Գլխավոր » Լրահոս

Հանցագործություն՝ ուղղված ազգիս ու երկրիս դեմ

Հոկտեմբեր 27, 2009թ. 12:30

Եվս մեկ տարի գլորվեց, ու նորից եկանք-հասանք այն զարհուրելի օրվան, որը ճակատագրական շրջադարձ ունեցավ մեր երկրի համար։ Արդեն 10-րդ անգամ այս օրը նորից վերապրում ենք այն սարսուռն ու մեծ ցավը, որը տարիների հետ չի

սփոփվում, չի մեղմանում, որն անցնող տարիների հետ չի վերանա երբեք։ Անցնող ժամանակի հետ միայն ավելանում է ինչու-ների ու հարցականների շարքը, որոնց, ցավոք սրտի, ամեն մեկս փորձում ենք տալ մեր պատասխանը։ Թե ինչո՞ւ և ինչպե՞ս տեղի ունեցավ այդ ամենն իրականում, գիտի միայն այն մեկը, ում հրահանգով կազմակերպվեց ու կոծկվեց մեծագույն մի հանցագործություն՝ ուղղված ազգիս ու երկրիս դեմ։ Սպանվեցին` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ: Մոտ երեք տարի տևած դատավարությունն այդպես էլ պատասխան չտվեց մեզ հուզող հարցին, չցրեց այն կասկածը, որ ահաբեկիչներն առանց օժանդակության կարող էին իրագործել հրեշավոր այդ ծրագիրը: Այդ սահմռկեցուցիչ հանցանքի համար միայն մեկ պատիժ կարող էր լինել… չեղավ։ Աշխարհի մարդասիրությունը՝ ցմահ ազատազրկման տարբերակով, եկավ ու մեզ հասավ հենց սրանց դատապարտելու ժամանակ։

Մի քանի վայրկյանում կանգ առավ մեզ համար գրված պատմության ընթացքը։ Նոր ճանապարհը նոր ուղի բացեց, բայց… ո՞րն էր մեր, այն միակ ու ճիշտ ճանապարհը, որ պետք է անցնեինք։ Գուցե այն, որ կիսվեց ու ընդհատվեց, գուցե այն, որ գնդակահարվեց…

Գոհար Փիլթոյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն