Գլխավոր » Հայկական տոներ

ՏՐՆԴԵԶ

Օգոստոս 21, 2009թ. 13:21

TrndezՀեթանոսական Հայաստանում այս տոնը նվիրված էր Միհր աստ­ծուն եւ անմիջականորեն կապվում էր կրակի պաշտամունքի հետ։ Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա եւ հմայա­կան ճանապարհով ուժեղացնել, զորացնել արեւի ջերմությունը։Համե­մատաբար ավելի ուշ, տոնի մեջ ձեւավորվում եւ խորանում են կրակի մի­ջոցով բազմապիսի գուշակություններ անելու սովորույթները՛ կապված ցանքի ու բերքաճի, տնտեսական տարվա հաջողության, սերնդաճության գաղափարների հետ, որոնց վառ վկայությունը տոնական ուտեստում հատիկների եւ հատիկավոր կերակրատեսակների բացարձակ գերա­կշռությունն է և, ընդհանրապես, տոնական համակարգում նորահարսի ու նորափեսայի խաղացած դերը։

Ըստ եկեղեցական ավանդության, տոնը կապվում է Տիրոջ ծննդից 40 օր հետո նրան կրակներով ընդառաջ գնալու գաղափարին (Հայ Եկեղեցին այն տոնում է ստույգ փետրվարի 14-ին՝ հունվարի 6-ից 40 օր հետո – խմբ.), որից էլ ծագում է տոնի եկեղեցական անվանումը՝ «Տյառնընդառաջ»։

Տրնդեզը տոնվում էր մեծ շուքով ու հանդիսավորությամբ։

Տրնդեզի օրը, վաղ առավոտյան մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց հետո փոխինդ էին շաղախում՝ կաթով կամ ջրով եւ շա­քարով, պատրաստում փոքրիկ գլանիկներ ու բաժանում տնեցիներին (փոխինդի գնդեր, «դումբրուկ» եւ այլն)։ Այդ օրը պարտադիր կերպով փո­խայցելություններ էին կատարում խնամիները, նոր նշանած տղա ունե­ցող ընտանիքն այցելում էր հարսնացուի տուն, իսկ նորահարս ունեցող ընտանիքին այցելում էին հարսի հարազատները, տանելով իրենց հետ նվերներ, ընկույզ, չամիչ, աղանձ եւ փոխինդի գնդեր։ Կեսօրից հետո վե­րոհիշյալ ընտանիքներն իրենց բակում խարույկ էին վառում։ Որպես կա­նոն, խարույկի դեզը պատրաստում էին նորափեսաները։

Քավորկնոջ, սկեսուրի եւ տալերի ուղեկցությամբ նորահարսին բակ էին իջեցնում եւ խարույկի շուրջն սկսվում էր շուրջպարը։ Երբ կրա­կը փոքր-ինչ մեղմանում էր, սկսվում էին կրակթռուկները։ Կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքը վերապահվում էր նորահարսին։ Պտղավոր­վելու ակնկալությամբ խարույկի վրայից թռչում էին նաեւ ամուլ կանայք՝ այրելով իրենց զգեստի քղանցքը, ապա թռչում էին երիտասարդները, տղամարդիկ՝ «ցաւ ու չօռից» ազատվելու համար, իսկ վերջում՝ երեխա­ները։

Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից բաղկացած կերակրատեսակներ՝ խաշիլ, փոխինդ, աղանձ։

Տոնի ծիսական համակարգը լրացնում են բազմապիսի գուշակու­թյունները, որոնք, ինչպես վերը նշվեց, կապվում են բնության զարթոնքի, ցանքի հաջողության, սիրո եւ ամուսնության, պտղաբերության խոր– հուրդների հետ։ Այսպես, օր.՝ երիտասարդ տղաներն ու աղջիկները փո­խինդի գնդերից մի կտոր դնում էին երդիկին, ծառի ճյուղին կամ ցանկա­պատի ծայրին եւ ուշադիր հետեւում, թե աղավնին կամ ագռավը դեպի որ կողմն է տանում այն, ենթադրելով, որ համապատասխան կողմից էլ հարս են բերելու կամ փեսացու է գալու եւ այլն։

Գուշակությունների մեծ մասն անմիջականորեն կապվում էր խա­րույկի ծխի հետ։ Հավատում էին, թե ծուխը դեպի որ կողմը թեքվեր, այդ կողմի արտերն առաջիկա տարում առատ բերք կտային։ Ընդհանրապես, եթե ծուխը հարավ եւ արեւելք էր թեքվում՛ այդ տարի հասկը լավ էր լի­նում, իսկ եթե հյուսիս եւ արեւմուտք՝ վատ։ Այս գուշակությունն իր հիմ­քում իրական իմաստ ուներ՝ կապված փետրվարի կեսերին հյուսիսային ու հարավային քամիների փոխազդեցության կամ որեւէ մեկի գերակշռու­թյան հետ։

Վասպուրականում գուշակություններ էին անում նաեւ տոնի օրը ծնված երեխաների վերաբերյալ։ Հավատում էին, որ Տրնդեզի երեկոյան ծնված երեխան շատ չար ու կրակոտ է լինելու, որովհետեւ կրակի հետ է ծնվում։

Ինչպես տեսնում ենք, փոխելով տոնի անվանումը, եկեղեցին այնուամենայնիվ չի կարողացել ազդել նրա բուն էության, բովանդակության վրա։ Նա  ընդունել է կրակ վառելու, կրակի շուր­ջը պտտվելու, վրայից թռչելու եւ այլ հեթանոսական սովորույթները։ Այսպիսով, Տրնդեզը եղել և մնում է հայոց ազգային, բնապաշտական տոն։


Դիտել Հայկական տոներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`