Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Շուշիի շենացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման հաստատումն է

Հոկտեմբեր 26, 2009թ. 17:03

Bako_SahakianԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի Ելույթը
Ռուսաստանցի հայ գործարարների բարերարների հետ հանդիպման ժամանակ

/Մոսկվա, 25 հոկտեմբերի 2009 թ./

Հարգելի հայրենակիցներ,

Թանկագին բարեկամներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ուրախ եմ, որ այսօր առիթ ունեմ հանդիպել ձեզ հետ, ողջունել եւ հաղորդել բոլորիդ իմ խորին հարգանքը:

Մոսկվայում մեր հայրենակիցների հետ հանդիպումներն արդեն իսկ դարձել են ավանդական, ինչն ամենեւին էլ պատահական չէ: Ռուսաստանը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի  դաշնակիցն ու բարեկամը, եւ դուք` լինելով նրա քաղաքացիները, մի յուրօրինակ կամուրջ եք հանդիսանում ձեր երկու հայրենիքների միջեւ, ապրում եւ արարում եք նրանց օգտակար լինելու գաղափարով:

Այս դահլիճում հավաքվել են մարդիկ, ովքեր միշտ սատարել են Արցախ աշխարհը շենացնելու ու բարգավաճ դարձնելու գործին, ում համար հեռավոր հայրենիքի հոգսը իրենց սեփական հոգսն է, հարազատ ժողովրդի ցավը` իրենց ցավը:  Ձեր մեջ վառ է հայրենասիրության զգացումը, որը հրաշքներ է գործել պատերազմի դաշտում եւ որը, վստահ եմ, մեզ կոգեշնչի նաեւ այժմ, քանի որ պակաս կարեւոր չեն խաղաղ պայմաններում մեր առջեւ ծառացած խնդիրները, որոնք նույնպես պահանջում են արագ եւ արդյունավետ լուծումներ:

Այդպիսի հրատապ խնդիր է հինավուրց հայկական բնակավայրերից մեկի` Շուշիի վերականգնումն ու զարգացումը, քաղաք, որը դարեր շարունակ եղել է Արցախի քաղաքական, հոգեւոր եւ մշակութային կենտրոնը: Մենք ուզում ենք վերակենդանացնել Շուշիի երբեմնի փառքը, քաղաքը դարձնել ժամանակակից, ծաղկուն ու զարգացող: Եվ այն, որ դուք հիմա այստեղ եք, լավագույնս վկայում է, որ ձեզնից յուրաքանչյուրի համար, անկախ նրանից, թե որտեղ եք բնակվում, կարեւոր է մեր փոքրիկ հայրենիքի մի մասնիկի` Շուշիի զարգացումը, նրա ներկան ու ապագան, եւ պատրաստ եք ձեր ուժերի ներածին չափով մասնակից լինել այս կարեւորագույն գործընթացին:

Արցախի հին մայրաքաղաքի վերականգնումը կենսական նշանակություն ունի հայոց անկախ պետականության համար: Պատմականորեն Շուշին բազմաբնույթ դերակատարություն է ունեցել ոչ միայն Արցախի, այլ ողջ հայ ժողովրդի կյանքում: 18-19-րդ դարերում այն հանդիսանում էր նաեւ Անդրկովկասի ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտակրթական կենտրոններից մեկը:

20-րդ դարի սկզբներին քաղաքում գործում էին տասնյակ գործարաններ, կրթական ու մշակութային օջախներ, լույս էր տեսնում 22 անուն թերթ` հայերեն եւ ռուսերեն լեզուներով,  տնտեսական սերտ կապեր ուներ Ռուսաստանի, Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի խոշոր քաղաքների հետ:   Շուշին տվել է նաեւ գիտական, մշակութային, ռազմական, քաղաքական գործիչների մի ողջ համաստեղություն:

Քաղաքի պատմության ամենաողբերգական շրջանը 20-րդ դարի սկիզբն էր: 1905 թվականին քաղաքում կազմակերպվեց հայկական առաջին կոտորածը, որի զոհը դարձան հարյուրավոր անմեղ մարդիկ: 1918-1920 թվականներին Շուշին եղել է Արցախի ազատագրական շարժման կենտրոնը, ինքնակառավարվող Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: 1920 թվականին քաղաքը ավերվում է ու հայաթափվում:

Արցախյան պատերազմի տարիներին Շուշին դարձել էր ադրբեջանական ամենախոշոր ռազմական հենակետերից մեկը` մահ սփռելով մայրաքաղաք Ստեփանակերտի եւ հարակից հայկական բնակավայրերի վրա:

1992 թվականի մայիսի 9-ը շրջադարձային եղավ եւ Արցախի, եւ համայն հայության համար.  ազատագրվեց Շուշին, ինչը մեծ ոգեւորություն առաջացրեց աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մեր հայրենակիցների սրտերում: Սարդարապատից հետո սա մեր ամենամեծ հաղթանակն էր, հաղթանակ եւ ռազմական, եւ հոգեբանական տեսակետից:

Շուշիի ազատագրումը մեր ժողովրդի ենթագիտակցության մեջ արթնացրեց հավատը սեփական ուժերի հանդեպ, համախմբված ու միասնաբար հաղթանակի հասնելու  վստահությունը, ազատ ու անկախ պետականություն կերտելու վճռականությունը: Այս մեծ հաղթանակը համահայկական էր իր բնույթով: Շուշիի ազատագրմանը մասնակցում էր ողջ հայ ժողովուրդը, համայն հայությունը նյութական ու բարոյական աջակցություն էր ցուցաբերում Արցախին եւ աղոթում Աստծուն` պատմական արդարությունը վերականգնելու խնդրանքով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները Շուշի քաղաքի եւ ամբողջ շրջանի զարգացումը դիտում են որպես ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող խնդիր: Այդ իսկ պատճառով նախատեսում ենք Շուշի տեղափոխել մի շարք պետական մարմիններ եւ գերատեսչություններ` հանրապետության դատական համակարգը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, պաշտպանության բանակի որոշ ստորաբաժանումներ, գրողների միությունը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղը եւ մի շարք այլ օղակներ: Համոզված ենք, որ այս միջոցառումները նոր լիցք կհաղորդեն քաղաքի զարգացմանը:

Շուշիի շենացման գործում մեծ դեր են կատարում տարբեր հիմնադրամներ ու կազմակերպություններ,  անհատ բարերարներ, ում մեր ժողովուրդը խորապես երախտապարտ է:

Բարեկամներ, անելիքները Շուշիում շատ են եւ բազմաբնույթ` բնակելի շենքերի, կրթական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, մշակութային օջախների, ճանապարհների, ջրամատակարարման ցանցի եւ այլ օբյեկտների կառուցում եւ վերանորոգում:

Շուշիի զարգացումը արժանապատվության խնդիր է: Նրա շենացումը ցույց կտա աշխարհին մեր միասնականությունը եւ միակամությունը` ազգային արժեքների պաշտպանության, անկախ եւ ինքնիշխան պետության շարունակական զարգացման ու զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ միասին մեզ կհաջողվի արդյունավետորեն լուծել նաեւ այս խնդիրը եւ արձանագրել մեր ընդհանուր հերթական հաղթանակը:

Շնորհակալություն:



Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն