպատակը դրանց արագ թվայնացումն է: Նախատեսված է Սումգայիթը ներկայացնող կայքի նախապատրաստական աշխատանքներն ավարտել 2-3 ամսից: Սակայն նյութերը բազմազան են, և մի խնդրի լուծումից ծագում է մյուսը, մի թղթապանակի ուսումնասիրությունը հանգեցնում է մյուսի բացահայտմանը:

Կարևոր է, որ ականատեսների վկայություններն անմիջապես ջարդերից հետո են տրվել: Առանց մանրամասների մեջ խորանալու էլ ակնհայտ է, որ զոհերի` պաշտոնապես ներկայացվող 27 թիվը շատ հեռու է իրական լինելուց: Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ դիմել են նախաձեռնությանը` խնդրելով որևէ լուր հայտնել այդ ժամանակ Ադրբեջանում բնակվող իրենց հարազատներից: Նշենք, որ աշխատանքների ընթացքում կկարևորվի ոչ միայն ջարդերի ականատեսների, այլև նրանց վկայությունները, ովքեր դիմավորել են ադրբեջանցի ջարդարարներից մազապուրծ Հայաստան հասած մեր հայրենակիցներին: Ուսումնասիրվող նյութերի ամբողջացմանը կնպաստեն նաև Ադրբեջանից խորհրդային զորքերը դուրս բերած մարդկանց վկայությունները:

«Այն ժամանակ նաև դատավարություն է տեղի ունեցել, և պետք է գտնել այն մարդկանց, ովքեր դատավարությանը մասնակցել են: Այն անցկացվել է ԽՍՀՄ տարբեր շրջաններում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Դատախազության տրամադրած արխիվային նյութերի ձեռագիր հատվածի ուսումնասիրությունը եթե մի քանի տարի էլ հետաձգվեր, ապա հնարավոր է, որ դրանք անընթեռնելի դառնային թանաքի լղոզվածության պատճառով:

«Վկաները տարբեր տարիքի, սեռի, մասնագիտության տեր մարդիկ են: Նրանց մի մասը տեսել է ջարդերը, մի մասը` փրկվել դրանցից: Ականատեսները պատմել են, որ եղել են անգամ դեպքեր, երբ ադրբեջանցիները փրկել են հայերին, սակայն նրանց անունները չեն հրապարակվի, քանի որ դրանով հավանաբար կվտանգենք նրանց»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

10.000 էջանոց արխիվային նյութերի ուսումնասիրությունը բավական աշխատատար գործընթաց է: Նախաձեռնության մասնակիցները մեկ անգամ արդեն ինտերնետային հայտարարությամբ արխիվային նյութերի ուսումնասիրության գործում ներգրավել են շուրջ 15 կամավորների, ովքեր թվայնացված նյութերը վերածելու են «word» փաստաթղթի: Կամավորների մեջ կան մարդիկ, ովքեր ամբողջ թղթապանակի վրա են աշխատելու: Որքան շատ մարդիկ ներգրավված լինեն այդ գործընթացում, այնքան արագ աշխատանքը կավարտվի, և Սումգայիթը ներկայացնող կայքն այնքան շուտ հասանելի կլինի: Կամավորների աշխատանքից հետո կազմակերպիչների կողմից նյութերը վերանայվում են, որպեսզի հնարավոր լինի խուսափել ամեն տեսակ վրիպումներից:

Armar.am-ը դիմում է բոլորն նրանք, ովքեր կցանկանան մասնակից դառնալ այս կարևորագույն գործին և կօժանդակեն նախաձեռնող խմբին`  արխիվային նյութերի թվայնացման աշխատանքում:

Կարող եք դիմել հետևյալ էլեկտրոնային հասցեով` azerbaijan.genocide@gmail.com և մասնակից դառնալ ոճրագործության դատապարտմանը:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն