Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խնդիրը երրորդ երկրների դիտակետից-Ռուսաստան
«ԱՐՄԱՐ» կայքը շարունակում է ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի զրույցների շարքը` վերտառության մեջ նշված թեմայով: Այս զրույցում փորձ է արվում խնդիրը դիտարկել մոսկովյան Կրեմլի աշտարակներից:
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Երևի թե հարկ չկա ապացուցելու, որ Ռուսաստանն «այս գործին» ամենից մոտիկ ու ամենից սերտ առնչվող պետությունն է: Երեկ նա տեր ու տիրակալ էր Հարավ-կովկասյան տարածաշրջանում, բայց և հանդուրժեց, որ իր տիրապետության տակ գտնվող Արևելյան Անդրկովկասում տեղի ունենա բնիկ ժողովուրդներից մեկի` ադրբեջանահայության ցեղասպանությունը: Երեկ նա տեր ու տիրակալ էր տարածաշրջանում, իսկ այսօր այդ տարածաշրջանը հետևողականորեն դուրս է բերվում նրա ազդեցության գոտուց: Բայց դուրս եկողները չեն բաժանվում որպես իրենց նախկին «ավագ եղբոր» ընկերներ ու բարեկամներ. Վրաստանը` անթաքույց թշնամանքով լեցուն դեպի Ռուսաստանը, Բաքուն` դժվար քողարկվող թշնամությամբ:
ԽՍՀՄ լուծարումից հետո Անկարան Ադրբեջանական Հանրապետության վրա դրել էր թուրքական աշխարհի եվրոպական ու ասիական ծայրերը միացնող օղակի դերը, որին նաև առաքելության իմաստ է վերագրվում: Ահա թե ինչու ԽՍՀՄ լուծարումից հետո Մոսկվան տարածաշրջանի քաղաքական հեռանկարում Բաքվին տեսնում էր որպես Թուրքիայի բնական դաշնակից ու նույնիսկ կցորդ: Հետխորհրդային իրողությունների դաշտում գոնե աշխարհին ուղղված քարոզչական պաստառներին Բաքուն և Անկարան տարփողում էին, որ իրենց միավորում են ոչ միայն կասպիական էներգակիրները դեպի Եվրոպա արտահանելու ծրագրերը: Երկու երկրների ղեկավար օղակներում հատուկ ջերմությամբ խնամվում էր «Մեկ ժողովուրդ` երկու պետություն» սկզբունքը, որը գծում էր «բարեկամության այն հավերժական սահմանը», որից այն կողմ չէին կարող անցնել կողմերը երրորդ երկրների հետ իրենց հարաբերություններում: Եվ այդ «երրորդ երկրների» մեջ, ինչպես և պետք էր սպասել, առաջին տեղերից մեկում Ռուսաստանն էր:
Հետխորհրդային գրեթե երկու տասնամյակների ընթացքում իր թուրքամետությունը Բաքուն փորձում էր շղարշել Ռուսաստանին ուղղված տարաբնույթ «սիրո ակնարկներով» ու Մոսկվայի ոտքը տնտեսական կապերով կապելու քաղաքականությամբ: Նպատակը մեկն էր` տարածաշրջանում ամեն կերպ նվազեցնել Հայաստանի գործոնը և փորձել ստանալ Մոսկվայի բարեհաճությունը կամ գոնե լոյալությունը Ղարաբաղյան հարցում: Պետք է նկատել, որ դա, այնուամենայնիվ, ազդել է Մոսկվայի քաղաքականության վրա, որն արտահայտվել է տարածաշրջանում ռուսական քաղաքականության անորոշությամբ ու անվճռականությամբ:
Եվ ահա, կովկասյան ուղղությամբ արտաքին քաղաքական ուղեգծի տասնհինգամյա անորոշությունից հետո 2008թ. օգոստոսին միայն, երբ «դանակը ոսկորին հասավ», Մոսկվան կատարեց վճռական քայլ` ճանաչելով Աբխազիայի ու Օսեթիայի անկախությունը: Հակառակ այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ պակաս զորավոր իրավական հիմքեր ուներ ճանաչվելու համար, Մոսկվան ձեռնպահ մնաց դրանից, չնայած վստահ էր, որ Հարավային Օսեթիայում Վրաստանի ռազմական գործողության հաջողության դեպքում Ադրբեջանը չէր հապաղի հարձակվել ԼՂՀ-ի վրա: Ճիշտ այնպես, ինչպես Արևմուտքը Կոսովոյի անկախությունը ճանաչելը չկապեց համանման խնդիրների /և առաջին հերթին` Ղարաբաղյան խնդրի/ հետ` Կոսովոն որակելով որպես «առանձնահատուկ դեպք», ճիշտ այդպես Մոսկվան Ղարաբաղյան խնդիրը առանձնացրեց Օսեթիայի ու Աբխազիայի դեպքերից` դրանց ճանաչումը հիմնավորելով Թբիլիսիի կողմից վարվող ցեղասպանության քաղաքականությամբ, կարծես Բաքուն ողջ Արևելյան Անդրկովկասում ու Ղարաբաղում ցեղասպանության նույն քաղաքականությունը չէր տարել: Մոսկվայի այդ որոշման վրա, ամենայն հավանականությամբ, ազդել է նաև Թուրքիայի միջամտությունը: Երբ ռուսական տանկերը շարժվում էին դեպի Ցխինվալի, Թուրքիայի վարչապետը շտապ կարգով ժամանեց Մոսկվա` վստահեցնելով վերջինիս, որ ինքը հատուկ ակտիվություն չի ցուցաբերի վրացական իրադարձությունների կապակցությամբ և հասկացնելով Բաքվին, որ Ռուսաստանի նկատմամբ անզգույշ քայլեր չձեռնարկի:
Ամենայն վստահությամբ կարելի է պնդել, որ Ռուսաստանի նախագահի ու վարչապետ Էրդողանի հանդիպումներում հիշատակվել է Կարսի պայմանագիրը, որի տակ դրված են նաև Ռուսաստանի ու Թուրքիայի ստորագրությունները: Բանն այն է, որ կողմերը պայմանագրին անդրադարձել են նաև աջարական դեպքերի կապակցությամբ, երբ Սահակաշվիլին ճնշում էր խռովարար Աբաշիձեին: 2004-ի այդ օրերին Մոսկվան ու Անկարան հիշեցրին տարածաշրջանի երկրներին, որ Կարսի պայմանագիրը միակ իրավական փաստաթուղթն է, որով կարելի է կարգավորել տարածաշրջանային հարցերը: Էրդողանի Մոսկվա կատարած այցից հետո Բաքուն «փոխեց ձայնը», իսկ Անկարան որոշեց հրաժարվել շեշտված կեցվածքով որպես Արևմուտքի առաջադիրք Ռուսաստանին հակադրվելու քաղաքականությունից և նոր շեշտադրումներ մտցնել իր արտաքին մարտավարության մեջ: Թափ առան տնտեսական համագործակցության նոր ծրագրեր, որոնցից ամենանշանակալիցը Թուրքիայով Ռուսաստանի գազը «Հարավային հոսքով» Եվրոպա հասցնելու նախագիծն էր: Թուրքիայի համար օգուտը եռակի էր: Նախ, նա դառնում էր տարանցիկ երկիր ռուսական գազի համար /իրականում Անկարան ցանկանում է Եվրոպայի համար դառնալ ռուսական ու միջինասիական էներգակիրների վերավաճառող` յուրօրինակ բաշխիչ կետ/, ինչը տնտեսապես ձեռնտու էր երկու կողմերին էլ: Այնուհետև ինքը հատուկ հարաբերությունների մեջ էր հայտնվում Ռուսաստանի հետ: Եվ վերջապես, Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի վրա ազդելու որոշակի «գործընկերային լծակներ» է ձեռք բերում: Խողովակաշարերը, բնական է, փոխադարձ կախվածության մեջ են դնում Ռուսաստանին և Թուրքիային, և այդ հանգամանքը չի կարելի անտեսել:
Թուրքիայի ու Հայաստանի Հանրապետության սահմանի բացումը նոր շեշտեր է դնում տարածաշրջանի և հարակից երկրների տնտեսական ծրագրերի վրա: Պատահական չէ, որ ցյուրիխյան փաստաթղթերի ստորագրումից անմիջապես հետո Ռուսաստանը, որի ձեռքում այսօր «գտնվում են» հայկական երկաթգծերը, պատրաստակամություն հայտնեց մասնակցելու երկու պետությունների միջև երկաթուղային կապի վերաբացմանը: Մոսկվան, ինչպես տեսնում ենք, չհապաղեց անմիջապես բացահայտել հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից տնտեսական օգուտներ քաղելու իր մտադրությունը: Դրան հաջորդեց Բաքվի ու Մոսկվայի միջև կայացած տնտեսական գործարքը:«ՙԱնկարայից վիրավորված Բաքուն» պայմանագիր կնքեց Մոսկվայի հետ կասպիական գազը Ռուսաստանին վաճառելու մասին:
Տնտեսական շահը որոշակի պայմաններում վերածվում է քաղաքական շահի ու գործոնի, ինչը կարող է անդրադառնալ Ռուսաստանի ու Հայաստանի Հանրապետության հարաբերությունների վրա այն իմաստով, որ դա կնպաստի մի կողմից` Անկարայի ու Բաքվի և մյուս կողմից` Մոսկվայի մերձեցմանը: Սակայն աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում Ռուսաստանը օբյեկտիվորեն չի կարող զիջել իր դիրքերը Հայաստանում, քանի որ ակնհայտ է, որ Թուրքիան այդ դեպքում որակապես այլ ախոյան ու մրցակից է դառնում: Պետք է ենթադրել, որ Մոսկվայում դա հրաշալի գիտակցում են: Գիտակցում են, որ Հայաստանի հաշվին Թուրքիային ու Ադրբեջանական Հանրապետությանը ընդառաջ գնալու քաղաքականությունը որոշակի թույլատրելի սահման ունի: Սակայն Երևանը պետք է ուշի ուշով հետևի մոսկովյան քաղաքական տրամադրություններին: Այնտեղ կարող է նշանակալից դառնալ թուրքոֆիլ քաղաքագետների ու «անհայտ ծագման փորձագետների» ազդեցությունը, ինչպես դա եղել է անցյալ դարի քսանական թվականներին: Այսօր դա կատարվում է եվրասիականության, ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին գաղափարական քողի տակ: Նոր թուրքասերների կողմից հասարակական գիտակցության մեջ ներդրվող հիմնական գաղափարը Ռուսաստանի համար հայկական գործոնի ու Հայաստանի ռազմավարական նշանակության արժեզրկումն է: «Հայաստանից մենք քամել ենք այն ամենը, ինչ հնարավոր է եղել քամել: Այլ օգուտներ մենք այնտեղից ստանալ չենք կարող: Այնինչ` Ռուսաստանի համար Ադրբեջանն ու Թուրքիան դեռ չօգտագործված զուտ տնտեսական ու աշխարհաքաղաքական ռեսուրսներ ունեն: Մենք պետք է դեմքով շրջվենք դեպի այդ երկրները». մոտավորապես այսպես կարելի է ձևակերպել այն գլխավոր միտքը, որ ժամանակ առ ժամանակ հնչում է ռուս և «ռուս» քաղաքագետների ելույթներում: Մեր գործը պետք է լինի Ռուսաստանի համար Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակության անանց ու անսպառելի բնույթի հիմնավորումը կամ դրա` որպես ակնհայտ մի բանի, մատնացույց անելը:
Սակայն հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ Ռուսաստանի առնչությունները չեն սպառվում եվրասիականության մասին հայեցակարգերում դրանց հեռանկարների քննարկումներով: Կան հարաբերություններ, որոնք արձանագրված են պայմանագրերում և որոնք պահանջում են նոր իմաստավորում` կապված ԽՍՀՄ լուծարումից հետո ձևավորված տարածաշրջանային նոր իրադրության հետ: Միջպետական բնույթի այդ պայմանագրերի մեջ կարևորագույն դեր ունեն ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագիրը և Կարսի բազմակողմ պայմանագիրը: Հետխորհրդային շրջանում այդ պայմանագրերի մասին մինչև 2004-ի աջարական դեպքերը Ռուսաստանի կողմից «խուլ լռություն» է պահպանվել, ինչը բնավ չի նշանակում, թե Անկարան ու Մոսկվան «ներքին զրույց» չեն ունեցել դրանց վերաբերյալ: Բայց նույնիսկ աջարական դեպքերը առիթ չդարձան Մոսկովյան ու Կարսի պայմանագրերի հրապարակային լայն արծարծումների համար: Մոսկվան ու Անկարան բավարարվեցին հայտարարությամբ այն մասին, որ Կարսի պայմանագիրը գործում է, Թբիլիսին ներքին քննարկումներ կազմակերպեց, բայց պաշտոնական բնույթ չտվեց դրան, իսկ Հայաստանը պահպանեց լռություն: Այսօր, այն բանից հետո, երբ հրապարակի վրա են հայ-թուրքական ստորագրված Արձանագրությունները, խորհրդային տարիներին անփոփոխ մնացած Կարսի պայմանագիրը փաստորեն դուրս է բերվել ներքին քննարկումների դաշտից և դարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնակետ նոր պայմաններում, երբ չկա Խորհրդային Միությունը, բայց կա նրա իրավահաջորդը` Կարսի պայմանագիրը ստորագրած Ռուսաստանի Դաշնությունը: Ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի Դաշնության վերաբերմունքը Կարսի պայմանագրի նկատմամբ հայ-թուրքական հարաբերությունների վերափոխման փուլում:
Պետք է ենթադրել, որ ՀՀ առաջին նախագահից սկսած` Թուրքիայի հետ «վարագույրից այն կողմ» վարվող բանակցությունների մասին մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը տեղյակ պետք է լիներ «առաջին ձեռքից»` ՀՀ իշխանություններից: Եթե դա այդպես է, Մոսկվայի համար հայ-թուրքական արձանագրությունները անակնկալ չէին կարող լինել: Թե ներքին կարգով տեղի ունեցած երկկողմ խոհրդակցություններում ինչ է ասվել Մոսկովյան ռուս-թուրքական և Կարսի պայմանագրերի մասին, գիտեն միայն այդ «վստահության զրույցների» մասնակիցները: Չի բացառվում սակայն, որ կողմերը «հեռու-հեռվից» իրար հասկանալով, լռությամբ շրջանցեին թեման, հակառակ այն բանի, որ Հայաստանում տարբեր կարգի քաղաքական ու հասարակական գործիչներ պարբերաբար հասարակական հնչեղություն են տվել այդ պայմանագրերին` հատկապես ընդգծելով Մոսկովյան պայմանագրի աղաղակող հակաիրավական ու ապօրինի բնույթը:
Մեզ հայտնի չէ, թե նշված տարբերակներից որ մեկն է համապատասխանում իրականությանը, չնայած ռազմավարական դաշնակիցների համար ավելի բնական կլիներ, որ առաջին մոտեցմամբ ենթադրվող քննարկումները կայացած լինեին, ինչը բնական կլիներ անկեղծ ու փոխադարձ վստահելի հարաբերություններ հաստատող երկու պետությունների ու ժողովուրդների համար: Սույն վերլուծությունը կշահեր, եթե հենվեր հավաստի տեղեկացվածության վրա այն մասին, թե եղե՞լ է արդյոք վստահության ու անկեղծության մթնոլորտում կարծիքների փոխանակում Երևանի ու Մոսկվայի միջև հիշատակված պայմանագրերի շուրջ, եթե իմանայինք, թե ինչպիսին է եղել կողմերի դիրքորոշումները դրանց վերաբերյալ և վերջապես հավաստի տեղեկություններ ունենային այն մասին, թե հանգե՞լ են նրանք արդյոք ինչ-որ պայմանավորվածությունների: Վստահաբար կարելի է ասել մի բան. Երևանը երբեք չի դրել Մոսկվայի համաձայնությամբ Կարսի պայմանագիրը մեր օգտին շրջելու հարցը, ինչի հնարավորությունը նոր իրադրության մեջ կա և որը մեր կողմից հիմնավորվել է պայմանագրին նվիրված մեր գրքույկում /տես`«Նախիջևանյան հիմնախնդիր… Հին ու նոր հարցադրումներ Կարսի պայմանագրի մասին», Երևան, 2009/: Մենք վստահությամբ կարող ենք ասել, որ նման հարցադրման շուրջ քննարկումներ Մոսկվայի հետ չեն եղել, քանի որ նախընթաց տարիներին հայ քաղաքագիտական քննարկումներում տիրապետող էր միայն այդ պայմանագրերը մերժելու մտայնությունը: Բայց անկախ այն բանից` եղել են, թե չեն եղել վստահության երկխոսություններ Մոսկվայի ու Երևանի միջև, Մոսկվան ունի սեփական շահեր, որոնք նա կպաշտպանի` անկախ նման երկխոսությունների լինել-չլինելու փաստից:
Այժմ ` Կարսի պայմանագրի հետ կապված Մոսկվայի շահերի մասին:
Անկասկած է, որ Ռուսաստանը չէր ցանկանա, որ Մոսկովյան ու Կարսի պայմանագրերի ապօրինությունը որպես մեղադրանք հնչեր իր հասցեին: Այն, որ ինքը 1991-ից հետո չի անդրադարձել խայտառակ գործարքի արդյունքում բոլշևիկյան Ռուսաստանի կողմից կնքված այդ պայմանագրերի վավերական չլինելու հարցին, խոսում է այն մասին, որ ինքը նպատակահարմար չի գտնում խնդրի նման վերանայումը: Նման վերանայումը հնարավոր կլիներ այն դեպքում, եթե նոր Ռուսաստանը դատապարտեր բոլշևիզմի հակառուսական քաղաքականությունը, բացահայտեր նաև Ռուսաստանի դեմ կնքված այդ պայմանագրի հրեշավոր իմաստը: Բայց այն է, որ Ռուսաստանը դա չի անում, խոսում է միայն մի բանի մասին. նա պարզապես նպատակահարմար չի գտնում դա անել: Եվ նկատառումները միայն բարոյական բնույթ չունեն: Հազիվ թե նոր Ռուսաստանը հանուն իր ռազմավարական դաշնակցի /որն առանց այն էլ դաշնակից է/ իր հարաբերությունները արմատապես փչացնի Թուրքիայի /ու նաև Ադրբեջանի/ հետ: Դա հատկապես անհավանական մի բան է մանավանդ մեր օրերում, երբ Ռուսաստանը դարձել է Թուրքիայի ամենախոշոր տնտեսական գործընկերը, երբ այդ երկու երկրները կապվել են դեպի Եվրոպա գնացող նավթային կարևոր երակով: Նշված նկատառումները բավարար են, որպեսզի վստահ լինենք, որ Ռուսաստանը հեշտությամբ անվավեր չի ճանաչի իր իրավախորդի կողմից կնքված մի պայմանագիր, որի ապօրինության հարցում ինքը, պետք է ենթադրել, կասկածներ չունի: Նրան նոր գլխացավ պետք չէ, մանավանդ տեսանելի չեն այն ռեալ օգուտները, որ նա կարող է դրանից ստանալ:
Թուրքիան, որին մենք կանդրադառնանք հատուկ, այդ իմաստով Ռուսաստանի հետ գտնվում է հայելային սիմետրիայի դիրքում: Նա նույնպես շահագրգռված է պահպանել Կարսի պայմանագրով սահմանված /հաստատված/ ստատուս քվոն, վստահ լինելով, որ ինքը դրանից շահում է թե տնտեսական, թե քաղաքական իմաստներով:
Վերադառնալով գլխավոր թեմային` Ռուսաստանի վերաբերմունքին Մոսկովյան և Կարսի պայմանագրերի նկատմամբ, պետք է նկատել, որ դրանց վավեր կամ անվավեր լինելու հարցին նա կարող է անդրադառնալ, եթե Հայաստանի Հանրապետության խորհրդարանը պաշտոնապես դիմի Մոսկվային նման հարցով: Եվ եթե Մոսկվան սեփական շահերից բխող վճռական դրդապատճառներ չունենա /իսկ այս պահին նա դրանք ակնհայտորեն չունի/, ապա մենք կստանանք իրավաբանորեն արտակարգ գրագետ ու համոզիչ մի մերժում, որը մեզ համար կունենա նվաստացուցիչ պատասխանի տեսք: Մոսկվայի հնարավոր պատասխանի փաստարկների փաթեթում մասնավորապես կա այն փաստարկը, որ Խորհրդային Ռուսաստանը Կարսի պայմանագրի անմիջական կողմ չէ, որ Հայաստանի Հանրապետությունը այն ստորագրել է որպես ինքնիշխան պետություն, և որ նա այսօր որպես ինքնիշխան պետություն այդ պայմանագրի վավերության կամ անվավերության հարցը պետք է լուծի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, քանի որ այդ երկու երկրների հետ կապված հարցեր են քննարկվել Կարսում /խոսքը Իգդիրի, Սուրմալուի, Նախիջևանի մասին է/:
Ինքնին պարզ է, որ եթե հարցը քաղաքական հարթության վրա նախապես համաձայնեցված չէ Մոսկվայի հետ /այսինքն` եթե չկա նախնական փոխադարձ պայմանավորվածություն/, ապա Մոսկվան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի այդ դիմում-պահանջը կընկալի ոչ միայն որպես սոսկ իրեն ուղղված հանդիմանություն, այլև որպես մեղքի խոստովանության և «թքածը լիզելու» պահանջ: Հազիվ թե Մոսկվան դրան գնա:
Ինքնին պարզ է նաև, որ եթե Ռուսաստանին մի օր անհրաժեշտ եղավ օգտվել Կարսի պայմանագրի թույլ կողմերից, եթե հարմար պահ գտնի, ապա նրան երկար համոզել պետք չի լինի այդ քայլին դիմելու համար:












