Վրաստանը ևս շահավետ է համարում «Վերին Լարսի» բացումը
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն խոսելով «Վերին Լարս» վերահսկիչ անցակետի բացման մասին ասել է, թե դա «տնտեսապես շահավետ կլինի Ռուսաստանի եւ Վրաստանի համար, եւ դա որեւէ վտանգ չի պարունակում:
Նրա խոսքերով` ներկայումս այդ հարցով միջնորդավորված բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ, ընդ որում` միջնորդը Հայաստանն է: Վրաստանի արտգործնախարարը նաեւ տեղեկացրել է, որ տեղի է ունեցել մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են զուտ տեխնիկական խնդիրներ:
Ըստ Վաշաձեի` կողմերից ոչ մեկը կոնկրետ պայմաններ չի ներկայացնում, նաեւ որեւէ պայմանագրի ստորագրում չի նախապատրաստվում:
Տեղեկացնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու առաջարկով «Վերին Լարսի» բացման հարցը քննարկվելու է երկրի ազգային անվտանգության խորհրդում: Անցակետի բացմանը դեմ է վրացական ընդդիմությունը, որը «վտանգի տարրեր» է տեսնում դրանում. մտավախություն կա, որ Հյուսիսային Կովկասում ստեղծված լարված իրադրության պայմաններում անցակետով դեպի Վրաստան միգրանտների մեծ հոսք կսկսվի, բացի այդ, անօրինական զինված խմբավորումների անդամների` երկիր ներթափանցելու վտանգ կա:
Ի դեպ, ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը անցակետի բացման հետ կապված նշել է, որ Հայաստանը ողջունում է սահմանային անցակետի վերագործարկման գաղափարը:
ArmAr.am












