Թուրքիան մեղմացնո՞ւմ է դիրքորոշումը
Վերջին շրջանում Թուրքիայի ղեկավարությունը մեղմացրել է իր դիրքորոշումը, կարծում է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Այդ փոփոխությունը նա մեկնաբանում է նրանով, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Էրդողանն ավելի զուսպ կեցվածքով է հանդես գալիս. «Այս ընթացքում նա մի քանի հայտարարություն է արել` կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ և ոչ մեկում ակնհայտ չի խոսել այն մասին, որ մինչև Ղարաբաղյան հարցը չլուծվի, սահմանը չի բացվի: Նա իր խոսքն ավելի ընդհանուր է ձևակերպում: Ավելին` վերջին շրջանում նրանք սկսել են խոսել նաև արձանագրութունների վավերացման գործընթացի արագացման մասին»:
Ըստ թուրքագետի, Թուրքիան այսօր կաշկանդված է առաջին հայացքից կապ չունեցող երեք խնդիրներով` Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, հայ-թուրքական սահմանի բացում և ԱՄՆ կոնգրեսի կողմից Ցեղասպանության իրականացումը դատապարտող բնաձևի ընդունում: Թուրքիան պետք է փորձի ելք գտնել այս շղթայից. «Մինչև Ղարաբաղյան խնդիրը չկարգավորվի, հայ-թուրքական սահմանը չի բացվի, եթե հայ-թուրքական սահմանը չբացվի, ԱՄՆ սենատը կընդունի Ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Դրան էլ գումարվում է ևս մեկ իրական վտանգ. այսօրվա ամերիկյան վարչակարգի ներկայացուցիչները մեծամասամբ կողմնակից են ցեղասպանության բաձաևի ընդունմանը: Եվ Թուրքիան պետք է փորձի ստեղծված իրավիճակից ելք գտնել` միաժամանակ չվնասելով Ադրբեջանի հետ իր հարաբերույթուններին»:
Ամեն դեպքում, Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս ամբողջ գործընթացը ցույց տվեց, որ այդ երկու երկրների հարաբերությունները ոչ միայն զգացմունքային են, այլև հիմնված են լուրջ տնտեսական փոխկապակցվածության վրա, հատկապես, էներգետիկ ոլորտում: Մնում է սպասել, թե հայ-թուրքական հարաբերություններն ինչպես կանդրադառնան Ադրբջանից Թուրքիա մատակարարվող գազի գների վրա:
ArmAr.am












