Եթե առանց ՀՅԴ-ի հետ համաձայնության քայլ անես` գիտակցիր հետևանքների մասին
Երևանի թիվ 10 ընտրատարածքում գործարար Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո թափուր էր մնացել պատգամավորի մանդատը:
Հունվարի 10-ին սպասվում են նոր ընտրություններ: Կայանալիք ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու իր թեկնածությունն էր առաջադրել դաշնակցական Ռաֆայել Այվազյանը:
Սակայն, ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am-ը, նոյեմբերի 3-ին նա հրաժարվել է հետագա ընտրապայքարից: Այս քայլը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: ՀՅԴ-ի կողմից հայտարարվեց, թե Ռաֆայել Այվազյանի` ընտրապայքարից հրաժարվելու պատճառը, զուտ անձնական է:
ArmAr.am-ի խնդրանքով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կատարվածը մեկնաբանեց այս կերպ. «Ես դեռևս պաշնոնական տեղեկատվություն չունեմ դաշնակցության Գերագույն մարմնից, թե ինչո՞ւ է հանվել նրա թեկնածությունը, կամ ընդհանրապես քննարկվե՞լ է այդ հարցը, թե՞ ոչ։ Ես իրազեկ եմ այն տեղեկատվությանը, ինչը շրջանառվում է մամուլում, ըստ որի Ռաֆայել Այվազյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Բայց մի բան պարզ էր, որ մեր կուսակցական ընկերոջ առաջադրումը կապված չէր կուսակցության որոշման հետ։ Իսկ Դաշնակցությունն, այդ առումով, պարտաճանաչ և համախմբված քաղաքական ուժ է։ Եվ եթե առանց համաձայնեցման գործողություն ես կատարում, առնվազն պետք է գիտակցես դրա հետևանքները։
Հետևաբար, նրա առաջադրման կասեցումը, համոզված եմ, որ կուսակցության կարգապահության շրջանակներում իրականացված գործողություն է»։
Իսկ թե կուսակցությունը ի՞նչ նոր թեկնածու կառաջադրի, ըստ Արծվիկ Մինասյանի, դա դեռ կքննարկվի առաջիկա օրերին, որից հետո միայն որոշում կկայացվի: «Այդ ժամանակ կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ», -եզրափակեց Արծվիկ Մինասյանը։
ArmAr.am












