Ազգային ժողովի բակում բացվեց «Հոկտեմբերի 27-ի» զոհերի հուշարձան-կոթողը
Ազգային ժողովի բակում բացվեց 1999-ի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը, որի հեղինակը քանդակագործ Երվանդ Քոչարն է: Այսօր հուշակոթողի բացման արարողությանը ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Հուշակոթողի բացումից առաջ ելույթ ունեցավ ԱԺ նախագահը և, մեջբերելով նախագահ Սարգսյանի ուղերձից, նկատեց. «Այսօր առավել, քան երբեւէ մեր ժողովրդին միաբանություն է պետք, մեր հավաքական ինքնությունը պետական կյանքին հասու դարձնելու կարողություն է պետք: Սա է ապագայի մեր ճանապարհը»:
Ողբերգական իրադարձության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը նկատեց, որ Քոչարի ստեղծագործության մոտիվները ընտրված են ճիշտ և դիպուկ:
«Ես ծանոթ եմ այս գործին: Այն փոխաբերությունը, այն ենթատեքստը, որ ունի կոթողը, ճիշտ է ընտրված, նրբորեն մտածված: Քոչարն իր մեջ պարունակում է այնքան մեծ վիշտ, խորը ցավ, կորուստ, որ դրանք ճիշտ տեղին է օգտագործել քանդակի մեջ», – ասաց տիկին Դեմիրճյանը:
Հուշակոթողը բացեցին տիկին Ռիմա Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանի մայրը` տիկին Գրետա Սարգսյանը:
ArmAr.am












