Նաիրա Զոհրաբյան. «Սեմնեբիին խորհուրդ կտայի չնմանվել Մեթյու Բրայզային»
Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ
-Ինչպիսի՞ն է ձեր կուսակցության դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների, մասնավորապես՝ սահմանի բացման նկատմամբ։
– Այդ խնդրում «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը հստակ է` 21-րդ դարում փակ սահմաններ լինել չեն կարող, և 21-րդ դարում իրեն քաղաքակիրթ համարող պետությունը չի կարող առաջնորդվել «մշտական թշնամի» բանաձևով։ Մեզ համար էականն այն է, որ հայ-թուրքական արձանագրություններում մեր ազգային գերակա շահերին, այն է` Հայոց Ցեղասպանությանն ու Լեռնային Ղարաբաղին առնչվող նախապայմաններ չկան։ Ինչ վերաբերում է թուրք պաշտոնյաների` տարբեր ամբիոններից արված տարաբնույթ հայտարարություններին, ապա ես զարմանում եմ, որ մենք անվերապահորեն հավատում ենք` տարբեր լսարանների համար, օրվա մեջ մի քանի անգամ արված հարափոփոխ այդ հայտարարություններին, որոնք իրենց ներքին սպառման կամ էլ Ադրբեջանի լսելիքը շոյելու համար են։ Կուսակցության դիրքորոշումը հստակ է. «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանում չի վավերացնի Արձանագրությունները, եթե Հայաստանի հետ բանակցություններում թուրքական կողմը պաշտոնապես առաջ քաշի ինչ-ինչ նախապայմաններ։
– Ե՞րբ կսկսվի վավերացման գործընթացը Հայաստանի խորհրդարանում։
-Հստակ է, որ վավերացման գործընթացը պետք է լինի ողջամիտ ժամկետում, և Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ դա չի կարող հավերժ ձգձգվող ժամկետ լինել։ Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ ճիշտ է ՀՀ նախագահի դիրքորոշումը, որ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի Արձանագրություններն այն ժամանակ, երբ այն կվավերացնի նախ Թուրքիայի Մեջլիսը։
-Դառնանք Ղարաբաղյան հիմնախնդրին. Մադրիդյան սկզբունքների հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեք։
-Այն պահին, երբ պաշտոնապես մեզ կներկայացվի Կրակովում արդեն լրացված Մադրիդյան նոր սկզբունքները և մենք կտեղեկանանք, թե դրանք ինչ են իրենցից ներկայացնում, այդ ժամանակ միայն կկարողանանք ամբողջական գնահատական տալ այդ սկզբունքներին։ Մեկ բան հստակ է. մեր կուսակցության համար կարևոր է այն, որ այդ դրույթներում առաջին տեղում լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը, մնացյալ խնդիրները պետք է լինեն սրան ածանցյալ: Մենք չենք պատրաստվում քննարկել որևէ փոխզիջում մինչ այն պահը, երբ միջազգայնորեն կճանաչվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ինձ ուղղակի զարմացրեց Պիտեր Սեմնեբիի հայտարարությունը, թե Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգվում է։ Ես պարզապես պարոն Սեմնեբիին, ով միշտ ավելի համեստ և զուսպ դիրքորոշումներով է հանդես եկել, խորհուրդ կտայի իրեն երբևէ չգցել Մեթյու Բրայզայի վիճակի մեջ, ով հայտնի էր իր հակասական հայտարարություններով։ Հայաստանի համար չի’ կարող ընդունելի լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի ճանաչման գործընթացի հետաձգումը։ Դա պետք է լինի պայմանավորվածությունների փաթեթի առաջին դրույթը, որից, ինչպես արդեն ասացի, պետք է ածանցվեն մնացյալ դրույթները։
-Չե՞ք կարծում, որ Արցախը հնարավորինս շուտ պետք է ներգրավվի բանակցային գործընթացում։
-Մենք միշտ էլ ասել ենք, որ Ղարաբաղյան կողմը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, բայց մեկ բան հստակ է. հայաստանյան որևէ իշխանություն չի ստորագրի մի փաստաթղթի տակ, որի տակ չի լինի Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունների, Ղարաբաղի ժողովրդի հավանությունը։
Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի












