Էրդողանի հարցազրույցը «Էլ Ջազիրա» հեռուստաալիքին
«Մինչ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը, այդ մասին արդեն Ադրբեջանին փոխանցվել էր անհրաժեշտ տեղեկությունը»: Այս խոստովանությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն արել է «Էլ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Վերլուծելով տարածաշրջանային խնդիրները, նա դարձյալ կրկնել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախ և առաջ անհրաժեշտ է, որպեսզի Կովկասյան տարածաշրջանում կայունություն հաստատվի: Ավելին, նա դարձյալ համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը:
Էրդողանը մեկ անգամ ևս ակնարկել է, որ արձանագրությունների ստորագրումը դեռ չի նշանակում, որ սահմանը պետք է բացվի, քանի որ վերջնական խոսքը խորհրդարանականներինն է:
Թուրքիայի վարչապետը անդրադարձել է նաև Իսրայելի և Իրանի խնդիրներին:
Նա կրկին քննադատել է Գազայի երկրամասում Իսրայելի զինված ուժերի կողմից կատարվող գործողությունները, մեղադրելով Թել Ավիվին մասսայական ոչնչացման զենք կիրառելու մեջ: Բայց մյուս կողմից նաև շեշտել է, որ Թուրքիան չի պատրաստվում խզել հարաբերությունները Իսրայելի հետ:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա ըստ Էրդողանի, վերջինիս նկատմամբ կիրառվող ճնշումներն անարդարացի են: Նա շեշտել է, որ մի շարք երկրներ ևս փորձում են ստեղծել մասսայական ոչնչացման զենք, ինչի մասին միջազգային կառույցները տեղեկացված են, սակայն նրանց նկատմամբ պատժամիջոցներ չեն ձեռնարկվում:
Քրիստինե Մելքոնյան












