Գլխավոր » Հայկական տոներ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Օգոստոս 21, 2009թ. 13:16

ambarcumՀայոց ավանդական տոները բնապաշտական ծագում ունեն ու արդյունք են՝ մեր նախնիների կողմից իրենց շրջապատող աշխարհի յու­րահատուկ ընկալման։ Այդպիսին է նաև Համբարձումը՝ բնության բեղու­նության ու արբունքի, բուսականության աճի, ծաղկամար տոնը։ Այն հա­մընկնում է գարնանային բուռն աշխատանքների ավարտի շրջանին, այ­սինքն, այն պահին, երբ Երկրագործն, իրենից կախված ամեն ինչ անելուց հետո, հայացքը վեր է պարզում եւ բնությունից ու աստվածներից ակնկա­լում հատուցում։

Սիրո, երիտասարդության ու վայելքի տոն է Համբարձումը, որ տոնվում է բնության գրկում, մայիսյան ծաղկունքի մեջ՝ Զատկից 40 օր անց (ըստ պաշտոնական եկեղեցական տոնացույցի)։

Տոնն իր ակունքներով կապվում է նախաքրիստոնեական ժամա­նակաշրջանին։ Տոնի անվանումը, որոշակի խորհուրդ է պարունակում, այն ստուգաբանվում է «ամբարում, դիզում, մեծացում փոքր բա­նի մը»։ Եթե Զատկի տոնին առանձնանում, զատվում են բնության գույնե­րը, ավարտվում ցանքսի աշխատանքները, ապա Համբարձմանն արդեն սպասվում է ցանված բերքի աճման, պտղման, ակնկալիք։ Այդ նպատակով էր, որ ժողովուրդը դուրս էր գալիս դաշտերը, երգ ու պարով, ուրա­խություններով սիրաշահում մայր բնությանը։

Հայաստանի տարբեր շրջաններում տոնը հայտնի էր նաեւ «ծաղ­կամոր տոն», «ճակատագրի տոն», «Վիճակ», «Կաթնապրի օր» անվա­նումներով: Համբարձումը սիրո, երիտասարդության տոն է։ Տոնի օրը երիտա­սարդ աղջիկներին թույլատրվում էր ազատ դուրս գալ դաշտերը, երգեր ասել, ծանոթություններ հաստատել, որոնք, հաճախ, ճակատագրական էին լինում նրանց կյանքում։ Այս տոնը միակն էր, երբ երիտասարդները անարգել հանդիպում էին, միմյանց վրա «խորհուրդ» անում, փոխադարձ համակրում իրար։ Իսկ Համբարձման վիճակով բաժին ընկած բախտը օրենք էր նաեւ ծնողների համար եւ նրանք, անկախ այն բանից, թե մինչեւ այդ ի՞նչ փեսացու կամ հարսնացու էին ընտրել զավակների համար, տալիս էին իրենց համաձայնությունն ու բարի օրհնությունը։

Համբարձումը նաեւ ճակատագրապաշտական տոն է, որի գլխա­վոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է։ Վիճակի բոլոր մասնակից­ները հույսով սպասում էին, որ եթե «վիճակի խաղիկով» բարի բախտ է գուշակվել, ապա անպայման իրենց ցանկությունը, իղձը կկատարվի։

Տոնի կարեւոր պահերից է Համբարձման գիշերը (չորեքշաբթի, լույս հինգշաբթի)։ Ըստ ժողովրդական պատկերացումների, դա հրաշքնե­րի գիշեր է՝ կեսգիշերին բնությունը լեզու է առնում, ջրերը մի պահ կանգ են առնում, երկինքն ու երկիրը գրկախառնվում են, աստղերը՝ համբուր­վում։ Ողջ բուսականությունն այդ գիշեր ստանում է բուժիչ ու առատաց­նող հատկություն, ծառերը, ծաղիկներն ու խոտը սովորականից արագ չափերով են աճում, վիճակի պուլիկը «աստղունք» են դնում, որպեսզի խորհրդավոր ուժերի զորության ներգործման շնորհիվ ի կատար ածվեն հաջորդ օրվա գուշակությունները, արու զավակ ունենալու ակնկալիքով՝ տղամարդիկ առագաստ են մտնում… Կանայք վաղ առավոտյան, հիվան­դություններից ազատվելու նպատակով, գետում գաղտնի լոգանք են ըն­դունում (կանանց գետում գաղտնի լոգանք ընդունելը աղերսներ ունի Աստղիկ դիցուհու հայտնի ավանդության հետ. դիցուհին ամեն գիշեր Արածանի գետում լոգանք էր ընդունում եւ, տարփավոր կտրիճների հա­յացքներից քողարկվելու համար, Մշո դաշտը պատում մշուշով), ցողով լվանում մազերը, որ առատ աճեն, ցողում անասուններին, որ կաթնառատ լինեն։ Այդ գիշեր կանգ է առնում Տիեզերքի անիվը, եւ ով ականատես դառնա այդ կախարդական պահին՝ կկատարվի նրա երազանքը։

Հավատում են, որ այդ օրը հայտնվում է այն ամենաբուժ, չնաշ­խարհիկ Շաղիկը, որի արմատը ձեռք բերողը հավերժության գիրկն է ընկ­նում։ Ընդհանրապես ողջ բուսականությանն այս գիշեր վերագրվում է բուժիչ ու առատացնող հատկություն։ Աղջիկները թիզով չափում են խոտաբույսերը եւ թելով կապում, եթե գիշերվա ընթացքում ղրանք երկարած լինեն, ուրեմն իրենց կյանքն էլ տեւական կլինի կամ իրենց մտքին դրած «խորհուրդը» կկատարվի։

Տոնի մյուս կարեւոր խորհուրդն այն է, որ այդ օրը արգելվում է արյուն հեղել՝ կենդանական զոհ մատուցել, որը դարձյալ բնության ուժե­րին սիրաշահելու, կենդանիների բազմացումն ապահովելու միտումն ունի։ Այդ օրը ծաղիկներով զարդարում էին գառւսն, կաթնատու կովի, եզան պարանոցը եւ պտտեցնում գյուղում։ Իսկ իբրեւ մատաղ եւ տոնա­կան ուտեստ՝ կաթնով ու բանջար էր եփվում։ Կաթնովը բաժանվում էր հարեւաններին, բարեկամներին, անցորդներին, այն շաղ էին տալիս ար­տերում ու այգիներում, որ հունձը բարեհաջող լինի, բերքը՝ առատ։

Համբարձումը հեթանոսական բնապաշտության եւ քրիստոնեա­կան գաղափարախոսության ժողովրդական ընկալման լավագույն զու­գորդությունն է։

Մնում է մաղթել միայն, որ Համբարձումը կատարի բոլորի նվիրա­կան իղձերն ու երազանքները՝ ով չունի կյանքի ուղեկից, վերջապես գտնի իր սրտի ընտրյալին, ով զավակ չունի՝ «ուտի խավրծիլ ու բերի ոսկեծիլ տղեն», իսկ հայոց արտերն ու դաշտերը՝ առատ բերք ու բարիք բերեն մեր ժողովրդին։


Դիտել Հայկական տոներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`