Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական

Թուրքական ուծացման քաղաքականության առանձնահատկությունները

Նոյեմբեր 4, 2009թ. 16:31

Djamalyan1Դավիթ Ջամալյան
հոգեբանական գիտությունների թեկնածու

Թուրքական էթնոսի հոգեբանական նկարագիրը լավ պատկերացնելու համար անհրաժեշտ է անդրադառնալ նրանց կողմից դարեր շարունակ իրականացված ուծացման քաղաքականությանը բնորոշ մի շարք առանձնահատկությունների:

Ինչպես հայտնի է, օսմանների պետության օրոք արդեն պետականության տեր դարձած թուրք-օսմանների վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ բնութագրվել է վերջիններիս իրավունքների ոտնահարմամբ և տնտեսական շահագործմամբ: Օսմանյան պետության մեջ քրիստոնյայի զբաղեցրած անհավասար, ստորադաս կարգավիճակի մասին է վկայում այն հանգամանքը, որ վերջիններս զրկված էին հեղինակավոր համարվող զինվորական ծառայությունից, ինչպես նաև հողային սեփականություն ունենալու իրավունքից:  Քրիստոնյաներին վիճակված էր գլխահարկ վճարել` օսմանների բանակը պահելու համար:

Բայց և այնպես, տիրապետող օսմանյան կառավարիչներն ամենևին դեմ չեն եղել անիրավահավասար «անհավատ» քրիստոնյային յուրայինների շարքերն ընդունելուն, շնորհելով նրանց հավասար իրավունքներ այն դեպքում, եթե վերջիններս համաձայնեին մահմեդականություն ընդունել: Մահմեդականություն ընդունելով` նախկին քրիստոնյան ինքնաբերաբար դառնում էր «օսմանլի» և իրավահավասար դիրք էր գրավում տիրապետող օսմանների շրջանում, հնարավորություն էր ստանում  զինվորական ծառայության անցնել, որը միայն օսմանների մենաշնորհն էր, իրավունք էր ստանում հողամաս ստանալ այդ ծառայության դիմաց և ազատվում էր հարկերից: Հետաքրքրականն այն է, որ օսմանի համար էական չի եղել նոր մահմեդականություն ընդունածի էթնիկական պատկանելությունը: Այս հանգամանքը նշան է այն բանի, որ օսմանների հավաքական գիտակցության մեջ գերակայել է իրենց շրջապատող էթնոսներից սեփական էթնիկական խմբի տարբերակման կրոնական կողմը: Իրենց շրջապատող էթնոսներին օսմաններն ընկալել և տարբերակել են հիմնականում մահմեդական լինել-չլինելու հանգամանքով` տալով նրանց արհամարհական «անհավատներ» բնորոշումը:

Բայց և այնպես,  այդ ագրեսիվ-արհամարհական դիրքորոշումն ամենևին չի խանգարել օսմաններին վարելու ակտիվ ուծացման քաղաքականություն այդ նույն «անհավատների» հանդեպ: Այստեղ հոգեբանական տեսակետից հետաքրքրական է օսմանցու դիրքորոշումների արագ փոփոխության փաստը` քրիստոնյայի հանդեպ թշնամական վերաբերմունքից մինչև որոշակի հանգամանքներում նրան յուրայինների շարքը դասելու պատրաստակամությունը: Դեռ երեկվա արհամարհված, անհավասար կարգավիճակում գտնվող «անհավատի» հանդեպ օսմանցու վերաբերմունքը կարող էր միանգամից փոխվել նրա կողմից մահմեդականություն ընդունելուց անմիջապես հետո: Պատմական զարգացումները ցույց տվեցին, որ թուրքերի որդեգրած բռնի ուծացման քաղաքականությունը նպաստեց մահմեդականության տարածմանը Փոքր Ասիայում` այնտեղ ուժեղացնելով թուրքական տարրը:

Բացի վերը նշված հանգամանքներից, քրիստոնյաների շրջանում մահմեդա-կանության տարածմանը նպաստել է ևս մեկ կարևոր հանգամանք:

Ինչպես հայտնի է, թուրքական զորքերի հիմնական հարվածային ուժը, նրա ընտրանին կազմում էին ենիչերիները (նոր զորքերը): Հետևակայինների այդ ստորաբաժանումը հավաքագրվում էր քրիստոնյաների արու զավակներից, որոնց դեռևս մանուկ հասակում հավաքագրում, մարզում և մահմեդական հավատքի էին կոչում: Ենիչերիների կորպուսը, որը ստեղծվել էր օսմանյան առաջին սուլթաններից մեկի` Օրխանի կողմից, կոչված էր դառնալ նրա անձնական պահակազորը և նպատակ ուներ սարսափ տարածել օսմանցիների կողմից հպատակեցված, ինչպես նաև հարևան ժողովուրդների շրջանում:  Հետաքրքրականն այստեղ այն է, որ այդ պատասխանատու պարտականությունը սուլթանները վստահել են ոչ թե իրենց ցեղակիցներին, այլ անարգված ՙանհավատներից՚ սերող մահմեդականացվածներին:

Հետագայում օսմանյան սուլթանները մահմեդականություն ընդունած քրիստոնյաների հնարավորությունները սկսեցին ավելի լայնորեն օգտագործել, նրանց ընդգրկելով նաև քաղաքացիական պաշտոններում: Պալատական հատուկ դպրոցներում քրիստոնյա երեխաներին մահմեդականացնում էին և նրանցից պատրաստում պետական պաշտոնյաներ: Կառավարման համակարգում պաշտոնների ժառանգաբար փոխանցումը կանխելուն ուղղված այս միջոցառումները լայնորեն կիրառվում էին Օսմանյան կայսրության ծագման և հզորության շրջանում:  Պետական կառավարման այս համակարգն իրեն արդարացնում էր, քանզի բարձր պաշտոնների էին նշանակվում միայն իրենց արժանիքներով աչքի ընկած մահմեդականացված նախկին քրիստոնյաները:

Ինչպես տեսնում ենք, քրիստոնյա հպատակների հանդեպ օսմանցիների վերաբերմունքը եղել է երկբևեռ. այն մի կողմից բնորոշվել է ծայրահեղ անհան-դուրժողականությամբ, սակայն դրա հետ մեկտեղ առկա է եղել նաև հոգեբանական ճնշման տակ իրականացվող ուծացման քաղաքականություն, որը միտված էր ստորադասված և որպես թշնամի ընկալվող բնակչությունից առավելագույն օգուտ ստանալուն ու նրանց շահագործելուն:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն