Ադրբեջանը դարանակալած հետևում է հայկական զինուժի տեղաշարժերին
Նոյեմբերի երկուսին Ադրբեջան կժամանի Թուրքիայի ռազմական պատվիրակությունը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:
Թուրք զինվորականների այցի մասին այլ մանրամասներ Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը չի հայտնել: Փոխարենը, խոսելով ադրբեջանա-արցախյան հակամարտության ներկայիս փուլի մասին և ամենայն հավանականությամբ` թուրք զինվորականների այցով խիստ ոգևորված, Աբիևը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը «ի վիճակի են ազատագրել գրավված ադրբեջանական տարածքները»: Նա ասել է, որ իրենք հետևում են հայկական բանակի զորավարժություններին և տեղաշարժին: «Մեզ ամեն ինչ լավ հայտնի է: Թշնամին չի կարող ակտիվանալ»:
Ինչպես հայտնում է ANS-TV-ին, թուրքական ռազմական պատվիրակությունը գլխավորելու է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Իշըք Քոշաները: Նրանից բացի պատվիրակության մեջ ընդգրկված են թուրքական բանակի մի շարք այլ բարձրաստիճան գեներալներ:












