Հունան Պողոսյան. «Լրագրողների դեմ բռնարարքների գործերով բացահայտման ռեալ հեռանկարներ կան»։
Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայաստանյան մի շարք լրագրողների դեմ կատարված հարձակումների, ծեծի, բռնությունների դեպքերով հարուցված քրեական գործերին՝ այդ թվում «Հետք»–ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի, «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի, «Ազատություն» ռադիոկայանի խմբագիր Հրաչ Մելքումյանի և այլ լրագրողների դեմ բռնարարքներին։
Հունան Պողոսյանը նշել է, որ բոլոր դեպքերի համար առանձնացվել են խմբեր, որոնք լրջորեն աշխատում են։ ԿԴՀՊ գլխավոր վարչության ղեկավարը սակայն նշել է, որ այս պահին որևէ դեպքով որևէ բացահայտում իրենք չունեն։
Ի պատասխան այն հարցադրմանը, թե եթե ոստիկանությունը չի կարողանում բացահայտել դեպքերը, գուցե այդ գործն այլ մարմնի՞ փոխանցվի, Հունան Պողոսյանը նկատել է, որ ինքը չի կիսում այդ կարծիքը, և ասել. «Անհեթեթություն կլիներ, եթե բոլոր հանցագործությունները բացահայտվեին»։ Ապա հավելել է, թե, այնուհանդերձ, լրագրողների դեմ բռնարարքների գործերով իրենք ունեն ռեալ բացահայտման հեռանկարներ։












