33 րոպե Ջավախքի մասին` ֆիլմի լեզվով
«Կար ժամանակ, երբ ժողովուրդն արևին ՎԱՀԵ էր կանչում: Ժողովուրդն ու Արևը դեռ Ջավախքում են»: Այս խոսքերը Ջավախքի մասին նոր վավերագրական «Վահե» ֆիլմի բնաբանն են: 33 րոպեների ընթացքում ֆիլմի հեղինակները ներկայացրել են Ջավախքում առկա խնդիրները. Հայաստանից տարվող դասագրքերը չեն թողնում հասցնել Ջավախք, վրացիներն անխնա ոչնչացնում են հայկական վիմագրերը, վրացական իշխանությունը սահմանափակում է հայերեն լեզվի կիրառումը, հայկական գյուղերի միջև արհեստականորեն վրացական գյուղեր են ստեղծվում, անգամ վրացի միանձնուհիների կողմից բառիս բուն իմաստով սվաղվում են հայկական հուշակոթողներին առկա հայկական նախշերը, սրբապատկերներն ու խաչերը:
Մտահղացման հեղինակ, «Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն Վահե Սարգսյանը պատմեց, թե ինչպես Ջավախքում հանդիպելով մի ծերունու` հարցրել են, թե որտե՞ղ կան հայկական գերեզմանատներ, որոնք կարող են Ջավախքի հայկականության վկաները լինել: Իմաստուն ջավախքցին խիստ զայրացել է ու ասել, թե ինքը կենդանի վկա է` մեռյալների՞ն են ման գալիս, չէ՞ որ ինքը և’ կոթող է, և’ վկա, և’ գերեզման: Ֆիլմից ակնհայտ է դառնում, որ դժվար է լեռնցի հայի կամքը կոտրել և հեռացնել նրան իր հայրենի հողից, քանի որ որքան հին է հայը, այնքան խոր արմատներ ունի ձգած իր հայոց հողում»:
«Վահե» ֆիլմն անդրադառնում է նաև վրացական իշխանության կողմից Ջավախքի նվիրյալ որդիների հալածանքներին, որոնց թվում են Վահագն Չախալյանը, Գրիգոր Մինասյանը, Գուրգեն Շիրինյանը: Նրանք մարդիկ են, ովքեր տեսնելով հայրենի հողում տեղի ունեցող վրացական իշխանության անօրինությունները` չլռեցին, բայց նրանց արդարության ձայնը վրացական իշխանությունները փորձեցին լռեցնել ճաղերից այն կողմ:
Ֆիլմը պատմում է տիպիկ հայկական հուշակոթողների հանդեպ ամենաթողության կամ դրանց ոչնչացման, իսկ որոշ դեպքերում` վրացականացնելու մասին: Ամենաթողության դաշտում են նաև եկեղեցիները, որոնք զուրկ են հայ քահանայից, իսկ քրիստոնյա ջավախքցին կարոտ է պատարագի և ժամերգության: Ֆիլմում խոսում է ամեն կադր` ներկայացնելով Ջավախքի և ջավախքցու խնդիրները, իսկ պարբերաբար լսվում է «Վահե» երգը` հայ գյուղացու մեկնաբանությամբ, որը գովերգում է Արևին և նրա ծագումը` հավատով, որ այդ Արևի շողը մի օր իսկապես կլուսավորի հայոց բնօրրանի մի անկյունը` Զաբախա-Ջավախա երկիրը, որը հիշատակում էր դեռևս Արգիշտի 1-ին արքան:
«Ֆիլմի ձևաչափը բավական հետաքրքիր էր` չորս երիտասարդներ միմյանց հետ զրույցի միջոցով ներկայացնում են Ջավախքի ողջ պատմությունն ու ներկայացնում խնդիրները: Պետք է նման գործերը եթեր տրվեն, որպեսզի բոլորը ծանոթանան Ջավախքի հիմնախնդիրներին»,- ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
Որպես ֆիլմի հերթական փուլ կամ երկրորդ ֆիլմի գաղափար` Շիրակ Թորոսյանն առաջարկեց խնդիրներին լուծումներ տալ, մանավանդ որ` ֆիլմում ջավախքցի երիտասարդներից մեկն անհանգստություն է հայտնում, թե ոչ մի քայլ չի ձեռնարկվում Ջավախքի և Հայաստանի Հանրապետության հայ ղեկավարության կողմից:
«Սամցխե-Ջավախքի մասին իրականությունը ներկայացնելու արգելքի վերացման ժամանակն է: Այսօր խոսում են Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա սահմանի բացման մասին` արտաքին աշխարհ ելք ունենալու համար, այնինչ իրական պատուհանը դեպի աշխարհ` Ջավախքն է»,- ասաց ֆիլմի ստեղծմանն աջակցած և նախաձեռնած «Ազգային նոր պահպանողական շարժման» նախագահ Էդուարդ Ափրամյանը:
«Հեթանոսական շրջանում հայ ժողովուրդն արևին Վահե էր ասում: «Վահեն» պետք է դառնա հայ ժողովրդին դեպի այդ արևն ուղղորդողը, իսկ որպեսզի արևը գտնողները շատ լինեն, ֆիլմը հանրությանը կհասնի և’ հեռուստատեսության, և’ տարբեր ցուցադրությունների միջոցով»,- ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Արմենուհի Կարեյան
Թեգեր` Արև, Գուրգեն Շիրինյան, Գրիգոր Մինասյան, հուշակոթող, միանձնուհի, Շիրակ Թորոսյան, Ջավախք, Վահագն Չախալյան, Վահե, ֆիլմ












