Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

5-րդ դարից մեզ հասած գորգի ներկերում օգտագործված է արարատյան որդան կարմիրը

Հոկտեմբեր 1, 2009թ. 17:14

kower1Գորգը` ժողովրդի պատմության վավերագիր

Իսկ Հայաստանում գորգի գիտական ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներին մատների վրա կարելի է հաշվել…

Մեր կենցաղն այսօր դժվարանում ենք պատկերացնել առանց բնակարանի կահավորանքի բաղկացուցիչ մասի` գորգերի: Մշտապես գործածելով հարմարավետության, երբեմն նաև պերճանքի այդ առարկան` չենք էլ մտածում, որ գորգագործության մշակույթը մեզանում գոյություն է ունեցել վաղնջական ժամանակներից: Ավելի ճիշտ, մենք բոլորս կարծես միշտ իմացել ենք այդ մասին, սակայն ոչինչ չենք արել  այդ փաստը գիտականորեն հիմնավորելու համար:

Մինչ գորգագործության ավանդույթներով հայտնի մյուս երկրները, հաճախ նույնիսկ կեղծ հիմնավորումներով, մշակույթ ու պատմություն են «սարքում», մենք զլանում ենք անգամ մեր ճշմարիտ մշակույթն ու պատմությունը պահպանել, պաշտպանել օտարների ոտնձգություններից և ներկայացնել աշխարհին:

Աշխարհի մասին խոսելը  չափազանց հավակնոտ է թվում այն պարագայում, երբ մենք մեր իսկ երկրում չունենք այնպիսի մի հաստատություն, որը կզբաղվի հայկական գորգերի ոչ միայն ցուցադրությամբ, այլև ուսումնասիրությամբ և գիտական գնահատմամբ: Իսկ գորգի գիտական ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներին Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել…

Դրանցից մեկը Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրենի խորհրդատու, պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյանն է, ով 70-ական թվականներից զբաղվում է հայոց վարքարվեստի ու հավատալիքների ուսումնասիրությամբ, իսկ գորգի գծով մասնագիտացել է 80-ականներից: Նա թերևս միակն է աշխարհում, որ հայ գորգագործությունը գիտական ուսումնասիրության թեմա է դարձրել` 2003 թ. պաշտպանելով «Հայոց գորգագործական մշակույթը. պատմաազգագրական բնութագիր» թեմայով ատենախոսություն: Աշխունջ Պողոսյանի  հետ մեր զրույցը  հայոց ավանդական գորգագործության առանձնահատկությունները բացահայտելու նպատակ ուներ:

«Ընդհանրապես, ամեն ժողովրդի  գորգագործական արվեստ իր յուրահատկություններն ունի: Ինչպես ամենուր, մեզ մոտ էլ դրանք երկու տեսակի են` տեխնոլոգիական և գեղազարդման: Տեխնոլոգիական առումով հայոց գորգագործության առանձնահատկությունն այն է, որ մեզ մոտ կրկնակի հանգույց է օգտագործվել այն ժամանակներից, ինչ հայտնի է հայկական գորգը»,-ասաց Ա. Պողոսյանը:

Առաջին պահպանված գորգը, որը համարվում է հայկական գորգագործական մշակույթի վառ նմուշ, թվագրվում է մ.թ.ա.kower2 5-րդ դար: Սա բացառիկ դեպք է, որ այդքան հին ժամանակներից գորգը պահպանվել, հասել է մինչև մեր օրերը: Բանն այն է, որ այն գտնվել է սառցակալած դամբարանում: Այժմ գորգը պահպանվում է Էրմիտաժում և նրա ծննդավայրը համարվում է Առաջավոր Ասիան: Թեև այն հայտնաբերվել է Ալթայի երկրամասում, բայց լիովին համապատասխանում է հայկական գորգի առանձնահատկություններին:

Գեղազարդման համակարգով ամբողջովին վաղ հայկական, այսինքն, ասորա-ուրարտական պատկերագրման ավանդույթները կրող արվեստի նմուշ է` գործված կրկնակի հանգույցով: Քիմիկոսների վկայությամբ` ներկերում օգտագործված է արարատյան որդան կարմիրը: Այդ ամենը թույլ է տալիս այն դասել հայոց գորգագործական մշակույթի վաղ նմուշների շարքը, նրա ծագումն էլ կապել Վանա (Ուրմիա) լճի շրջակայքի հետ: Կա տեսակետ, որ այն թուրքական է, ուրիշների կարծիքով` պարսկական, քրդական և այլն: Սակայն լուրջ մասնագետն անպայման կտեսնի այն հիմքերը, որոնք թույլ են տալիս վստահաբար պնդել արվեստի այդ եզակի նմուշի հայկական ծագումը:

Հիմա էլ մեր գորգերը գործվում են կրկնակի հանգույցով: Գորգագործության տեխնոլոգիական այդ տարրը` կրկնակի հանգույցը, ուրիշ  ժողովուրդներ նույնպես կիրառում են: Օրինակ` Պարսկաստանի որոշ շրջաններում այն անվանում են Արմանի բաֆ, այսինքն` հայկական հանգույց: Ադրբեջանցիներն էլ են գործում, բայց, բնականաբար, հայկական հանգույց չեն անվանում: Կրկնակի հանգույցով գործում են, սակայն տեխնոլոգիայի հայկականությունը չեն հիշատակում նաև Թուրքիայում: Ընդ որում, աշխարհում այդ կրկնակի հանգույցին տարբեր անվանումներ  են տրվել` կովկասյան, թուրքական և այլն` նայած, թե ուսումնասիրող մասնագետն ում ազդեցության ներքո է գտնվել: Բայց քանի որ դրա ծագումնաբանությունը հասնում  է  մինչև 2500 տարվա խորքը, իրավունք ունենք անվանել հայկական, մանավանդ, որ առաջինը մենք չենք ասել, այլ պարսիկներն են ասել, որ դա հայկական է:

«Մյուս առանձնահատկությունը, որ թերևս ամենահիմնականն ու կարևորն է, գեղազարդման համակարգն է»,-հայկական գորգերի առանձնահատկությունները շարունակում է մեկնաբանել Աշխունջ Պողոսյանը:«Հայկական գորգի զարդանախշերից և ոչ մեկն ինքնանպատակ չէ. դրանցից յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի, առանձին իմաստ ունի: Ինքը` գորգը, շարքային կամ սովորական կենցաղային իր չէ: Չեմ կարծում, թե 1000-2000 տարի առաջ բոլորն են գորգ օգտագործել:

Գորգը ծիսապաշտամունքային առարկա է, և իր տարածքով ու գեղազարդման համակարգով այն այդ հարթության մեջ պետք է դիտարկել: Գորգի` սրբազան, կյանք պարգևող տարածք լինելու մասին վկայող տարբեր սկզբնաղբյուրներ կան: Օրինակ` թուրք ուղեգիրներից մեկը 1620-ական թվականներին եղել է Էջմիածնում և ականատես է եղել մեռոնեփի ծեսին: Ապա պատմել է, որ կրակը գորգի վրա են արել, և այդ գորգը չի այրվել: Նույն բանը որոշ ժամանակ անց պատմում է մեկ այլ թուրք ականատես: Եվ երբ հետաքրքրասեր ճանապարհորդները ցանկացել են պարզել գաղտնիքը, վանականներից մեկն ասել է, որ դա սուրբ գորգ է, որի վրա ծնվել է ինքը` Հիսուս Քրիստոսը: Կա պատմություն նաև այն մասին, որ այդ գորգի վրա մարդ են վերակենդանացրել:

Թե այս և նմանատիպ այլ պատմությունների որ չափով են իրական, էական չէ: Էականն այն է, որ գորգին նման հատկություններ են վերագրվել: Դա նշանակում է, որ գորգն իր էությամբ ի սկզբանե պատահական մի բան չի եղել, և պատահական չեն նաև թռչող գորգի մասին հեքիաթները: Իսկ թագավորական գորգն ուղղակի պաշտամունքի առարկա է եղել: Եվ բնական է, որ գորգի գեղազարդման համակարգը պետք է համապատասխաներ գորգի խորհրդին: Այլ ժողովուրդների մեջ նման բան չկա:

Պարսկական գորգերը շատ սիրուն են` ծառ ու ծաղիկ, նուրբ գործվածք: Բայց դրանց իմաստը` որպես հավատալիքներին առնչվող, ինչ-որ պատկերացումներ կամ գաղափարներ կրող, համեմատության եզրեր չունեն հայկականի հետ:

Ցավոք սրտի, աշխարհը բոլորովին այլ կարծիքի է: Կան ուսումնասիրողներ, իհարկե, որոնք ճիշտ մոտեցում ունեն, բայց աշխարհը չի ուզում հավատալ նրանց, նույնիսկ խեղաթյուրված է համարում և լուրջ չի ընդունում: Աշխարհն ընդունում և ճանաչում է թուրքական գորգը: Եվ դրա համար ամենից առաջ ինքներս մեզ պետք է մեղադրենք: Ինչո±վ էինք մենք զբաղված, մինչ աշխարհը հայկական մշակութային ժառանգությունը վերագրում էր թուրքերին: Մենք նպատակադիր չենք եղել, չենք փորձել գիտականորեն արժևորել, գնահատել մեր իսկ ստեղծածը` որպես ազգային ժառանգություն: Մենք լռել ենք, ուրիշները գործել են:

1870-80-ական թվականներից ամբողջ Եվրոպայի արևելագետների ջանքերը թուրքերն ուղղեցին իրենց արվեստը «սարքելու» վրա, իրենց բարբարոսային կերպարը մշակութային թիկնոցով ծածկելու վրա: Դա մտածված, որոշակի ուղղվածություն ունեցող քաղաքականություն էր, որը մինչ այսօր շարունակվում է: Արդեն 20-րդ դարի 10-ական, 20-ական թվականներին նրանք տասնյակներով գորգի թանգարաններ ունեին, ինստիտուտներ, համալսարանական ամբիոններ, հսկայածավալ գրականություն: Ի±նչ օգուտ, թե մենք մինչև մ.թ.ա. 4-րդ հազարամյակը գնացող հիշատակներ ունենք հայկական գորգի մասին, եթե ոչ հենց գործվածքների, գոնե գործիքների տեսքով: Բայց այդ մասին մեզնից բացի ո±վ գիտի: Եվ ի±նչ ենք անում մենք` մեր պատմամշակութային ժառանգությունը աշխարհին ճանաչելի դարձնելու համար»:

1981-2003 թվականներին Հայաստանի ազգագրության պետական թանգարանում գործել է գեղարվեստական գործվածքի բաժին, որտեղ հիմնականում գորգեր են ներկայացված եղել: 80-ականների ընթացքում այնտեղ հսկայական հավաքածու է ստեղծվել: Գուցե տարօրինակ թվա, սակայն փաստ է, որ խորհրդային ժամանակներում հսկայական գումարներ են տրամադրվել այդ գործին: Միլիոնավոր ռուբլիներով գորգեր են գնվել ու տրվել թանգարանին: Եվ այդ ամենը մեկ նպատակով` Էջմիածնում կառուցել գորգի թանգարան: Դա միայն ցուցադրության սրահ չէր լինելու, այլ մի ամբողջ գիտական հաստատություն` լաբորատորիաներով, փորձարարական արհեստանոցներով  և այլն: Անգամ շենքն է տրամադրված եղել: Սակայն ժամանակները փոխվեցին, և ծրագիրն այդպես էլ մնաց չիրականացած:

kower3Այսօր Հայաստանում գորգեր ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում, Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, ժողովրդական արվեստների պետական թանգարանում,  Երևանի պատմության թանգարանում: Բայց առանձին  ինստիտուտ-թանգարան, գիտական կենտրոն, որտեղ  հնարավոր կլիներ հայոց գորգը ցուցադրել իր ամբողջ վեհությամբ ու շքեղությամբ, մենք չունենք: Աշխունջ Պողոսյանի կարծիքով դա անհրաժեշտ է, եթե, իհարկե, ուզում ենք մեր մշակութային ժառանգությունը պաշտպանել այլոց ոտնձգություններից: Ինքը մի քանի անգամ ծրագիր է ներկայացրել կառավարությանը, սակայն, որոշակի պատասխան  չի ստացել:

«Արդեն կորցրած ժառանգությունը հետ բերելու համար մի քանի սերնդի համառ ջանքեր են հարկավոր: Ցավոք, նոր սերունդը չի հետաքրքրվում այդ արվեստով, և եթե ապագայում այդ կենտրոնը ստեղծելու հնարավորություն լինի, ո±վ է զբաղվելու դրանով, չգիտեմ»,-մտահոգվում է փորձագետը:

Անուշ Սամվելյան

Աշխունջ Պողոսյան,  գորգագործության, արարատյան որդան կարմիր


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն