Գլխավոր » Լրահոս

ՀՀ Ազգային ժողովը խորհրդարանական բազմամյա փորձով ԵՄ խորհրդատու կունենա

Նոյեմբեր 3, 2009թ. 14:57

Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունել է ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեին և Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գործառնական- հարևանության քաղաքականության բաժնի ղեկավար Ուֆֆե Հոլստ Յենսենին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափի` «Եվրանեսթ»-ի մեկնարկային համաժողովին և ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի նշանակմանն առնչվող հարցեր:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հյուրերին ներկայացրել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցած Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափի ստեղծման մեկնարկային համաժողովի աշխատանքները: Նրա կարծիքով` ակտիվ է զարգանում Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ոլորտներում: Այս համատեքստում տիկին Զոհրաբյանը կարևորել է ԵՄ-ին տարածաշրջանի քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման գործում Արևելյան գործընկերության նշանակությունը: Նա գտնում է, որ Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափը նոր բաժանարար գծեր չպետք է ստեղծի, այլ պետք է փորձի տարածաշրջանում նպաստել համագործակցությանը և զարգացմանը` քննարկելով ընդհանուր խնդիրներ, որոնք պարունակում են ընդհանուր շահ: Նրա գնահատմամբ` խորհրդարանական ձևաչափը կդատապարտվի անհաջողության, եթե փորձ արվի այդ ձևաչափ բերել տարածաշրջանային կոնֆլիկտներ:

Հայաստանի համար կարևոր է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանական փորձը, որը, տիկին Զոհրաբյանի համոզմամբ, պիտի դառնա «Եվրանեսթ»-ի առանցքային բովանդակային բաղադրիչներից մեկը: Նա ցավում է, որ հարևան Ադրբեջանը ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում այդ հարցում` հայտարարելով, թե չի պատրաստվում Արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցել Հայաստանի հետ:

Հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով տապալվել է Ընդհանուր սահմանների կառավարման և բարեփոխման կոմիտեի աշխատանքները` տարածաշրջանային ընդհանուր ձևաչափից այն վերածելով Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ադրբեջան երկկողմ ձևաչափի` կորցնելով իր հիմնական նշանակությունը, այն է` խթանել տարածաշրջանում համագործակցությունը:

Ադրբեջանի ներկայացուցիչը Ստոկհոլմում ևս ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել` պահանջելով «Եվրանեսթ»-ում քննարկել տարածաշրջանային կոնֆլիկտներ, մասնավորապես` ԼՂ հիմնախնդիրը: Տիկին Զոհրաբյանն արձանագրել է, որ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվում է Մինսկի խումբը, և հայկական կողմի համար ընդունելի չէ հարցը այլ ձևաչափ տեղափոխելը:

«Մենք բաց ենք տարածաշրջանային համագործակցության համար, կողմ ենք ընդհանուր խնդիրներ գտնելուն և կտրականապես դեմ ենք այնպիսի հարցերի, որոնք տարածաշրջանում կարող են ստեղծել նոր բաժանարար գծեր»,- փաստել է տիկին Զոհրաբյանը` այս առումով կարևորելով խորհրդարանների դերը, որովհետև խորհրդարանները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Արևելյան գործընկերության ձևաչափով հաստատված պլատֆորմների առաջմղման գործում:

Նա հույս է հայտնել, որ «Եվրանեսթը» լուրջ խթան կհանդիսանա ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման հարցում:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի նշանակման խնդրին` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարևորել է, որ թեև ուշացումով, բայց ՀՀ ԱԺ-ն ևս կունենա ԵՄ խորհրդատու, քանի որ եվրոպական ինտեգրման կարևոր խնդիրներից է ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափորոշիչներին:

Հյուրերը տեղեկացրել են, որ նշանակված երկու խորհրդատուներն ունեն խորհրդարանական բազմամյա փորձ:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն