Հանուն հանդուրժողականության ստիպված ենք մզկիթ մտնե՞լ
«Մինչ հայ հասարակությունը բաժանված է կողմ և դեմ թևերի, թուրք հասարակության համար միևնույն է` կբացվի՞, թե՞ չի բացվի Հայաստան-Թուրքիա սահմանը»: Այս կարծիքին են օրերս Թուրքիայից վերադարձած հայ երիտասարդները, ովքեր այդ երկիր էին մեկնել մասնակցելու, այսպես կոչված, հանդուրժողականության «սերմանման» նպատակով ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից կազմակերպված հանդիպմանը: Հասկանալի պատճառներով նրանց անունները չենք նշի, սակայն կփոխանցենք նրանց կարծիքը հարևան պետությունում տեսածի ու լսածի վերաբերյալ:
Մինչ հայ հասարակությունն անգամ բակային խոսակցությունների ժամանակ քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները, Թուրքիայից վերադարձած երիտասարդները վստահեցրեցին, որ անգամ թուրքական մամուլում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին գրվում է … սպորտի բաժնում: Դա այլ կերպ չի դրսևորվել անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելության ժամանակ: «Ամենաընթերցվող թերթերն առաջին էջում զետեղել էին Աբդուլահ Գյուլի և Սերժ Սարգսյանի նկարները և հայտնել, որ կայացավ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էին երկու երկրների նախագահները, ապա «հղումով» անցում կատարել սպորտի բաժին, որտեղ նշված է եղել գոլերի հեղինակների անունները և խմբերի կազմը:
Իսկ ինչ վերաբերում է «ֆուտբոլային» դիվանագիտությանը, ապա, դատելով թուրքական մամուլից, իրենց դա, կարծես, իրենց պետությանը չի վերաբերում կամ նման բան չի էլ եղել»,- ասաց այդ օրերին Թուրքիայում եղած մի երիտասարդ:
Սակայն, ինչպես պատմեցին երիտասարդները, որքան թուրքերն անտարբեր են Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այնքան վախեցած են հայկական Սփյուռքից և վերջինիս ազդեցությունից: Հաճախ Սփյուռքը ներկայացվում է ամենակարող մի ուժ, առանց որի Հայաստանի Հանրապետությունը ոչ մի վտանգ չի կարող ներկայացնել Թուրքիայի համար: Որպես ասվածի ապացույց և սփոփանք սեփական ժողովրդի համար` թուրքերը ներկայացրել են հայ-թուրքական արձանագրությունների դեմ ուղղված Սփյուռքի բողոքները պատկերող լուսանկարներ, ապա` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ժպտադեմ նկարը` հավելելով, որ դրանք բոլորովին տարբեր կառույցներ են, այլապես մեկը չէր լացի` ի դեմս Սփյուռքի, մյուսը չէր ծիծաղի` ինչպես Սերժ Սարգսյանը:
Երիտասարդները պատմում են, որ երբեք չեն մտածել, թե հանուն հանդուրժողականության ստիպված են լինելու մտնել մզկիթ, հագնել թուրքական դրոշով շապիկներ և նույնիսկ որոշ դեպքերում չխոսել Ցեղասպանությունից, որպեսզի հանդուրժողականության ծրագրի շրջանակներում ուշիմ աշակերտ երևան:
Սակայն հանդուրժողականության սերմանման քարոզը միայն հայ-թուրքական հարթությունում չի ընթանում, այն ակտիվ աշխատում է նաև հայ-ադրբեջանական դաշտում:
Տարեկան մի քանի անգամ միջազգային մի շարք կազմակերպություններ ձեռնարկում են հայ, ադրբեջանցի և վրացի երիտասարդների հանդիպումը «չեզոք քաղաք» Թբիլիսիում: Սակայն եթե Հայաստանից այդ հանդիպումներին ներկա են լինում այն ուսանողները, ովքեր առավել հանդուրժող են և իրենց համարում են աշխարհաքաղաքացիներ, ապա ադրբեջանական կողմից ոչ մի պատահական և հատուկ պատրաստվածություն չանցած ուսանող չի կարող հասնել Թբիլիսի և մասնակցել եռակողմ հանդիպումներին: Տարբեր խմբերով և տարբեր կազմակերպությունների շրջանակներում Թբիլիսի մեկնած ուսանողները փաստում են, որ ամեն անգամ ադրբեջանական խմբում լինում է մեկը, ով գերազանց հասկանում է հայերեն, սակայն այդ մասին հայերի խմբերը, որպես կանոն, իմանում են հանդիպումների վերջին օրերին, իսկ ադրբեջանցիների խոսքը հաճախ կոդավորված է լինում, որպեսզի անգամ բառերի հաճախակի կրկնությունից հայերը ոչինչ չհասկանան:
Այս ամենով հանդերձ, իհարկե, չենք կարող չասել, որ սա դեռ չի նշանակում, թե ադրբեջանցիներն այդքան կազմակերպված և ուղղորդված են ղեկավարվում միայն ուսանողական հանդիպումների ժամանակ:
Սակայն պետք չէ մոռանալ, որ հայերը հաճախ «վտանգի» դեպքում համախմբվելու ընդունակություն են դրսևորում: Թբիլիսիում անցկացված նմանատիպ հանդիպումներում մեր ուսանողներն առանց ՀՀ ղեկավարությունից եկած հատուկ հրահանգի հաճախ կարողանում են իրենց ճիշտ պահել: Թեև ՀՀ ղեկավարության կամ հատուկ մարմինների կողմից Թբիլիսի մեկնող երիտասարդների հետ հատուկ աշխատանք չտանելու հանգամանքը չի կարող իրեն զգացնել չտալ, հատկապես, որ մերոնք ադրբեջաներենին չեն տիրապետում: Գուցե տպավորություն կա, թե հարևան պետության լեզվի իմացությունն այնքան էլ էական չէ, սակայն դա այդպես չէ: Մի հանգամանք ևս. Այդ խմբերում երբեմն պատահականորեն ներգրավված երիտասարդներն անգամ կենցաղային շփումներում կարող են անգիտակցաբար անցանկալի տեղեկություններ հաղորդել պետության մասին:
Այս ամենով հանդերձ, կա վտանգավոր մի պահ. Նման հանդիպումներից հայ երիտասարդները վերադառնում են թշնամու կերպարի փոփոխված ընկալմամբ, բոլորովին այլ վերաբերմունքով, իսկ որ ամենակարևորն է` սկսում են հանդուրժող դառնալ ամեն ինչի նկատմամբ: Իսկ դրա հետևանքը կարող է լինել հայի զգոնության բթացումը, ինչն արդեն ազգային անվտանգության խնդիր է:
Արմենուհի Կարեյան












