Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Ադանայի կոտորածը պետական ծրագրի մի մասն էր միայն

Նոյեմբեր 4, 2009թ. 13:30

AdanaՀոկտեմբերի 27-30-ը  Լիբանանի Անթիլիաս քաղաքում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Ադանայի կոտորածների 100-ամյակին:  Միջոցառման ընթացքում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Անթիլիասի մայրավանքում բացվեց Ադանայի կոտորածների 100-ամյակին նվիրված նորակերտ խաչքարը:

Հիշատակի այսպիսի միջոցառումները կոչված են ևս մեկ անգամ հիշեցնելու մարդկությանն ու աշխարհին, որ ոճիրը չի մոռացվում, որ դրանց մասին հիշողություններն ապահովագրում են մարդկությանը նորանոր չարիքներից, և ինչպես մեր վեհափառ հայրապետը կասեր` «Պետք է միշտ դասեր քաղել եղելություններից»:

Վերլուծաբան, քաղաքագետ Լևոն Շիրինյանի մեկնաբանությամբ, Ադանայի կոտորածները հարկ է Հայոց Ցեղասպանության հետ դիտարկել որպես մի ամբողջական ծրագրի մաս, որպես սկիզբ ու նախաբան:

Ուղիղ հարյուր տարի առաջ միջազգային հանրությունը ներկայացնող ուժերը ոչ մի բան չարեցին` կանխելու չարիքի սերմերը, որ հետագայում պետք է վերաճեին առանձին ազգերի ոչնչացման դիվական պլանի:

Երիտթուրքերն անխնա ոչնչացրեցին Ադանայի, Սիսի, Զեյթունի և մի շարք այլ հայկական տարածքների հայ բնակչությանը: Հակահարված հայկական կողմից, իհարկե, կար: Սարերում ու ձորերում կազմակերպված պաշտպանության  առաջին փուլում հայկական կողմը կարողացավ արժանի հակահարված տալ, իսկ ահա թուրքական երկրորդ հարձակման ժամանակ իրականացվեց արդեն իսկական ոճիրը: Մարդկանց տանջամահ էին անում, ենթարկում կտտանքների: Միայն Ադանայում թուրք ոճրագործները կոտորեցին 30 000 մարդու` հայ լինելու համար:

Ադանայի իրադարձությունները բացահայտեցին երիտթուրքերի քաղաքականության դեմքը, որը սուլթան Համիդի արյունարբու երևակայությունից տարբերվում էր փորձությունների ու լլկումների առավել կատարելագործված տարբերակների կիրառմամբ: Սա դեռ մարսել էր պետք: Ու մարսեցին:

1909 թվականի ապրիլի 19-ին թուրքական մեջլիսում քննարկվեց Ադանայի ջարդերի հարցը… Նույն թվականին` ամռանը, ռուս գեներալ-գնդապետ Յուդենիչը (Վրաստանում ռուսական բանակի շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար) գրում է. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես հայերն են ոչնչացրել 30 000 անզեն մուսուլմանների, և հիմա դրա համար նրանց են պատժում: Հայ վկաներին ենթարկում են շանտաժի, հետաքննող հանձնաժողովը նրանց վկայություններին չի հավատում. Դեմ առ դեմ հանդիպման ժամանակ մահմեդականը միշտ ճիշտ է դուրս գալիս»:

Եվ իրոք, Ադանայի կոտորածներից հետո մի շարք հայ գործիչներ սպառնալից զգուշացումներ ստացան: Նրանց խորհուրդ էին տալիս չխոսել այս իրադարձությունների մասին, հակառակ դեպքում «հարցը կբարդանա», և հայերին կկոտորեն մեծից փոքր. «Ձեզ հետ կվարվեն այնպես, որ վերջին կոտորածները ձեզ փառք կթվան»:

Թուրքական պատմության այս ամոթալի էջը շուտով կոծկվեց` դատարկ խոսքերով ու անիրականանալի խոստումներով, իսկ կազմակերպիչներից ոչ մեկն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց:

Իսկ հայերին վայրագ մեթոդներով` «մեծից փոքր», կոտորելու իրենց խոստումը կատարեցին ուղիղ 6 տարի անց: Ըստ Լևոն Շիրինյանի, դա պետականորեն  հստակ ծրագրված գործողությունների համակարգ էր. «Սա հատուկ քաղաքականության` Արմենոցիդի արդյունք էր: Երևույթն այլ կերպ չես անվանի: Պարզապես Թուրքիան Եվրոպայից շարժվում էր դեպի Ասիա, իսկ ճանապարհին հայությունն էր կանգնած»: Մարդկային կոտորածներից բացի իրադարձություններն ուղեկցվում էին թալանով ու անխնա ավերածություններով: Թուրք ժողովուրդը դեռ երկար ժամանակ ապրում էր հայ ժողովրդի տարիների վաստակի հաշվին:

Անգլիացի գրող Բենսոնը հետագայում գրում է, որ Ադանայում փորձարկվում էին ոչ միայն մի ամբողջ ժողովրդի արմատապես դանդաղ ոչնչացնելու տարբերակները, այլ նաև ուսումնասիրում էին միջազգային հանրության ուշադրությունն ու արձագանքը` նման երևույթների վերաբերյալ:

Բավական է նշել, որ Ադանայից հետո կոտորածի են ենթարկվել նաև հույները, բուլղարացիները, արաբները…

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն