Գլխավոր » Լրահոս

Բանավեճ Գագիկ Ծառուկյանի հայտարարության շուրջ

Հոկտեմբեր 30, 2009թ. 16:10

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն իր դժգոհությունն ու զարմանքն արտահայտեց օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից արված հայտարարության կապակցությամբ: Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր, թե գործարարները պե’տք է զբաղվեն քաղաքականությամբ: Լարիսա Ալավերդյանը վկայակոչեց ՀՀ Սահմանադրությունը, որի համաձայն քաղաքական գործիչն իրավունք չունի լինել գործարար, և, ինչպես թեմային հավելեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, «պատգամավորն իրավունք ունի զբաղվելու միայն գիտական կամ մանկավարժական գործունեությամբ»: «Պատգամավորը չի կարող ուղղակի զբաղվել գործարարությամբ, նա պետք է իր ունեցածը հանձնի կառավարման»,-հավելեց պարոն Հովհաննիսյանը:

Լարիսա Ալավերդյանի զայրույթի պատճառը նաև հասարակության  անտարբեր վերաբերմունքն էր պատգամավորի կողմից արված նմանատիպ հայտարարության նկատմամբ:

Երևույթի առնչությամբ իր ուրույն կարծիքը հայտնեց նաև  ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը. «Հավանաբար հասարակությունը հաշվի է նստում ռեալությունների հետ, իսկ մեզանում ռեալությունն ու Սահմանադրությունը միշտ չէ, որ համընկնում են»:

Ռեալության ու օրենսդրության «ճկուն» կապի վերաբերյալ իր կարծիքով հանդես եկավ նաև «ՕԵԿ»  խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը` հայտարարելով, որ շատ ավելի լավ կլիներ, եթե օրենսդրական որոշ փոփոխությունների շնորհիվ գործարարները հնարավորություն ստանային զբաղվելու նաև քաղաքականությամբ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը,  մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի կողմից արված հայտարարությունը, կոչ արեց ներկաներին չխեղաթյուրել պարոն Ծառուկյանի խոսքերը, որ նա լավ գիտի մեր Սահմանադրությունը, գիտի, որ ձեռներեցն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, իսկ ԲՀԿ ղեկավարը, ըստ, պատգամավոր Զոհրաբյանի. «Նկատի է ունեցել այն մարդուն, ով եղել է գործարար,  կայացել է տնտեսական ոլորտում, և այսօր այս երկրում ունի նաև լուրջ ազդեցություն, այսինքն`  անցել է այդ բոլոր փուլերը, քաղաքականությունը բիզնես սարքելու և քաղաքականությամբ փող աշխատելու խնդիր չունի, ուրեմն, կարող է և պետք է զբաղվի քաղաքականությամբ»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն