Գլխավոր » Հայկական տոներ

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ

Օգոստոս 21, 2009թ. 13:25

Surb SargisՍբ. Սարգիս տոնը, թեև չի նշվել մեծ շուքով ու հանդիսություննե­րով, բայց եղել ու շարունակում է մնալ հայոց ամենասիրված տոներից

մեկը։

Առաջավորաց Բարեկենդանը Զատիկից տաս շաբաթ առաջ հան­դիպած կիրակին է, որին հաջորդող յոթնյակի հինգ օրը Առաջավորաց պաս է կոչվում և ծոմի հետ միասին՝ խիստ պաս է պահվում։ Այդ յոթնյա­կի շաբաթ օրը տոնվում է Սբ. Սարգսի հիշատակը եւ ժողովուրդն էլ շատ անգամ այդ պասը կոչում է Սբ. Սարգսի պաս։

Հայկական ավանդությունների մեջ ձիավոր սրբերը շատ են. Սբ. Աարգիսը՝ ճերմակ ձիավոր է, Գևորգը` տեգավոր, Թորոսը՝ նախշուն ձիուն նստած։ Աբ. Աարգիսը երիտասարդության հովանա­վորն ու սիրո ճակատագիրը որոշողն է, և դա է պատճառը, որ տոնի բոլոր ծիսական արարողություններն ուղղված են նրան սիրաշահելուն ու նրա բարյացկամությունը վայելելուն։

Պասի օրերին արգելվում էր գլուխը լվանալ ու լվացք անել, աղ­ջիկներն ու երիտասարդները հինգ օր հրաժարվում էին սովորական կերակրից, գոհանալով չոր հացով, որն ուտում էին արևամուտից հետո։ Միայն նման ժուժկալությամբ կարելի էր արժանանալ սրբի բարեգթությա­նը։ Մի շաբաթ շարունակ, բացի պաս պահելուց, երիտասարդների խո­սակցության առարկան Սբ. Սարգիսն էր։ Տարիքավոր կանայք՝ մայրերն ու տատերը պատմում էին, թե ինչպես էին իրենք տարիներ առաջ մաս­նակցել Սբ. Սարգսի տոնին։ Պասի ուրբաթ օրը Հայաստանի բոլոր շրջան­ներում բոված ցորենը երկանքով աղում էին, փոխինդ պատրաստում ու շաղելով խաղողահյութով, ճաշակում։ Երեկոյան երեխաները խմբեր էին կազմում եւ գնում տնե-տուն, բարձրանում կտուրներն ու երգեր երգում՝ դիմացը նվերներ ստանալով։ Ուրբաթ օրը պասի վերջին օրն էր եւ հարս­նացու աղջիկ ունեցող մայրերն այդ գիշեր հատուկ երգեր էին երգում։

Այդ գիշեր երիտասարդները, հատկապես աղջիկները, աղի բլիթ էին ուտում, որպեսզի երազ տեսնեն։ Նրանք հավատում էին, որ Սբ. Սար­գիսն այդ գիշեր որոշում է իրենց բախտը եւ նա, ով երազում ջուր տա խմելու, լինելու է իրենց ապագա զուգընկերը։ Այդ նույն գիշերը, երբ բոլո­րը քնում էին, տանտիրուհին դռան ետեւում կամ տան կտուրին ամանով չոր փոխինդ էր դնում եւ աղոթում. «Մեռնիմ քի, ատենահաս բոզ ձիավոր, Սըփ Սարգիս, դու իգաս, քու ձիու ոտ զարկիս մեջ»։ Հավատում էին, թե այդ գիշեր Սբ. Սարգիսն սպիտակ ձիու վրա նստած փախցնում է իր հարսնացուին՝ մի ուռումի աղջիկ։ Ծոպերով զարդարված նիզակը ձեռքին, յափնջին ուսին, նա շրջում է ողջ Հայաստանով մեկ. «Նրա ձիու պնչերից ամպեր են ցայտում եւ փաթիլ-փաթիլ ձյուն անում, ոտների տրոփյունից աշխարհք թնդում, նիզակի խաղացնելուց սաստիկ բուք բարձրանում»։ Նա այցելում է բոլոր հայերի տները՝ փոխինդը նայելու։ Փոխինդը տեսնե­լով եւ գոհանալով, որ պահել են իր պասը, Սբ. Սարգիսը հրամայում է ձիուն` փոխինդի մեջ թողնել պայտի հետքը (որը երազանքների իրակա­նացման խորհրդանիշ էր դիտվում)։ Տանտիրուհին այս փոխինդից հետո խաշիլ էր եփում, որ ճաշակում էին տան բոլոր անդամները։

Շաբաթ առավոտյան տեղի էր ունենում «աղջիկ ժողվրւոանքը», երբ հարսնացու աղջիկները հավաքվում էին որեւէ տեղ, միմյանց շնորհա­վորում, պատմում ու մեկնաբանում տեսած երազները։ Դրանից հետո սկսվում էր հացկերույթը։ Դա հարսնացու աղջիկների ուրախությունն էր, նրանց հանգստի տոնը, որ տևում էր մինչև երեկո։Նրանք պարում էին, երգում, կատակում։ Փեսացու տղաներն այդ օրը աշխատում էին գտնվել աղջիկների հավաքատեղիին մոտ։ Երիտասարդներից յուրաքանչյուրը ցանկանում էր տեսնել իր հարսնացուին, հանդիպել հավանած աղջկան, քանզի մեծերը, Աբ. Աարգսի տոնին, մեղմորեն էին վերաբերում այդ հան­դիպումներին։

Այդ օրը աղջիկներն ու տղաները բարձրանում էին տան կտուրը եւ փոխինդի գնդիկ կամ հաց դնելով սպասում, թե թռչունն ու՞ր կտանի այն։ Եթե տաներ ուրիշի տունը եւ սկսեր կտցել, ուրեմն՝ այնտեղից էլ հարս կամ փեսա կլիներ։ Նրանք ժամերով սպասում էին, մինչեւ որ թռչունը տա­ներ հացն ու փոխինդը։ Այսպես էլ ավարտվում էր Աբ. Աարգսի տոնը։

Ըստ Մ.Աբեղյանի, Սբ. Սարգիսը հողմի անձնավորումն է եւ քամու հին աստվածության ներկայացուցիչը։ Նրա հողմային բնույթը երեւում է մի քանի սովորույթներից ու զրույցներից։ Պասի ժամանակ շատ մարդիկ պոկում էին իրենց մազերը եւ աղոթելով հանձնում քամուն, հավատալով, թե սուրբը իրենց մազերի հետ կտանի նաեւ իրենց ցավերը։ Հավատում էին նաեւ, որ Սբ. Սարգիսն իր բքով կարող էր խեղդել մարդկանց, բայց ոչ հայերին, այլ հույներին ու վրացիներին, որոնք իրեն իբրեւ սրբի, չեն ճանաչում։

Նրա բարեգթությանը արժանանալու համար, չամուսնացած երի­տասարդ մարդիկ, հատկապես աղջիկները, շատակեր չպետք է լինեին, որպեսզի Սբ. Սարգիսը իրենց հարսանիքին բուք չբարձրացներ՝ սրա– նումն է տոնի չափավորության ու ժուժկալության կոչող խորհուրդը։

Իբրեւ հողմի ոգի, Սբ. Սարգիսը նաեւ գայլերի ու կենդանակերպ ոգիների տիրակալ էր պատկերացվում։

ժողովրդի պատկերացմամբ, Սբ. Աարգիսն ունի գեղեցիկ կերպա­րանք, նիզակ, ոսկե սաղավարտ ու ոսկե սպառազինություն, մտքի պես արագ հայտնվում է նա իր լուսաշող ձիով, երբ նեղության մեջ՝ նրան են կանչում։


Դիտել Հայկական տոներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`