ԱՄՆ կոնգրեսականները Հայոց Ցեղասպանության և ղարաբաղյան խնդրի մասին
ԱՄՆ օրենսդիր մարմնի պաշտոնական պարբերականն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացին, գրել է. «Մի ակնկալեք, թե հայ-թուրքական հարաբարությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումից հետո և դրա արդյունքում Հայոց Ցեղասպանության օրինագծի շուրջ լոբբիստական պայքարը կշրջանցի ընթացիկ գումարման կոնգրեսը»։
Վերլուծաբանը նկատել է, որ հայկական կողմը շարունակելու է հետամուտ լինել ցեղասպանության ճանաչմանը, և որ ԱՄՆ-ում օրինագծի աջակիցների թիվն օրեցօր աճում է. Մեծ եղեռնի օրինագծի աջակիցների թիվն այսօր հասել 135-ի։ Վաշինգտոնում` իշխանական բոլոր թևերում, ուշադրությամբ հետևում են հայ-թուրքական գործընթացին, և ստանձնած պարտավորություններից հետքայլ անելու Անկարայի փորձերին։ «Արձանագրությունների ստորագրումից հետո նախապայման առաջադրելն անթույլատրելի է»,- ասում են կոնգրեսականները։
Կոնգրեսական Մարկ Քըրքն ասել է. «Համաձայնագիրն, ըստ էության, ստորագրվեց, բայց հաջորդ օրը Թուրքիան հայտարարեց, թե նախ պետք է կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը։ Բայց չէ՞որ ընդամենը մեկ օր առաջ թելադրված փաստաթղթում նման բան ամրագրված չէր։ Դա ի ցույց է դնում թուրքական մոտեցման անլրջությունը։ Իսկ սահմանը պետք է բացվի»։
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ընդգծել է, որ արձանագրություններում ոչ մի խոսք չկա ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մասին, ուստի իրենք պնդում են, որ Ղարաբաղին առնչվող և ոչ մի նախապայման լինել չի կարող։ «Ղարաբաղյան բանակցությունների համար գործում է Մինսկի խմբի ձևաչափը։ Սա առանձին գործընթաց է, որը կապ չունի Ցյուրիխյան փաստաթղթի հետ»,- ասել է նա։
Իսկ անցած շաբաթվա վերջին պետքարտուղարության խոսնակ Յան Քելլիի հայտարարել է. «Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք սատարում ենք արձանագրություններին և աջակցում ենք հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների։ Մեր քաղաքականությունը շատ հստակ է»։
Ամերիկյան օրենսդիրները նշում են, որ հայկական լոբբին, պաշտոնական Երևանը և պետքարտուղարությունը միակարծիք են, որ ենթահանձնաժողովը չի կարող զբաղվել ցեղասպանության պատմական իրողությունը քննարկելով, բայց միամտություն կլինի կարծել, թե թուրքական կողմը նման փորձի չի դիմի։
Ֆրենկ Փալոնեն ասել է. «Տեղի է ունեցել ցեղասպանություն, որը ճանաչել են մեծ թվով պետություններ, և պատմական ենթահանձնաժողովը չի կարող քննարկման առնել կատարված փաստը։ Այն բանից հետո, երբ փաստաթղթերը կվավերացնեն Թուրքիայի, ապա նաև Հայաստանի խորհրդարաններում, մենք կրկին կբարձրաձայնենք մեր դիրքորոշումն այդ մասին»:
Իսկ կոնգրեսական Մարկ Քըրքը հավելել է. «Ցեղասպանությունը տեղի է ունեցել և 1,5մլն մարդ է սպանվել։ Ի՞նչ է նշանակում հանձնաժողովի միջոցով վիճարկել, թե արդյո՞ք տեղի է ունեցել եղեռն կամ ոչ։ Այս դեպքում մեկ ուրիշն էլ կարող է պահանջել, որ մեկ ուրիշ հանձնաժողով քննարկի հրեական հոլոքոստի կամ ասենք լանդայի ցեղասպանության եղելության փաստն, ինչն ուղղակի անհեթեթ է»:
Armar.am












