Ոչ ոք իրավունք չունի խեղաթյուրել ԼՂՀ քարտեզը
Լեռնային Ղարաբաղի հանրապետության քարտեզը, կներեք բառիս համար, Հայաստանում ոնց ուզում, «բռնաբարում» են»,- այսօր ասուլիսում հայտարարեց «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ոչ կառավարական կազմակերպության անդամ Տիգրան Քոչարյանը:
Ըստ նրա, վերջին գլուխգործոցը «Պանարմենիան էքսպո 2009» ցուցահանդեսի պաստառն է, որի վրա Լեռնային Ղարաբաղի տարածքը խեղաթյուրված է:
«Սա ուղղակի կամ աբսուրդ է, կամ մարդը, որ սարքել է դա, ընդհանրապես տեղյակ չէ: Պաստառի վրա պատկերվածը Քաշաթաղի շրջանն է: Ես չեմ կարող հասկանալ. քարտեզը հազարավոր օրինակներով ամբողջ Երևանում փակցված է, «Պանարմենիան» անունն էլ կրում է»,- իր վրդովմունքն արտահայտեց Տ. Քոչարյանը:
Վերջինիս տեղեկացմամբ, այս խնդրի առնչությամբ Արցախում ևս անհանգստացած են:
Նման վտանգավոր քայլերից պետք է խուսափել. կամ տեղադրում ենք ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված քարտեզը, կամ չենք տեղադրում»,- հայտարարեց Տիգրան Քոչարյանը:
ArmAr.am












