Գլխավոր » Լրահոս

ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպան. «Հայ առեւտրականները հնդկական շուկաները հայտնաբերել են շատ ավելի վաղ, քան եվրոպացիները»

Հոկտեմբեր 30, 2009թ. 14:35

Նախագահ Սերժ Սարգսյանն  այսօր  իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհոթրան

Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Նախագահ Սարգսյանն ասել է. ՙՃշմարտություն է, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները շատ լավ են զարգանում եւ բարեկամական են, ճշմարտություն է նաեւ այն, որ մենք ցանկանում ենք դրանք հնարավորինս խորացնել: Մեր ժողովուրդները միմյանց գիտեն վաղուց` գրեթե հինգ հարյուր տարի. հարաբերությունների ներկա մակարդակը  խոսում է այն մասին, որ այդ ընթացքում չենք ունեցել լուրջ խնդիրներ, եւ տարիների փորձը մեզ համար օգտակար է  նաեւ այսօր՚:  Սերժ Սարգսյանի խոսքով` ՙհնդկահայ համայնքն ամենանշանակալի եւ ծանրակշիռ համայնքներից մեկն է, եւ պատահական չէ, որ Հնդկաստանում է առաջին անգամ հրատարակվել հայատառ թերթ՚:

ՙՊատմական խորը արմատները եւ երկու երկրների միջեւ խնդիրների բացակայությունը լավ հիմք են, որպեսզի մենք լավատես լինենք մեր հարաբերությունների ապագայի հանդեպ՚,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Դեսպան Մալհոթրան իր հերթին նշել է, որ երկու երկրների միջեւ կա գերազանց փոխըմբռնում, եւ  Հնդկաստանի կառավարությունը մտադիր է ավելի ամրապնդել կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում: Խոսելով երկու ժողովուրդների միջեւ դարեր շարունակ գոյություն ունեցող փոխհարաբերությունների մասին` դիվանագետն ասել է, որ հայ առեւտրականները հնդկական շուկաները հայտնաբերել են շատ ավելի վաղ, քան եվրոպացիները: Նա կարեւորել է  հնդկահայերի մեծ դերը երկրի պատմության ողջ ընթացքում եւ շեշտել, որ նրանք այսօր էլ էական ներդրում ունեն Հնդկաստանի բազմակրոն, բազմամշակույթ ու բազմադեմ հասարակության մեջ:

Սերժ Սարգսյանը կարեւորել է քաղաքական հարաբերությունների ամրապնդումը տնտեսական կապերով: Դեսպան Մալհոթրան ասել է, որ իր երկիրը մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել եւ հուսալի գործընկեր է:

Կողմերը գոհունակությամբ փաստել են նաեւ միջազգային ատյաններում հայ-հնդկական բավականին արդյունավետ համագործակցությունը,  եւ երկու երկրների համար կարեւորագույն հարցերի շուրջ միմյանց հավասարակշիռ վերաբերմունքը:

Հաջողություն մաղթելով նորանշանակ դեսպանին` Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա կարեւոր ներդրում կունենա երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման գործում:

ՀՀ Նախագահի մամլո գրասենյակ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն