Կայացավ Վահագն Չախալյանի դատավճռի բողոքարկման երրորդ դատալսումը
2009թ. սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի քրեական գործերով վերաքննիչ դատարանում կայացավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր դատավճռի բողոքարկման գործով երրորդ դատալսումը:
Դատական նիստին ներկա «Երկիր» միության դիտորդները արձանագրել են հետեւյալ իրողությունները.
2009թ. հոկտեմբերի 16-ին Վահագն Չախալյանը հանդես էր եկել հայտարաությամբ, որտեղ ի նշան բողոքի Վրաստանի Վերաքննիչ դատարանում իր գործի դատալսման ընթացքում շարունակվող կոպիտ օրինախախտումների այլեւս հրաժարվում էր ներկա գտնվել դատական նիստերին: Սակայն հոկտեմբերի 23-ին ջավախքահայ քաղաքական ակտիվիստին բերման էին ենթարկել դատարան, որտեղ նա նորից ներկայացրեց դատավարությանը ներկա չգտնվելու իր պահանջը եւ դուրս եկավ դատարանի դահլիճից: Ի նշան Վահագն Չախալյանի որոշման հետ համերաշխության դատարանի դահլիճը լքեցին նաեւ նրա հայրը եւ կրտսեր եղբայրը:
Վահագն Չախալյանի դատապաշտպաններից մեկը’ Նինո Անդրիաշվիլին հայտարարեց, որ նա ստացել է պաշտպանության կողմի ծախսերով կատարված փորձաքննության արդյունքները, որտեղ նշվում է, որ Վահագն Չախալյանի տանը եւ գրասենյակում իբր հայտնաբերված զենքի վրա որեւէ մատնահետքեր չի գտնվել, քանի որ այդ զենքը պիտանի չէ փորձաքննությանը: Սակայն փաստաբանը հրաժարվեց կցել այդ փորձաքննության արդյունքները գործին, քանի որ պետական փորձագիտական ծառայությունը, որտեղ իրականացվել էր փորձաքննությունը, թույլ չէր տվել նրան եւ նրա կողմից ներգրավված անկախ փորձագետին ներկա գտնվելու փորձաքննության իրականացմանը, ինչն իր’ փաստաբանի իրավունքի խախտում է, որը նա արդեն իսկ բողոքարկել է դատարանում առանձին քաղաքացիական հայցով:
Ինչպես եւ Ախալցխայի առաջին ատյանի դատարանի պարագայում’ դատական նիստերն ընթանում են առանց Վահագն Չախալյանի ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի մասնակցության: Վրաստանի արդարադատության նախարարությունը մերժել էր նրան գրանցել, իսկ երբ Վահագն Չախալյանը բողոքարկել էր այդ որոշումը դատարանում, վրացական իշխանություննրը փոխել էին օրենքը եւ ընդհանրապես հանել օտարերկրյա փաստաբաններին Վրաստանում դատապաշտպանություն իրականացնելը թույլատրող դրույթը: Ներկայումս պաշտպանական կողմը Պատրիկ Արապյանի գրանցման գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել դատական վերադաս ատյան, ինչպես նաեւ պատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը օրենքում կատարված փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով Վրաստանի սահմանադրական դատարան դիմելու համար:
Շարունակվում է խայտառակ ցածր մակարդակով տարվել հայերենից վրացերեն եւ վրացերենից հայերեն թարգմանությունը: Հոկտեմբերի 23-ի դատական նիստին Չախալյանի դատապաշտպան Ստեփան Ոսկանյանը բացարկ հայտնեց թարգմանիչին, որը սակայն դատարանը մերժեց:
Դատարանը, համարելով դատաքննությունը ավարտված, հայտարարեց դատական վիճաբանությունների փուլին անցնելու մասին: Իր սեղմ խոսքում դատախազը պահանջեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի վճիռը: Այանուհետեւ պաշտպանական ճառով հանդես եկավ փաստաբաններից մեկը’ Զուրաբ Ռոստիաշվիլին, որը պահանջեց արդարացնել Վահագն Չախալյանին, նրա հորը եւ կրտսեր եղբորը: Փաստաբաններ Ստեփան Ոսկանյանը եւ Նինո Անդրիաշվիլին ժամանակ պահանջեցին պաշտպանական ճառը պատրաստվելու համար, եւ դատարանը հետաձգեց նիստը մինչեւ հոկտեմբերի 30-ը:
Այսպիսով, հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ ատյանում տեղի է ունենալու Չախալյանների գործով եզրափակիչ դատալսումը:
Վահագն Չախալյանը ս.թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի ,բե ենթակետերով (Խուլիգանություն… կատարված … իշխանության ներկայացուցչի …դեմ)’ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման:
Վահագն Չախալյանի հայրը’ Ռուբեն Չախալյանը մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում) եւ 226 հոդվածով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն)’ դատապարտվելով 5,000 լարի (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) տուգանքի, իսկ կրտսեր եղբայր Արմեն Չախալյանը’ 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում)’ որպես պատիժ 2,000 լարի (շուրջ 1,200 ԱՄՆ դոլար) տուգանքով:
«Երկիր» հայրենադարձության և հիմնավորման հասարակական կազմակերպությունների միություն












