Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրքահայերը թերահավատորեն են վերաբերվում հայ-թուրքական հարաբերություններին

Նոյեմբեր 2, 2009թ. 12:03

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ սկսված գործընթացը թուրքահայ համայնքի ուշադրության կենտրոնում է:

Թուրքական «Bianit» կազմակերպությունը թուրքահայերի տեսակետը պարզելու նպատակով նրանց շրջանում  սկսել է հարցումներ կազմակերպել:

Հարցման առաջին մասնակիցները Ստամբուլի Կենտրոնական լիցեյի տարբեր տարիների սաններն են:

Ասենք, որ հայկական Կենտրոնական լիցեյը գործում է դեռ 1886 թվականից: Այն հանդիսանում է Ստամբուլի ամենահին դպրոցներից մեկը: Սկզբնական շրջանում այն եղել է ընդհանուր դպրոց, իսկ ավելի ուշ վերածվել է արական լիցեյի:    1984 թվականից այն կրկին վերածվել է արական և իգական համատեղ դպրոցի: Հայկական դպրոցում հայերեն լեզվի հետ համատեղ ուսանել են նաև ֆրանսերեն, թուրքերեն ու անգլերեն:   Կենտրոնական լիցեյում սովորել են Հայկո Ջեփքին, Արա Գյուլերը, Հակոպ Թերզանը, Արահ Վեսերյանը, Մկրտիչ Մարկոսյանը և թուրքահայ շատ այլ գործիչներ:

Թերթերից մեկը, մասնավորապես, անդրադարձել է 1979 թվականին Կենտրոնական լիցեյն ավարտած   Գևորգ Բյուքսիմքեշյանի պատասխաններին:

Վերջինս նախ խոսել է թուրքահայերի խնդիրների մասին: Ըստ նրա, թուրքահայերի գերխնդիրն այն է, որ Թուրքիայում բացակայում է  ազգային փոքրամասնությունների նկատմամբ պատշաճ վերաբերմունքը, որ նրանք իրականում անտեսված են: Օրինակ, հայերին խուսափում են  պետական բարձր պաշտոններում աշխատանքի նշանակել:

Խոսելով հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին` Կենտրոնական լիցեյի նախկին սանը նախ նկատել է, թե չնայած այն բանին, որ սահմանը ներկայումս փակ է, երկու երկրների միջև առևտուր է իրականացվում: Նա շեշտել է. «Այսօր էլ  Հայաստանում ամենուրեք թուրքական ապրանքների ես հանդիպում, քանի որ ամեն ինչ Վրաստանով է տարվում»:

Իսկ հարցին,  թե, այնուհանդերձ, ի՞նչ կտա սահմանի բացումը, Գևորգը պատասխանել է` որևէ էական փոփոխություն չի սպասվում, գուցե դա նպաստի երկու երկրների միջև լարվածության մեղմացմանը:

Նույն լիցեյն ավարտած մի շարք այլ հարցվածներ «Ի՞նչ կտա սահմանի բացումը» հարցին հիմնականում անորոշ պատասխաններ են տվել:

Հարցումները ցույց են տվել, որ թուրքահայերը  թերահավատորեն են վերաբերվում  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն