«Իզվեստյա» թերթի կլոր սեղանը` ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ
Մոսկովյան «Իզվեստյա» թերթի մամլո կենտրոնում կլոր սեղան է հրավիրվել` «ԼՂՀ հակամարտություն. խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծում. Ռուսաստանի դերը» թեմայով, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները:
«Դա բավական լուրջ բանավեճ էր, որի մասնակիցներին հնարավորություն էր ընձեռվել ազատ արտահայտվել արցախյան հակամարտության կարգավորման թեմայի շուրջ: Ելույթներով հանդես են եկել առավելապես ռուս փորձագետները»,-կլոր սեղանի մասին իր մեկնաբանություններն է հայտնել մասնակիցներից Ստեփանակերտի ռեսուրսային կենտրոնի համակարգող Իրինա Գրիգորյանը:
Կլոր սեղանի շրջանակներում մասնակիցները հատկապես ընդգծել են Արցախյան հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհների ընտրության կարևորությունը:
«Նշվում էր նաև, որ Արցախը միայն քարտեզ չէ, որը գրասենյակում նստած կարելի է վերաձևել, դա իրական տարածք է, որտեղ մարդիկ են ապրում, և անհրաժեշտ է խոսել անմիջապես նրանց հետ»,-լրոգրողներին ներկայացրել է Իրինա Գրիգորյանը: Իսկ երբ քննարկվել է պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, մասնակիցները նշել են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի հզոր ու մարտունակ բանակ, որ ունակ է ցանկացած իրավիճակում պաշտպանել իրեն և իր ժողովրդին:
ArmAr.am












