Ոչ մի տարածք էլ չենք տա
Հանդիսատեսի դատին է հանձնված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ նկարահանված ֆիլմ` «Մխացող պատրույգ»:
«Մենք որոշել ենք ստեղծել այս ֆիլմը` հաշվի առնելով Հայաստանի ներքին կյանքում վերջին զարգացումները: Ի վերջո, կգա մի օր, երբ մեզ կարող են փաստի առջև կանգնեցնել Ղարաբաղի հարցի առումով»,-մեկնաբանում է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:
Ռեժիսորի նպատակը խնդիրը հասարակությանը ներկայացնելն է եղել:
«Ի՞նչ է այսօր առաջարկում Մադրիդյան փաստաթուղթը` հայկական զորքերի դուրսբերում մեր զինվորների արյան գնով ազատագրված տարածքներից, ադրբեջանցի փախստականների վերադարձ մեր տարածքներ` Ղարաբաղի անորոշ կարգավիճակի դիմաց: Դա հաստատ կհանգեցնի Ադրբեջանի կողմից Ղարաբաղի գործերին միջամտելուն, և 20-ամյա վաղեմության պատմությունը կկրկնվի: Բայց Ղարաբաղում հանրաքվե է անցկացվել, արցախցին ընտրել է ինքնորոշման ճանապարհը»,-ասում է ռեժիսորը և ավելացնում, որ եթե ուզում ենք մեր երեխաներն ապրեն խաղաղ պայմաններում, պետք է հենց այս պահից սկսած ատամ ցույց տանք մեր թշնամիներին: Ֆիլմն, ըստ էության, կոչված է իրականացնելու այդ բարդ «առաքելությունը»:
Եթե որևէ մեկը համարձակվի մեր պատմական տարածքներից թեկուզ մի փոքր հատված զիջել, պայթյուն տեղի կունենա. այստեղից էլ առաջացել է ֆիլմի անվանումը` «Մխացող պատրույգ»:
ArmAr.am












