Գլխավոր » Լրահոս

«Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ՝ ճշմարտությունը բացահայտվելու է»։

Հոկտեմբեր 27, 2009թ. 16:31

Հոկտեմբերի 27, 2009թ., կեսօրից անց… Կոմիտասի անվան պանթեոնը լեփ-լեցուն էր մարդկանցով, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու ազգային ու քաղաքական սիրված գործիչ Կարեն Դեմիրճյանի հիշատակին։ Մարդկային հոսքն այնքան մեծ էր, որ պանթեոնի մուտքից մինչև գերեզման՝ մարդկային երկար մի շարք էր գոյացել։ Մարդիկ ցանկանում էին մոտենալ, ծաղիկներ դնել, խոնարհվել, խնկարկել սիրված գործչի հիշատակը։

Գերեզմանի մոտ հիշատակի ելույթներ չեղան. միայն լուռ ձեռքսեղմումներ,  հայացքներ, որոնք առավել քան խոսուն էին։   Այստեղ էին նաև բազմաթիվ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, նախկին պաշտոնյաներ…

ՀԺԿ կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի կարծիքով հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումը մեր պետության կարևորագույն խնդիրն է, քանի որ այն ուղղված էր մեր պետության ու մեր ժողովրդի դեմ։ «Որևէ բան չարվեց իշխանության կողմից հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կանխելու համար։ Հակառակը՝ ամեն ինչ արվեց հանցագործությունը կոծկելու համար։ Մենք կապրեինք միանգամայն այլ երկրում, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը։ Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ՝ ճշմարտությունը բացահայտվելու է»։

Կարեն Դեմիրճյանի այրի Ռիմա Դեմիրճյանի կարծիքով, շատ հարցեր մնացին չբացահայտված, չավարտված. «Այդ զազրելի ոճրագործությունը մինչեւ վերջ պետք է բացահայտվի, դա պետք չէ զոհվածներին, դա պետք չէ նաև մեզ, որովհետև այն վրեժի հարց չէ, դա մեր երկրի, մեր ժողովրդի, մեր ապագայի, մեր սերունդների համար է։ Ինչպես իմաստավորված էր այդ գործիչների կյանքը, նույնքան իմաստավորված էր նրանց մահը»»,- ասաց նա։

Armar.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն