Ճանապարհորդություն դեպի Արցախ
Հայ Բարեգործական Ընդհանուր միության նախաձեռնած «Բացահայտենք Հայաստանը» ծրագիրը մեկնարկել է դեռ 2003 թ.: Արդեն 6-րդ տարին է, որ այս ծրագրի շրջանակներում սփյուռքահայ աշակերտները` 20-25 հոգանոց խմբերով, ամառային ամիսներին հյուրընկալվում են հայրենիքում: Ծրագրի պարտադիր մաս են կազմում դեպի Արցախ աշխարհ կազմակերպվող եռօրյա այցելությունները:
Օրերս Արցախ էր ժամանել Կանադայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հայ դպրոցականներից կազմված խումբը:
Նրանք Հովհաննես Թումանյանի անվան մանկական գրադարանի հյուրերն էին: Երեխաներն իրենց արցախցի հասակակիցներին նվիրեցին անգլերեն և ֆրանսերեն գրքեր:
Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ներկայացուցիչները խոստանում են, որ այս նոր նախաձեռնությունն ավանդական կդառնա: «Սա մասամբ նաև երեխաների նախաձեռնությունն է,-մանրամասնեց Հայաստանում ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դյուզյանը:-Իսկ մենք կաշխատենք, որ այն բարի ավանդույթ դառնա: Ծրագրել ենք Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում ստեղծել օտար լեզվի և գրականության հատուկ սենյակ»:
Այս ծրագիրը, իրոք, լուրջ ձեռքբերում է. Արցախ ժամանած յուրաքանչյուր սփյուռքահայ երիտասարդ յուրովի է բացահայտում Արցախ-հայրենիքը. «Մեր ուսուցիչները մեզ շատ են պատմել մեր երկու հայկական պետությունների` Հայաստանի ու Արցախի մասին: Վաղուց էի ցանկանում գալ տեսնել Երևանն ու Ստեփանակերտը»: Մոնտրեալից ժամանած Ալեք Մանուկյան վարժարանի սան Բարդի Բիլամջյանն անկեղծորեն խոստովանեց, որ մինչև գալը կարծել է, թե Ղարաբաղը շատ աղքատ երկիր է, ավերված շենք-շինություններով: Բայց եկավ ու հայտնվեց բոլորովին այլ իրականության մեջ. «Տեսա, որ մարդիկ հանգիստ ապրում են, ստեղծագործում, քաղաքը շատ մաքուր է, կան նոր ու գեղեցիկ շենքեր»:
Արցախ այցելելը, հատկապես, այս երիտասարդների համար մեծ խորհուրդ ունի: «Ոտք դնելով արցախյան հողին` նրանցից յուրաքանչյուրը համակվում է անասելի, անբացատրելի զգացումով: Մեր նպատակն է, որ սփյուռքահայ երիտասարդները ճանաչեն Հայրենիքը», -մեզ հետ զրույցում ասաց Հերմինե Դյուզյանը:
Պարզվեց, որ դեպի հայրենիք այցելությունների ծախսերը հոգում են հենց երեխաների ծնողները: Սակայն դա չի խոչընդոտում, որ Հայրենիքը տեսնել ցանկացողների թիվը գնալով ավելանա:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ












