« Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես Հայոց պատմության ամենասեվ էջը»
Հայ Ազգային կոնգրեսը հոկտեմբերի 27-ի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ` այն որակելով «ցինիզմով աննախադեպ ու սահմռկեցուցիչ մի ոճիր»: Ուղիղ տասը տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, խորհրդարանում նիստի ժամանակ գնդակահարվել են Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահի տեղակալներ Ռուբեն Միրոյանը և Յուրի Բախշյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը, կառավարության անդամ Լեոնարդ Պետրոսյանը:
«Ոճիրն ինքնին, առավել ևս իր հետևանքներով դարձավ Հայոց պատմության ամենասև օրերից մեկը, անկախության շրջանի քաղաքական ընթացքի բախտորոշ ջրբաժանը. գնդակահարվեց ժողովրդավարությունը, վերացվեց Հայաստանում վերջին ժողովրդավարական ընտրության արդյունքը: Երկու ամենաազդեցիկ ու ժողովրդական գործիչների` երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների սպանությամբ խաթարվեցին այն հակակշիռները, որոնք ժողովրդավարության պահպանման, առողջ քաղաքական կյանքի գրավական էին և արգելապատնեշ` բռնատիրական մենիշխանության հաստատման ճանապարհին»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ ՀԱԿ հայտարարության, հոկտեմբերի 27-ը պետական հեղաշրջմամբ իրականցված իշխանության բռնազավթում էր ահաբեկչության ճանապարհով:
«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես Հայոց պատմության ամենասև էջը, եթե նույնիսկ ինչ-որ ժամանակ վերացվեն դրա հետևանքները: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես հայկական պետականության ճակատի ամոթալի խարանը, քանի դեռ չեն բացահայտվել հրեշավոր այդ մտահղացման հեղինակներն ու պատվիրատուները»,- ասված է հայտարարության մեջ:












