Թուրքական կողմը ֆինանսավորո՞ղ
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հակակոռուպցիոն Transparency International կենտրոնի խորհրդի անդամ Սոնա Այվազյանը, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության փաստաբան Մովսես Հակոբյանը ներկայացրեցին հարյուր ՀԿ-ների բողոքն ընդդեմ «Հասարակական կազմակերպությունների մասին » ՀՀ օրենքում կառավարության կողմից սեպտեմբերի 23-ին ընդունած փոփոխությունների:
ArmAr.am-ի այն հարցին, թե նոր օրինագիծը պայմանավորված չէ՞, արդյոք, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ սկիզբ առած քննարկումներով և այն վտանգով, որ մեզանում կարող են հայտնվել ՀԿ-ներ, որոնք կարող են ֆինանսավորվել, ասենք, Թուրքիայի կողմից, Սոնա Այվազյանն այսպիսի պատասխան տվեց.
«Երբ թուրքը կարող է մասնաբաժին ունենալ նոր կառուցվող ատոմակայանում, ապա ՀԿ–ի ֆինանսավորումը թուրքական կողմից այնքան էլ վտանգավոր չի կարող լինել: Եթե տվյալ ՀԿ-ի նպատաները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, ապա չի բացառվում, որ այն կարող է ֆինանսավորվել նաև թուրքական կողմից: Պատահական չէր օրինագծի փոփոխությունը հայ-թուրքական արձանագրությունների բուռն քննարկման ընթացքում, քանի որ այս օրինագիծը աննշան մի բան էր այդ գործընթացի ֆոնին և հույս ունեին, թե անարձագանք կմնա, սակայն մենք ամեն ինչ կանենք, որպեսզի օրինագիծը հետ կանչվի Ազգային ժողովից»:
Որպես օրինագծի դեմ պայքարի վերջնակետ ՀԿ-ների ներկայացուցիչները հայտարարեցին, որ պատրաստ են անգամ միջազգային կառույցների միջնորդությամբ հասնել «Հասարակական կազմակերպությունների մասին » ՀՀ օրենքում կառավարության կողմից սեպտեմբերի 23-ին ընդունած փոփոխությունների կասեցմանը:
ArmAr.am












