Ալեքսանդր Մանասյան. «Ադրբեջանը հաստատված սահմաններ չունի»
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ժողովի 64-րդ նստաշրջանի ժամանակ ՄԱԿ-ի 3-րդ կոմիտեն քննարկումներ է անցկացրել «ինքնորոշման իրավունք» օրակարգային թեմայի շուրջ: Քննարկումները տարբերվել են նախորդներից ընթացքի լարվածությամբ ու վեր հանված թեմայի սուր կողմերով:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության վկայությամբ քննարկման ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը փորձ է արել վեր բարձրացնել տարածքային ամբողջականության խնդիրը` վեր դասելով այն միջազգային իրավունքի այլ սկզբունքներից:
Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը, սակայն, թեմայի շուրջ ելույթների ընթացքում հակադարձել է մեկ այլ մոտեցմամբ, ըստ որի առաջին հերթին դիտարկել է ազգերի ինքնորոշման իրավունքը` կարևորելով ԼՂՀ ժողովրդի միջազգային նորմերին համապատասխան կատարած ընտրությունը: Հայաստանի ներկայացուցիչը շեշտել է նաև, որ ինքնորոշման իրավունքի ոտնահարումը հանգեցնում է «ողբերգական հետևանքների»:
ArmAr.am-ի խնդրանքով փիլիսոփայական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, մեկնաբանելով ՄԱԿ-ում տեղի ունեցածը, հայտարարեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը չի գործում զավթված տարածքների դեպքում. «Միջազգային ասպարեզում մենք հարցը պետք է ճիշտ շեշտադրումով ներկայացնենք և անպայման շեշտենք, որ մենք, ըստ էության, կապ չունենք Ադրբեջանի կողմից բարձրացված այդ հարցի հետ, որովհետև իրավական առումով ոչ մի փաստաթուղթ չի կարող ներկայացվել` Արցախի` Ադրբեջանին պատկանելու վերաբերյալ: Բացի այդ, Ադրբեջանն իրականում անգամ հաստատված սահմաններ էլ չունի»:
ArmAr.am












