Ջուղայի հայկական խաչքարերի ճակատագիրը ավերումից հետո
1990-ականների վերջերից սկսած` Արբեջանը, իրականացնելով պետականորեն ծրագրված հանցագործություն, ոչնչացնում էր Ջուղայի հայկական խաչքարերը: Միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությամբ հաջողվեց որոշ ժամանակով դադարեցնել ադրբեջանցիների վայրագությունները, սակայն 2002-ից նրանք վերսկսեցին իրենց «աշխատանքները»` 2005-ին հասնելով վայրենության գագաթնակետին. ադրբեջանական բանակի մոտ 200 զինվոր, երկաթյա մուրճերով զինված, վերջնականապես ոչնչացրեց հայկական մշակույթի գոհարները:
Այսօր արդեն Ջուղայի հայկական գերեզմանատունը չկա, և նրա փոխարեն տեղակայված է ադրբեջանական ռազմական հենակետ ու հրաձգարան:
Այս անգամ ադրբեջանցիները գերազանցեցին նույնիսկ պարսից շահ Աբասին: Սարսափի ու ոճրագործության խորհրդանիշ համարվող շահն անգամ ակնածանքով է վերաբերվել հայոց միջնադարյան արվեստի այս գլուխգործոցներին: Տեղի բնակչությանը բռնի տեղափոխելով և ծաղկուն ու զարգացած Ջուղա քաղաքն ավերելով (որպեսզի հետագայում մարդիկ չվերադառնան իրենց հայրենի քաղաք)` նա ձեռք չտվեց գերեզմանատան սրբազան քարերին:
Չորս դար հետո իրեն «քաղաքակիրթ» համարող Ադրբեջանն ապացուցեց, որ քաղաքակրթության փոշին այդպես էլ անտարբեր է մնացել իր նկատմամբ, և կովկասյան թաթարների սերունդները չեն տարբերվում իրենց նախնիներից:
Ավելին` պարսիկներն ապացուցեցին, որ ի տարբերույթյուն կովկասյան քոչվոր ցեղերի, իրենց վերաբերմունքը մշակութային կոթողների նկատմամբ մնացել է նույնը, և այսօր իրենք արդեն վերականգնում են հայկական եկեղեցիները:
2008 թվականին Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային խորհուրդը Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ոչնչացման վերաբերյալ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի կառավարության:
Ինչպես տեղեկացրեց Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային խորհրդի անդամ Արմենակ Աբրահամյանը, խորհուրդը Ջուղայի գերեզմանոցի խաչքարերի ոչնչացման վերաբերյալ հայցը 2008 թվականին ուղղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ու թեև արդեն մեկ տարի է անցել, դեռ ոչ մի պատասխան չի ստացվել դատարանից: «Սովորաբար հայցի ներկայացումից 6 ամիս հետո երեք դատավորները որոշում են գործի ընդունման հարցը: Բայց մեզ ոչինչ չեն ասել դեռ: Իսկ մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ գործն ընթացքի մեջ է: Բայց դեռևս պարզ չէ` ընդունվել է, թե ոչ:
Մենք մեր գործը շարունակելու ենք մինչև վերջնական պատասխան ստանալը:
Ադրբեջանը միացել է բազմաթիվ եվրոպական կոնվենցիաների, որոնց համար պատասխանատվություն է կրում:
Առաջին անգամ է նման բան պատահում, որ պետական բանակը հատուկ կազմակերպված գործողություններ իրականացնի` ջարդելով գերեզմանները: Այդ պետությունը պետք է պատասխան տա իր արածի համար»:
Պարոն Աբրահամյանը կարևորում է ևս մեկ հարց. չկա որևէ փաստաթուղթ, որը կարող է հաստատել Նախիջևանի` ադրբեջանական տարածք լինելը: Այդ պատճառով նա այսօր Կովկասում և Արևելյան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական շարժումներն ուղղակիորեն կապում է Նախիջևանի հետ:
Անի Աբովյան
Հ.Գ. Այս ողբերգական պատմության մեջ կա մի զավեշտալի պահ: ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների ասամբլեայի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչների` խաչքարերի ոչնչացման վերաբերյալ հարցին ի պատասխան, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը պատասխանել է, թե` «դա արվել է ի պատասխան Խոջալուի դեպքերի»:
Հիշեցնենք, որ հայտնի «Խոջալուի դեպքերը» կամ «Խոջալուի ցեղասպանությունը», որի մասին այդքան սիրում են խոսել ադրբեջանցիները, կազմակերպված էր հենց իրենց իշխանությունների կողմից, որոնք սեփական ժողովրդին օգտագործեցին որպես կենդանի վահան` պաշտպանվելու համար հայկական կողմի հարձակումներից:
Տեղեկատվական պատերազմի կարևորագույն զենքերից մեկը համարվում է քեզ ցանկալի և քո կողմից հորինված ստի կրկնությունը: Այս դեպքում Ադրբեջանը զենքն ուղղել է ինքն իր դեմ: Ստի ու կեղծիքի մեջ թաղված այս երկիրը կամաց-կամաց սկսում է հավատալ իր իսկ հորինած հեքիաթներին:
Թեգեր` Ջուղայի խաչքարեր












