Եթերով սխալ քարտեզ ցուցադրելու պատճառը տգիտությունն է ու վախը
Հայաստանյան հեռուստաընկերությունների եթերում ամիսներ առաջ մեր հայրենիքի ճշգրիտ քարտեզը տեսնելու ցանկությունն ուտոպիա կթվար, սակայն այսօր, ի ուրախություն բոլորիս, այդ ցանկությունն աստիճանաբար վերածվում է իրականության:
Չեմ կարող չասել, որ արդյունքին հնարավոր եղավ հասնել շնորհիվ որոշ նվիրյալների համառ ու հետևողական աշխատանքի: Նրանցից մեկն էլ տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն է: «Հայկական հեռուստաեթերներով ներկայացվող սխալ քարտեզներն ինձ միշտ մտահոգել են, բայց ամեն ինչ նոր ընթացք ստացավ, երբ ԼՂՀ նախագահի օգնական Դավիթ Բաբայանը Երևանում` հանդիպումներից մեկի ժամանակ ասաց, որ դժգոհ է քարտեզների մեկնաբանությունից: Նա բազմիցս դիմել էր տարբեր կազմակերպությունների և անհատների, որպեսզի եթերով ցուցադրվեն ճիշտ քարտեզներ, բայց` անարդյունք: Հայրենասիրությունս ու սկզբունքայնությունս ինձ ստիպեցին լուրջ աշխատանք տանել ճիշտ քարտեզի ճանաչման ուղղությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Քոչարյանը:
Ինչպես ասում են` որոշեց ու անցավ գործի: Տիգրան Քոչարյանն իր ընկերների հետ, որոնց մեծ մասը բլոգերներ են, կազմում են համապատասխան ծրագիր, որի առաջին քայլը սխալ քարտեզ օգտագործող բոլոր լրատվամիջոցներին ճիշտ քարտեզ նվիրելն էր: Չնայած լրատվամիջոցներում ոչինչ չփոխվեց` փոխարենը հանրությունը տեղեկացավ նախաձեռնության կազմակերպիչների բողոքներին:
Նախաձեռնող խումբը որոշում է պատնեշը ճեղքելու և առավել արդյունավետ աշխատանք կազմակերպելու նպատակով դիմել կոնկրետ անձանց: ԱԼՄ-ի հիմնադիր-ղեկավար Տիգրան Կարապետյանի հետ անհատական զրույցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց և կարճ ժամանակ անց նույն խմբի մշակած ճշգրիտ քատեզը հայտնվեց ԱԼՄ հեռուստաընկերության եթերում:
«Որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ ասում էին` թող մյուսներն անեն առաջին քայլը, հետո մենք կանենք: Հաշվի առնելով, որ ամեն ինչ սկսվում է եղանակի տեսության ցուցադրությունից, երրորդ փուլում սկսեցինք աշխատել Մետեո TV-ի հետ»: Բավական երկար հանդիպում-քննարկումներից հետո Մետեո TV-ի ղեկավար Վախթանգ Հարությունյանը համաձայնվում է փոխել իրենց կայքում տեղադրված սխալ քարտեզը: Երկու ամիս անց « Դար 21»-ի և «TV 5»-ի եթերում ևս հայտնվում են ճիշտ քարտեզներ: «Միաժամանակ աշխատանքները շարունակում էինք համացանցում: «Google»-ի որոնման համակարգում սկսեցինք աշխատել, որպեսզի Արցախի քարտեզը որոնելու դեպքում գտնվեր ճիշտ և իրական քարտեզը: Ապա սկսեցինք աշխատել կայքէջերի հետ: Այժմ կայքերում սխալ քարտեզ ես գրեթե չեմ տեսնում»,- ուրախությամբ նկատում է Տիգրան Քոչարյանը:
Սակայն այս դժվարին աշխատանքը, պարզվում է, դեռ ավարտված չէ, քանի որ շատերի համար դեռ չի ընկալվում, թե ինչ է նշանակում սխալ քարտեզի օգտագործումն ու տարածումը:
Վերջերս կայացավ «Էքսպո-2009»-ը, այն ներկայացնող պաստառներում գծված էր անհասկանալիորեն աղավաղված քարտեզ: «Էքսպո-2009»-ը ներկայացնող քարտեզում Արցախը ճիշտ սահմաններով էր, սակայն փոքրացված, սեղմված, կպցված Սյունիքին»:
Տիգրան Քոչարյանը նկատում է, որ սխալ քարտեզներ եթերով ցուցադրելը հետևյալ պատճառներն ունի` անտեղյակություն, վախ և անփութություն: «Շատ ղեկավարներ անհանգստանում են, թե եթերում ճիշտ քարտեզ տեղադրելու դեպքում կարող են ինչ-ինչ խնդիրներ առաջանալ, կամ էլ իրենցից կպահանջվի դրանք եթերից հանել»: Այստեղ, բնականաբար, գործում է վախի անհասկանալի զգացողությունը: «Այսօր չորս հեռուստաալիքներով ցուցադրվում է իրական քարտեզը, և այդ հեռուստատեսությունների ղեկավարները ոչ մի խնդիր չեն ունեցել», -նկատում է պարոն Քոչարյանը:
Ինչ վերաբերում է անփութությանը, ապա դրա վառ օրինակը կարելի է տեսնել է «Շանթ» հեռուստաընկերությամբ: Այստեղ ճիշտ քարտեզը եթերով ցուցադրվում է բավական մեծ լսարան ունեցող «Հեռանկար» ծրագրի ժամանակ, մինչդեռ նույն հեռուստատեսության «Հորիզոն» ծրագրի գլխագրում սխալ քարտեզն է պատկերված:
«Մեր հայրենիքի ճշգրիտ քարտեզի ցուցադրությունը շատ կարևոր է նաև զբոսաշրջության առումով. շատ զբոսաշրջիկներ, տեսնելով եթերի սխալ քարտեզը, կարծում են, թե Արցախը գտնվում է վտանգավոր գոտում և խուսափում են այնտեղ գնալուց: Սակայն երբ նրանք իրական քարտեզն են տեսնում, շատ բան է փոխվում: Շուրջ 20 զբոսաշրջիկի ներկայացրել եմ իրական քարտեզը, և նրանք, ապահովություն զգալով, մեկնել են Արցախ ու գոհ վերադարձել»:
Ի դեպ, հուսով ենք, որ մոտ ժամանակներում հայկական բոլոր հեռուստաընկերությունների ղեկավարները, նրանք, ովքեր սիրում են իրենց երկիրը, այլևս եթեր կհեռարձակեն միմիայն ճշգրիտ քարտեզներ, որոնք կպատկերեն մեր հայրենիքն իր ամբողջական սահմաններով` Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` տարիների գերությունից ազատագրված հայրենի տարածքներով:
Արմենուհի Կարեյան












