Գլխավոր » Լրահոս

Թույլ չտանք, որ Ադրբեջանը չափն անցնի

Նոյեմբեր 2, 2009թ. 16:50

Փարատելով հասարակությունում և հատկապես լրագրողների շրջանում առկա  տարակուսանքները` կապված պաշտպանության ոլորտի ծախսերի կրճատման հետ` ԱԺ ՀՅԴ խմբակցության և Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հրայր Կարապետյանը հայտարարում է, որ, այդուհանդերձ, հիմնական անհրաժեշտ բոլոր ծախսերը տոկոսային առումով նույնն են մնացել (3,5 %). «Բյուջեի ընդունումից հայկական բանակի մարտունակությունը որևէ կերպ չի տուժելու:

Դա համաձայնեցված է միջազգային կառույցների հետ, անցկացվում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև մեր հարևան երկրի ռազմական ուժերի մոնիթորինգ, և դրված է հստակ պայման, որ այդ ցուցանիշը չպետք է անցնեն:  Ի դեպ,  Ադրբեջանն այդ պայմանը պարբերաբար խախտում է: Եվ այսօր մենք հարց ենք բարձրացրել, որպեսզի համապատասխան միջազգային կառույցներն անցկացնեն ավելի խիստ մոնիթորինգ`  թույլ չտալով, որպեսզի Ադրբեջանն այդ մրցավազքում չափն անցնի: Դա շատ կարևոր հանգամանք է մեզ համար»:

Շփման կետերում, ըստ Հրայր Կարապետյանի, հստակ երևում է մեր առավելությունը  մարտունակության առումով. մեր պաշտպանական դիրքերը շատ ավելի կատարելագործված են. «Վերջերս տեղի ունեցած բախումները, հատկապես, ցույց են տալիս, որ ադրբեջանական բանակը բավական խնդիրներ ունի, և այն հեքիաթները, որ  այսօր պարբերաբար ներկայացնում է պաշտպանության նախարար Աբիևը կամ Ադրբեջանի  նախագահը, իրականությանը չեն համապատասխանում»:

Բյուջեի կրճատումը, հավանաբար, կանդրադառնա  որոշակի շինարարական ծրագրերի վրա` հետաձգելով միայն դրանց իրականացման նախատեսված ժամկետները: «Եթե հիշում եք, վարչապետը  խոստացավ, որ հետագա ամիսներին հնարավոր է լինեն որոշակի ֆինանսական ներարկումներ, որոնք բյուջեն կբերեն, կհանգեցնեն 2009 թվականի մակարդակին: Այդ դեպքում մեր կարծիքն այն է, որ դրանք պետք է ուղղորդվեն դեպի պաշտպանության ոլորտ»,-եզրափակում է Հրայր Կարապետյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն