Թուրքերը մինչև Էրդողանի և Օբամայի հանդիպումը կձգձգել արձանագրությունների վավերացումը:
Թուրքական հասարակությանը սահմանի բացումը չի հետաքրքրում ավելի, քան քրդական խնդրի լուծումը, համոզված է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը . «Իրականում թուրքական հասարակության մեծ մասը դեմ չէ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, ինչպես ներկայացվում է: Ավելին` թուրք հասարակության մեծ մասը հետաքրքրված չէ այս հարցով, փոխարենը, առավել անհանգստացած է քրդական խնդրի լուծմամբ:
Հայաստանի հետ հարաբերությունների հատատմանը հիմնականում դեմ են որոշ ծայրահեղական և ընդդիմադիր կուսակցություններ, որնք պնդում են, թե սահմանը պետք չէ բացել առանց Ղարաբաղյան խնդրի լուծման: Ավելին` վերջերս Ադրբեջանի իշխանությունները շնորհակալական նամակ են ուղղել Թուրքիայի այն ընդդիմադիրներին, ովքեր դեմ են սահմանի բացմանը:
Իսկ թուրքական սփյուռքը, հիմնականում` ԱՄՆ-ում ապրող, գտնվում է թուրքական իշխանությունների ազդեցության ներքո, և նրանց դրական վերաբերմունքն արձանագրությունների նկատմամբ, պայմանանվորված է հենց այդ հանգամանքով»:
Թուրքագետի խոսքերով սահմանների բացմանը դրականորեն են արձագանքում նաև Թուրքիայի գործարար շրջանակները` պատճառաբանելով, որ հայ-թուրքական սահմանի բացումը կհստակեցնի Թուրքիայի դերը տարածաշրջանում
Իսկ ինչ վերաբերում է արձանագրությունների վավերացմանը, ապա Ռուբեն Սաֆրաստյանը հնարավոր է համարում այն տարբերակը, որ թուրքերը մինչև Էրդողանի և Օբամայի` դեկտեմբերի 7-ին նախանշված հանդիպումը, կփորձեն ձգձգել արձանագրությունների վավերացումը: Այդ ընթացքւմ էլ նրանք ազդակներ կստանան ԱՄՆ-ից:
Իսկ ընդհանրապես, չվավերացնելու տարբերակը, նրա կարծիքով, իրական կլինի միայն այն դեպքում, եթե Թուրքիայի վրա նվազի ամերիկյան ճնշումը, կամ եթե ասենք` Թուրքիան դուրս մնա «Նաբուկո» ծրագրից, ինչը նրան տնտեսական ազդեցություն ձեռք բերելու մեծ հնարավորություն է տալիս. «Այլապես Թուրքիայի համար կարևոր էլ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը»:
Իսկ հայկական կողմը, Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, պետք է սպասի մինչև թուրքերը կվավերացնեն արձանագրությունները, որից հետո միայն ինքը վավերացնի:
ArmAr.am












