Հայաստանը զարգացնում է հարաբերությունները Նիդեռլանդների հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան (նստավայրը` Թբիլիսի) Պիտեր Յան Լանգենբերգին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարարի տեղակալ Ղազինյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ-նիդերլանդական բարեկամական, գործընկերային հարաբերությունները, և հույս է հայտնել, որ դեսպան Լանգենբերգը կարևոր ներդրում կունենա երկու երկրների փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման գործում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը վերաբերող հարցեր:
Կողմերը կարևորել են Հայաստանի և Եվրոպական Միության Արևելյան գործընկերության մեկնարկը և դրա ներուժի ամբողջական օգտագործումը, հատկապես` մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման և ազատ առևտրի համաձայնագրի կնքման հարցերը:
Դեսպանի խնդրանքով փոխնախարար Ղազինյանը ներկայացրել ե Հայաստանի մոտեցումները արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Armar.am












