Վրաստանի կառավարությունը համագործակցելու է Ադրբեջանի հետ ԱՊՀ շրջանակներից դուրս
Վրաստանի կառավարությունը դիմել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությանը` այդ երկրի հետ ԱՊՀ քարտուղարության միջոցով ձեռք բերված պայմանագրերը պահպանելու ցանկությամբ: Այդ մասին տեղի լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը:
Նրա խոսքերով, վրացական կողմի առաջարկներն Ադրբեջանի ԱԳՆ են ուղարկվել և վերուղարկվել հանրապետության համապատասխան մարմիններ: «Վրացական կողմը կտեղեկացվի ըստ պատասխանների ուղարկման», – նշել է Պոլուխովը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Վրաստանի ղեկավարությունը ավարտել է Անկախ Պետությունների Համագործակցությունից դուրս գալու գործընթացը: Ինչպես հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան, 1969 թ. Վիենայի կոնվենցիայի համաձայն, Վրաստանը դեռևս շարունակում է մնալ ԱՊՀ շրջանակներում ձեռք բերված, բայց կազմակերպության մեջ չմտնող երկրների վրա տարածվող մի շարք միջազգային համաձայնագրերի մասնակիցը: Նա նաև նշել է, որ իր երկիրը պատրաստ է երկկողմ ձևաչափով շարունակել համագործակցությունը ԱՊՀ անդամների հետ:
armarlur.com












