Արցախի հարցի մենաշնորհն այլևս պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Այսօր Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին, որպեսզի նրանց ներկայացնեն մոտ ապագայում տարածաշրջան այցելելու իրենց պլաններն ու նախապատրաստեն 2009 թվականի դեկտեմբերին կայանալիք Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը ԵԱՀԿ նախարարների Խորհրդի նիստի ընթացքում: Իսկ ընդամենը մի քանի օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մասնակցել են Վիեննայում կայացած «ԵԱՀԿ միջնորդական գործունեության քննարկում» սեմինարին, որի շրջանակներում նրանք հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի, Հունաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի ներկայացուցիչներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին շրջանի գործունեությունն աչքի է ընկնում ակտիվության նոր լիցքերի առկայությամբ: Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որոշակի խթան է դարձել ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված այդ ինստիտուտի համար: Սա ևս ապացույցն է այն փաստի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու ԼՂՀ հիմնահարցն, այնուամենայնիվ, մեկ ընդհանուր գլոբալ գործընթացի մասնիկներ են և հիմնականում պայմանավորված են մեկը մյուսով: Եվ թերևս այդ է պատճառը, որ Ֆրանսիան ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեն նկատելի ակտիվություն է ցուցաբերել հայ-թուրքական երկխոսության նախնական փուլում:
Սակայն այս պարագայում հարց է առաջանում, թե կոնկրետ ո՞րն է Մինսկի խմբի իրական առաքելությունը, և որտեղ են սկսվում ու ավարտվում նրանց լիազորությունների սահմանները: Չէ՞ որ այդ ինստիտուտի հիմնադրման մանդատում հստակ նշված է, որ համանախագահները պարտավոր են միայն առաջարկներ ներկայացնել հակամարտող կողմերին ադրբեջանա-արցախյան պատերազմին խաղաղ հանգուցալուծում գտնելու համար: Իսկ այսօր, երբ արցախյան հիմնահարցը վերածվել է գլոբալ գործընթացի մասնիկի, արդյոք այդ հանգամանքը ընդլայնո՞ւմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների իրավասությունների շրջանակը` տարածաշրջանային քաղաքական գործընթացներում: Իհարկե` ո’չ: Նույն հաջողությամբ արցախյան հիմնախնդիրը կարող է դառնալ Հայաստանի ներքաղաքական զարգացումների կարևորագույն գործոն, և դա ամենևին չի նշանակի, որ Ռոբերտ Բրադտկեն կամ Յուրի Մերզլյակովն իրավունք կստանան միջամտել մեր երկրի ներքաղաքական զարգացումներին: Եվ ուրեմն, եկել է ժամանակը, որպեսզի հայկական դիվանագիտությունը բարձրացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի հետագա գործունեությանն առնչվող մի շարք հարցադրումներ, մասնավորապես, պահանջելով հստակեցնել նրանց իրավական կարգավիճակն ու լիազորությունների սահմանները:
Մենք արդեն առիթ ենք ունեցել անդրադառնալու այն հարցին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կատարում իր վրա դրված պարտականությունները: Իսկ դրա համար առկա են բազմաթիվ` թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ, որոնք խանգարում են աշխարհաքաղաքական տարբեր նպատակներ հետապնդող գերտերություններին` միասնական եզրահանգման գալու այնպիսի կարևոր տարածաշրջանում, ինչպիսին է Հարավային Կովկասը:
Գոյություն ուներ միայն մեկ կարևոր հանգամանք, որը մեր տարածաշրջանում միավորում էր Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Եվրամիությանը: Դա խաղաղության և ստեղծված ստատուս-քվոյի պահպանումն էր Հարավային Կովկասում: Ռուսաստանին անհանգստություն էր պատճառում լարվածության այն մթնոլորտը, որը 90-ականների սկզբին ստեղծվել էր իր սահմաններին հարող տարածաշրջանում: Իսկ Արևմուտքը` ի դեմս ԱՄՆ-ի և Եվրոպական Միության, հետաքրքրված էր մեր տարածաշրջանով անցնող էներգակիր խողովակների անվտանգ գործունեությամբ: Այդ իսկ պատճառով, կողմերը համաձայնվել էին որոշ ժամանակով հրաժարվել իրենց աշխարհաքաղաքական շահերից, որպեսզի հնարավորություն ունենային ապահովել նվազագույն խնդրի լուծումը:
Սակայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը նախաձեռնեց Կոսովոյի անկախության միջազգային ճանաչումը, իսկ Վրաստանը փորձեց զենքի ուժով լուծել Հարավային Օսիայի հետ առաջացած հակամարտությունը, իրավիճակը մեր տարածաշրջանում կտրուկ փոխվեց: Արցախյան հիմնախնդրում խաղաղ կարգավորում որոնող ԱՄՆ-ն ու Ռուսաստանն այլևս նմանատիպ հարցերին սկսեցին մոտենալ հակադիր դիրքերից: Իսկ այս փաստն արդեն իսկ ակներև դարձրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող կողմերի բոլոր հակասություններն ու խնդիրները:
Դեռևս 2008 թվականի ամռանը հայկական դիվանագիտությունը պետք է բարձրաձայներ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության հարցը, ինչը չարվեց: Եվ այսօր, երբ արդեն ակնհայտ է, որ Մինսկի խումբը հավակնում է ստանձնել Հայաստանի արտաքին քաղաքականության վերահսկիչի դերը, զարմանալիորեն այդ հարցը դարձյալ չի բարձրացվում: Ինչո՞ւ: Մի՞թե հայկական կողմը դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի «խաղաղարար» գործունեության հետ կապված հույսեր է փայփայում: Եթե այո, ապա հարկ է նշել միայն այն փաստը, որ իր գործունեության ամբողջ ընթացքում Մինսկի խումբը լուծել է միայն մեկ խնդիր` մեկուսացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային քաղաքական գործընթացներից: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն այլևս Մինսկի խմբի մենաշնորհն է, և ոչ ոք իրավունք չունի խոսել Արցախի մասին` առանց համանախագահող երկրների հետ նախնական համաձայնության գալու: Կարծում եմ, որ հայկական կողմի համար այդ իրավիճակի անբարենպաստությունը լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն չունի:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Թեգեր` Մինսկի խումբ, Լեռնային ղարաբաղի հիմնախնդիր












