Էրդողանը ստիպված կլինի բացատրություններ տալ Օբամային
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, հանդես գալով իր հարազատ` «Արդարություն և զարգացում» կուսակցության առջև, հայտարարել է, որ այն պետությունները, որոնք դատապարտում են Իրանի միջուկային ծրագիրը, անձամբ են տիրապետում այդ զենքին: Հասկանալի է, որ Էրդողանի ակնարկն ուղղված էր Իսրայելին:
Թուրքիայի վարչապետը նաև շեշտել է. «Մեր կուսակցությունն իր կառավարման 7 տարիների ընթացքում ամեն ինչ արել է տարածաշրջանային խնդիրները հարթելու ուղղությամբ, այդ հարցերը մենք քննարկել ենք մեր տարածաշրջանային երկրների հետ: Այդ առումով լավագույն օրինակ կարող են ծառայել Սիրիան և Իրաքը»: Ըստ նրա, ներկայումս Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ուղղված է «երկրագնդում խաղաղության հաստատմանը»:
Փաստորեն, Թուրքիայի իշխանություններն իրենց իրավունք են վերապահում հայտարարել, թե Թուրքիան այլևս այնպիսի մի պետություն է, որը կարող է իր «ուսերին վերցնել» երկիր մոլորակի բոլոր պետությունների խնդիրներն ու լուծել դրանք: Բայց հարց է ծագում` ինչպե՞ս կարող է նման դեր ստանձնել մի երկիր, որն իր ներսում ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ:
Ինչևէ, Էրդողանն իր կուսակիցներին վստահեցրել է, որ Թուրքիան չի փոխել իր արտաքին քաղաքականությունը, և շեշտել է, որ Գազայի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելը չի նշանակում, թե Թուրքիան փոխում է իր դաշնակիցներին: Էրդողանը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան շարունակելու է հանդես գալ պաղեստինցիների իրավունքների պաշտպանի դիրքերից, միաժամանակ ակնարկելով, որ չի պատրաստվում խզել իր հարաբերություններն Իսրայելի հետ:
Արևմտյան վերլուծաբանների գնահատմամբ, Թելավիվը չի կարող երկար հանդուրժել Անկարայի հարձակումները: Եվ չի բացառվում, որ նոյեմբերի 7-ին Էրդողանն իր` ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում ստիպված լինի որոշակի բացատրություններ տալ Միացյալ նահանգների նախագահ Օբամային, թե ինչով է պայմանավորված իր երկրի հակաիսրայելական քաղաքականությունը, երբ մի կողմից փնովում են Իսրայելին, մյուս կողմից Իրանին առաջարկում իր համագործակցությունը:
Քրիստինե Մելքոնյան












