Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Սարդարապատի թանգարանը մշակութային արժեքների պահեստ չէ

Նոյեմբեր 4, 2009թ. 20:31

SardarabadՍարդարապատի հուշահամալիր-թանգարանի այցելուներին առաջինը «դիմավորում» է Հայկական լեռնաշխարհի մանրակերտը, որում ներկայացված են  հայերն իրենց տարազներով:

Այն, որ Հայկական լեռնաշխարհը քաղաքակրթության բնօրրանն է` գիտակից մարդու համար գաղտնիք չէ, սակայն այն հանգամանքը, որ դեռ հազարամյակներ առաջ մարդկության բնօրրանում գանգի վիրահատություն է իրականցվել` ոչ բոլորը գիտեն: Իսկ այդ ամենի վկայությունը պահվում է կրկին Սարդարապատի հուշահամալիրի թանգարանում, որտեղ ներկայացված են այս տարածաշրջանում մարդկության զարգացման տարբեր փուլերում եղած մեկական մարդու դիմակերտ` ստեղծված իրական գանգերի հիման վրա:

Այս թանգարանում պահվում են հազարամյա պատմություն ունեցող գործիքներ, որոնք անգնահատելի արժեք ունեն ոչ միայն հայերի, այլև ողջ մարդկության համար: Իսկ այս ամենը փորձառու գիդը ներկայացնում է ոչ միայն զուտ փաստերով, այլև համեմելով հայ ժողովրդի կենցաղի և ավանդույթների մասին պատմող հետաքրքիր պատմություններով: Այն, որ հայերը միշտ պաշտել են խաչը` ապացուցում են մինչ քրիստոնեությունը ստեղծված մետաղյա գտածոները, որոնց կենտրոնում խաչ է, իսկ շուրջը կիսաշրջաններ:

Ներկայացնելով հայ ժողովրդի հազարամյա պատմությունը` թանգարանի աշխատակիցները հմուտ կերպով պատմում են նաև հայի բնության  և հավատալիքների հետ ունեցած կապը: Չնայած հայերը Արևն են համարել բարու և կյանքի խորհրանիշ, սակայն միաժամանակ զգուշացել և փորձել են «հաճոյանալ» Լուսնին: Նորածնին բարձրացնելով տան տանիքի վրա` նրան պարզել են դեպի գիշերային լուսատուն և ասել`« դու նրա պահապանն ես, նրան լավ աչքով նայիր»:

Քսենոփոնը վկայում է, որ դեռ Վանի թագավորությունում Հայաստանում ձեթ են օգտագործել, իսկ աշխարհին հայտնի հնագույն կաշվե կոշիկը ստեղծվել է Ք.Ա. 3500թ.-ին` կրկին Հայաստանում:

Թանգարանում ներկայացված են ինչպես Ք.Ա. ստեղծված ցուցանմուշներ, այլև մինչև իսկ 20-րդ դարում հայի կենցաղի անբաժանելի մաս համարվող իրեր:

Թանգարանում բացվել է Սարդարապատի հերոսամարտը և Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական այրերին ներկայացնող ցուցասրահ, որը նվիրված է պատմական հերոսամարտի 90-91 ամյակին:

Սարդարապատի հուշահամալիրի թանգարանի աշխատակիցների բարեհամբույր վերաբերմունքը հաճախ թույլ չի տալիս մտածել, որ  պատմական հուշարձանն այսօր  նաև լուրջ  խնդիրներ ունի: Այդ մասին թանգարանի աշխատակիցները չեն բարձրաձայնում և փորձում են  սեփական ուժերով լուծել դրանք:

Պարզելու համար, թե որոնք են առաջնային լուծման հարցերը` զրուցեցինք Սարդարապատի հուշահամալիր-թանգարանի տնօրեն   Կարեն Արիստակեսյանի հետ:

«Այսօր առաջանային խնդիրը ֆոնդերում համապատասխան ջերմաստիճանային պայմանների ստեղծումն է, որովհետև ունենք շուրջ 70.000-ից ավելի թանգարանային ցուցանմուշներ, որոնք պահեստային-ֆոնդերում են պահվում: Թանգարանը Պաշտպանության Նախարարության ենթակայության ներքո է գտնվում: Այժմ աշխատանքներ են տարվում թանգարանի կայքէջի ստեղծման ուղղությամբ: Կարևոր է նաև նյութերի թվայնացումը և տեղեկատվական շտեմարանի ստեղծումը:  Անցած տարվա համեմատ թանգարանի այցելուների թիվը մի քիչ նվազել է:

Երբեմն ասում են, թե թանգարանի տոմսը թանկ է, սակայն այն առավել մատչելի է, քան Երևանի թանգարաններինը, բացի այդ ցուցադրական տարածքը 4500 քմ է, որը պահել է պետք: Աշխատանքներ են տարվում տուրիստական կազմակերպությունների հետ: Հետագա ծրագրերի մեջ է մտնում նաև ցուցադրությունը տեսամոնիտորային դարձնելը, որը ծախսերի հետ է կապված, սակայն այն ցուցանմուշներն առավել լավ պահպանելու հնարավորություն կտա»,- ասաց Կարեն Արիստակեսյանը:

Բարերար Հակոբ Ջելալյանը մի քանի հարյուր ցուցանմուշներ է նվիրել թանգարանին, որոնք սեփական միջոցներվ գնել է աշխարհի տարբեր երկրներից, իսկ  դրանք մի քանի դարի պատմություն ունեն:

Բարերարի և թանգարանի աշխատակիցների ցանկությունն  է, որ դպրոցականները հաճախ այցելեն թանգարան, դրան պետք է օժանդակի  նաև Կրթության և Գիտության նախարարությունը, քանի որ, ինչպես ասաց Կարեն Արիստակեսյանը. «Թանգարանը ոչ թե մշակութային արժեքների համար նախատեսված պահեստ է, այլ նախևառաջ այն կրթօջախ է»:

Արմենուհի Կարեյան


Թեգեր` , , , , , , , , ,

Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն