Գլխավոր » Լրահոս, Հոգևոր, Մշակույթ

Եթե իսլամ ընդունած հայերը ազգային ինքնագիտակցության գային, Ադրբեջանը ներսից կքանդվեր

Նոյեմբեր 4, 2009թ. 10:10

166_mՉկա մի դեպք, երբ մահմեդական հայը օրհասական պահին ազգային ինքնագիտակցության եկած լինի

Վերջերս շատերն են խոսում մահմեդականություն ընդունած  ծագումով հայերի մասին: Չնայած խոսակցությունները նոր ընթացք են ստացել, սակայն դրանք իրենց բնույթով նոր չեն: Դեռ 1970-ականներին ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը    աշխատություն է գրել Սև ծովի երկայնքով տարածվող` Տրապիզոնի շրջանում բնակվող համշենահայերի մասին և ցույց տվել նրանց մշակույթը: Այսօր, խոսելով մահմեդական հայերի մասին, պետք է  նշել նրանց «ձևավորման» դրդապատճառները և այն, թե աշխարհաքաղաքական ինչ հանգամանքների բերումով են հայերը ստիպված եղել հավատափոխ լինել:

ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում Մատենադարանի ավագ գիտաշխատող Վարդան Դևրիկյանն ասաց. «Առաջին բռնի հավատափոխությունը եղել է 10-11 դարերում: Տարբեր քոչվոր-թաթարական, սելջուկական արշավանքների ընթացքում հավատափոխությունը տարբեր ծավալների է հասել: Դրա արդյունքում ձևավորվել է նահատակների մի տեսակ, որը կապվում է հայերի մահմեդականության ընդունումից հրաժարումի հետ: Պետք է նշել, որ նաև լեռնային, խուլ շրջաններում ապրել են հայեր, որոնք ընդունել են մահմեդականությունը:

Նրանց երկրորդ տեսակը ձևավորվել է բողոքականության հիմքի վրա: Այն հայերը, ովքեր ընդունեցին բողոքականություն, կաթոլիկություն, խզեցին կապը  հայ առաքելական եկեղեցու հետ և հետագայում դարձան մահմեդականներ, քանի որ չկարողացան պահել ազգային ինքնագիտակցությունը»:

Գոյություն են ունեցել նաև թուրքախոս հայեր, որոնք եղել են քրիստոնյա, սակայն հաղորդակցվել են թուրքերենով: Նրանք, ի տարբերություն մահմեդական հայերի, գիտակցել են իրենց ինքնությունը, ազգային պատկանելությունը և հայատառ թուրքերենով հսկայական մշակույթ են ստեղծել: Նրանք կորցրել են լեզուն, բայց պահել են ազգային ինքնագիտակցությունը, քանի որ շարունակել են քրիստոնյա մնալ և անգամ Աստվածաշունչը թարգմանել են թուրքերեն` մատչելի լինելու համար:

Հայերի հավատափոխության փուլերը վերը նշված երկուսով չեն սահմանափակվում:

«1915 թվականը հաջորդ դավանափոխության շրջանն էր: Միջնադարում հավատափոխությունը ենթադրում էր ազգափոխություն: Ուրացողը գիտակցում էր, որ ոչ միայն հավատը, այլև ազգությունն էր ուրանում, դրա համար մենք ունեցանք բազում նահատակներ, ովքեր մահը գերադասեցին հավատափոխությունից: Նման պայմաններում, եթե մարդ նույնիսկ գիտակցված ձևով հեռանում է իր կրոնից, որոշ ծիսական սովորույթներ երբեմն պահպանում է: Ինչպես հայերը, քրիստոնյա դառնալով, պահեցին իրենց որոշ հեթանոսական ծիսակարգերը` հարմարեցնելով քրիստոնեությանը»:

Առաքել Դավրիժեցու պատմությունից մեզ հայտնի է, որ մահմեդականացված վրացիները հաց թխելուց հացի վրա խաչ են հանում: Այդ ավանդույթը պահպանվել է մինչ օրս, որը նպատակ ունի հացը օրհնված դարձնել, սակայն դա ինքնին քրիստոնեական ծես է:

«Տրապիզոնի համշենահայերը, որոնք մահմեդականություն ընդունած, որոշակի փակ տարածքում ապրող ծագումով հայեր են, շատ ավելի մաքուր են պահել իրենց հավատալիքները, ծեսերը, սովորությունները, քան այն հայերը, որոնք բաց հաղորդակցական միջավայրում են եղել: Մաքուր հայկական միջավայրում դրանք ավելի են ջնջվել, քան փակ միջավայրում: Սակայն դա պահպանվում է ոչ թե ազգային ինքնագիտակցությամբ, ինքնությամբ, այլ սերնդեսերունդ փոխանցվող սովորությունների հաշվին»,- ասաց Վարդան Դևրիկյանը:

Բացի թուրքացած հայերից, գոյություն ունեն նաև քրդացած հայեր: Նրանք հիմնականում Սասունի շրջանից են եղել, սակայն ժամանակի ընթացքում քրդացել են` պահպանելով ծիսակարգը: Օրինակ` քրիստոնյա հայերի և քրդացած հայերի միջև պահպանվում է «Թուխ Մանուկի» ծիսակարգը: Նրանք այդ տոնն անվանում են «Ղարա Օղլյան», որը նույն տոնի  թուրքերեն անվանումն է: Ծիսակարգերի նմանությունները կարող են բացատրվել և արևելյան սովորությունների որոշակի նմանություններով, և այն գիտակցությամբ, որ այս պահին լինելով թուրք կամ քուրդ` սերում են հայկական միջավայրից:

«19-րդ դարավերջին, երբ ծավալվում էր ազատագրական պայքարը, հայերը, գիտակցելով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ մահմեդական քրդերի մի մասը ծագումով քրիստոնյա հայ է եղել, փորձում էին համոզել, որ վերջիններս, եթե անգամ չեն նպաստելու հայ ազատագրական պայքարին, ապա գոնե չխանգարեին հայերին` ցույց տալով հայերի և քրդերի կենցաղային, ծիսական ընդհանրությունները»:

Հայերն իրենց նկարագիրը հիմնականում անփոփոխ են պահել մահմեդական շրջապատում, քանի որ դրսից եկող վտանգն ակնհայտ է եղել, իսկ քրիստոնյա միջավայրում թվում է, թե ինքնությանն այնքան մեծ վտանգ չի սպառնում, դրա համար էլ առավել ազատ են եղել և շուտ ձուլվել: Մահմեդական միջավայրը պահանջում է գոյատևման համար որոշակի նորմերի պահպանություն, քանի որ այն քրիստոնեության հետ անհամատեղելի է.

«Կրոնը որոշիչ դեր է խաղում` միակերպ չեն կարող մտածել մուսուլմանացած ծագումով հայը և քրիստոնյա հայը: Հարցը միայն կրոնական հարթության մեջ չէ,   կրոնական տարբերությունն առավել ցայտուն է դառնում կենցաղում: Նման հակասություն կարող է առաջանալ անգամ այն դեպքում, երբ տարբեր տարածքներում և միջավայրում ապրող միևնույն կրոնի ներկայացուցիչները հայտնվում են նույն միջավայրում: Դրա վառ ապացույցը 40-50-ական թվականների հայրենադարձությունն է: Ընդամենը երկու տասնամյակ իր բնօրրանից կտրված մաքուր արևմտահայը, ով երկու տասնամյակ օտար երկրում էր ապրել, այստեղի հայի կողմից նույն կերպ չընդունվեց: Պետք է նաև հիշել, որ հայրենադարձվածը և այստեղի հայը դեռ երեք տասնամյակ առաջ նույն հայրենի հողում էին ապրում, նույն արժեքային համակարգի կրողներն էին, արևմտահայության շառավիղներն էին»,- ասաց Վարդան Դևրիկյանը:

Իսլամ ընդունած հայերը միայն թրքացված կամ քրդացված չեն: Վարդան Դևրիկյանը նշեց նաև նրանց երրորդ «շերտը».

«Նախիջևանի կեսը մահմեդականացված հայեր են: Նրանց նախնիների մի զգալի մասը 14-15-րդ դարերում կաթոլիկություն ընդունեց` հեռացավ Հայ Առաքելական եկեղեցուց, ապա արշավանքների և հալածանքների արդյունքում մահմեդական դարձավ: Արցախի Տող գյուղի կեսը հայեր էին, կեսը` մուսուլման հայեր կամ ադրբեջանցիներ, ովքեր Արցախի ազատագրման ժամանակ գնացին Ադրբեջան կամ այլ երկրներ: Նրանք նշանավոր Մելիք Եգանի տոհմի շառավիղներն էին, որոնց կեսը մուսուլման էր դարձել: Չնայած շատ լավ գիտակցում էին իրենց ծագումով հայ լինելը, սակայն զարմանալի է, որ անգամ Արցախի ազատագրման ժամանակ ազգային ինքնագիտակցության չեկան ու հայերի դեմ ամենակատաղի կռվողները հենց նրանք էին: Ոչ մի դեպք չգիտենք, երբ մահմեդական հայը օրհասական պահին ազգային ինքնագիտակցության է եկել: Անգամ ներկայիս Այրում գյուղում նախկինում բնակվող մահմեդականները ևս ծագումով հայեր էին և սահմանակից էին ՀՍՍՀ-ին և ՎՍՍՀ-ին: Սակայն այդ տարիների ընթացքում նրանք այդպես էլ չհայացան` չնայած հստակ գիտեին և գիտակցում էին իրենց հայկական ծագումը: Նրանց օրինակով կարելի է ասել, որ իսլամացած «հայը» երբեք չի կարող բարձրանալ հայի ինքնագիտակցության աստիճանի: Ընդհակառակը, հայկական ծագում ունեցող մահմեդականներն ավելի դաժան են եղել հայերի նկատմամբ և, ինչպես ասում են, Պապից ավելի կաթոլիկ են»,– ասաց Վարդան Դևրիկյանը:

88-ի Արցախյան շարժման ժամանակ, եթե իսլամ ընդունած հայերը ազգային ինքնագիտակցության գային, Ադրբեջանը ներսից կքանդվեր, քանի որ նրանք բնակվում էին ռազմավարական լուրջ շրջաններում, սակայն, ինչպես տեսանք, նման բան տեղի չունեցավ:

Աշխարհայացքի ձևավորման հարցում և ծիսական հարթությունում կրոնը որոշիչ դեր է կատարում. «Օրինակ` Եհովայի վկաները կենաց չեն խմում, իսկ Հայ Առաքելականներս և’ ուրախության, և’ սգո սեղանին կենաց ենք խմում: Սգո ժամանակ կենդանի հիշատակի կենացն ենք խմում: Բազմաթիվ օրինակներ գիտեմ, որ Եհովայի վկաները կենացին չեն մասնակցում, այլ լուռ նստում են: Սակայն անգամ այդ դեպքում վիճաբանություն է առաջանում, քանի որ նրանց կենացին չմիանալը դիտվում է որպես վիրավորանք, հանգուցյալի հիշատակի անարգում: Սա ոչ եկեղեցում, ոչ պաշտամունքի մեջ, այլ կենցաղում ծագած վիճաբանության կոնկրետ օրինակ է, որին հանգել ենք կրոնական հարթությունում առկա տարբերությունների պատճառով»,- եզրափակեց Վարդան Դևրիկյանը:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս, Հոգևոր, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն