Արամ Սարգսյան. «ԱՄՆ-ն իր հարաբերությունները չի փչացնի Թուրքիայի հետ»
Հայ դեմոկրատները պահանջել են խորհրդարանից ընդունել հատուկ հուշագիր, որի մեջ հստակ թվարկված կլինեն պատմականորեն չլուծված այն հիմնահարցերն ու արդարացի պահանջները, որոնք Ցեղասպանության չհաղթահարված հետևանքներն են և մնում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում՝ որպես անվիճելի հարցեր:
ՀԴ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով`«Թուրքիան սառեցրել է գործընթացն ու պատրաստվում է ինքն այդպիսի վերապահումներով հանդես գալ»: Բանն այն է, որ Ադրբեջանին խոստում է տրվել չբացել սահմանը, մինչև չկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:
Անդրադառնալով երրորդ երկրների գործերին չմիջամտելու խնդրին` Արամ Սարգսյանը բացատրել է. «Այսինքն, եթե Հայաստանն առ այսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և վավերացումից հետո փորձի որևէ աջակցություն ցուցաբերել Ղարաբաղին, դա կլինի երրորդ երկրի ներքին գործերին միջամտություն»:
Ու թեև դեմկուսի նախագահը կասկածի չի ենթարկում հայ դիվանագետների պրոֆեսիոնալ մակարդակը, բայց ափսոսում է, որ փաստաթղթերը պատրաստելու հարցում այն պարզապես չի դրսևորվել:
Ինչ վերաբերում է խնդրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշմանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը առաջարկում է քաղաքականության մեջ միամիտ չլինել:
«ԱՄՆ-ն իր հարաբերությունները չի փչացնի Թուրքիայի հետ և հայերի հանդեպ տածած մեծ սիրուց ելնելով` չի ընդունի Հայոց Ցեղասպանությունը»,- ընդգծել է դեմոկրատ քաղաքական գործիչը: Ընդհակառակը, ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որ Թուրքիան արագացնի գործընթացը, որովհետև իրենց ծրագրերում այդ տարրը կարող է մեծ նշանակություն ունենալ:












