Իսկանդարյանը փորձել է չքմեղանալ
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը հայցով դիմել էր Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` ընդդեմ Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի:
Արմեն Այվազյանը դատարանից պահանջում է` դատական պատասխանատվության ենթարկել Ալեքսանդր Իսկանդարյանին` Հայաստանի Հանրապետության պետական շահերին, Հայաստանի հանրության շահերին հասցված վնասի համար` պահանջելով յուրաքանչյուր հայի պատվին ու արժանապատվությանը հասցված բարոյական վնասի փոխհատուցում:
Հոկտեմբեր 16-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից ծանուցում ստացավ առ այն, որ «Արարատ» կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի` դատարանի վարույթ է ընդունվել:
Իսկ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է. «Դատարանը մեզ արդեն ծանուցագիրն ուղարկել է՝ արդյոք ընդունո՞ւմ ենք մեզ առաջադրված մեղադրանքը։ Մենք էլ կպատասխանենք դրան։ Հետո կընթանա դատավարական գործընթացը։ Մենք էլ կպաշտպանվենք։ Իսկ ինչ վերաբերում է բուն մեղադրանքին, ինձ թվում է՝ դա հակասում է իմ պատկերացումներին գիրք տպագրելու գործընթացի վերաբերյալ»:
Իսկանդարյանը խոստովանել է, որ ինքը նաև համամիտ չէ գրքում տպագրված կարծիքների հետ, որովհետև դրանք հակասում են իրար։ Իսկ ինչո՞ւ է գրքում զետեղել գիտաժողովի մասնակիցներից ազգությամբ թուրք Այբարս Գյորգյուլուի զեկույցը, ուր վերջինս մի քանի անգամ կրկնում է այն միտքը, թե Թուրքիան խիստ վրդովված է , որ Հայաստանը մեղադրում է Օսմանյան Թուրքիային, թե վերջինս իրագործել է Հայոց Ցեղասպանությունը, ինչի մասին «կան լուրջ կասկածներ և տակավին բուռն բանավեճ է ընթանում», Իսկանդարյանը փորձել է չքմեղանալ.
«Կոնֆերանսին մասնակցած բոլորի զեկույցները տպագրվել են այդ գրքի մեջ, և եթե բոլորինը չտպագրվեին, իմ գործունեությունը կկորցներ իր իմաստը»։
Armar.am












