Երկրիդ դրոշը պարտավոր ես հարգել
«Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:
Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը: Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի: Սույն մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ»,-սահմանում է 2006 թվականի հունիսի 15-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքը:
Հայկական եռագույնն այս նկարագրով 1918 թվականին հռչակվել է որպես Հայաստանի առաջին հանրապետության պետական խորհրդանիշ, և այժմ էլ վերագտել է իր տեղը Հայաստանի երրորդ հանրապետության պետական խորհրդանիշերի շարքում:
Դրոշի մասին օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության դրոշի նկարագրությունը և գործածման կարգը` կարգազանցների համար սահմանելով պատիժ` օրենքով սահմանված կարգով:
Սա, թերևս, դրական տեղաշարժ է, եթե, իհարկե, անտեսենք այն հանգամանքը, որ օրենքը, որոշ բացթողումների շնորհիվ, սողանցքներ է թողնում կարգազանցների համար:
Ըստ օրենքի, ՀՀ քաղաքացին իրավունք չունի անարգել պետական խորհրդանիշը, սակայն «անարգել» հասկացությունը հստակեցված չէ, ուստի հեռուստաեթերում տեղ գտած դրոշային միքսերն ու աղավաղումներն այդպես էլ անտեսված են մնում:
«Եթե դու պետության քաղաքացի ես, իրավունք չունես չհարգել քո դրոշը, դա քննարկման ենթակա չէ: Բայց եթե այդ նույն քաղաքացին խելամիտ առաջարկություններ ունի դրա հետ կապված, ինչո՞ւ չլսել. Վրաստանում էլ նույնն արեցին, գտան, որ հին տարբերակը կարելի է փոխել և փոխեցին»,-ասում է պատմաբան, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը:
«Դրոշն անփոփոխ չէ, կարելի է չհավանել որպես համադրություն, բայց հարգել պարտավոր ես»,-դիտարկում է դիզայներ Տիգրան Հայրապետյանը: Նրա բերած փաստարկներն ավելի շատ էսթետիկական են ու մասնագիտական: Օրինակ, գունային համադրության առումով նա խնդիր է տեսնում գույների ձուլվածության առումով. «Ֆրանսիայի դրոշի գույներն ինձ, որպես դիզայների, ավելի շատ են դուր գալիս, բայց դա չի նշանակում, որ այն ես ավելի շատ եմ սիրում: Ռուսական տարբերակում էլ, օրինակ, լուծումը հետաքրքիր է, որովհետև սպիտակ երիզը երկու հագեցած գույների միջև բաժանող ու հստակեցնող խնդիր է լուծում»: Դիզայներական աչքը նկատում է նաև, որ արևի ճառագայթների տակ գույները մի տեսակ միահյուսվում են, երբեմն` խունանում. «Եթե գունավոր նկարը դարձնենք անգույն, կնկատեք, որ եռագույնը կարծես միագույն է դառնում. Դա ընդամենը գունային առանձնահատկությունից է գալիս»: Սակայն էականն այստեղ նրա համար ավելի շատ ընտրված գույների խորհուրդն է: «Եթե փոփոխության կարիք կա, թող երանգային թեթև շտկումներ անեն, ու անմիջապես կթարմանա: Ի վերջո, պետք չէ ցավագին տանել, որովհետև յուրաքանչյուր համադրություն շատ ինդիվիդուալ է` կախված այն բանից, թե ինչի վրա է այն կիրառվում: Նույն հաճելի պատկերը կարող է գեղեցիկ դիտվել գրքի շապիկին, իսկ ահա հագուստի վրա ամենևին չսազել»:
26 ամյա տնային տնտեսուհի Ժաննա Պալյանն, օրինակ, ևս շատ է հավանում ՀՀ դրոշը. «Ես սիրում եմ իմ երկիրը, իմ պետությունը, իմ դրոշը, բայց դրոշով շապիկ չէի հագնի. պարադոքս է ստացվում, բայց այդպես է»: Նույն «պարադոքսի» առջև է կանգնած նաև 20-ամյա ուսանողուհի Մարգարիտ Պողոսյանը, ում համար դրոշը թանկ է միայն որպես դրոշ: Իսկ ահա 25-ամյա Կարինե Իոնեսյանը նախընտրում է կրել ոչ միայն դրոշի պատկերով հագուստ, այլ նաև հայկական տարազով գլխարկ, պայուսակ ու գոտիներ. «Շատ գեղեցիկ է և դաձել է արդեն իմ ոճի անբաժան մասը: Հայը գեղեցիկ է իր հայեցիության մեջ»:
Արուսյակ ՀՈԽԻԿՅԱՆ
Թեգեր` Հայաստանի Հանրապետության դրոշ, Հայաստանի հանրապետություն, հայեցիություն












