ԼՂՀ վարչապետի հյուրը ՀՕՄ-ի ներկայացուցիչներն էին
Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է Հայ օգնության միության ներկայացուցիչներ Վիկկի Մարաշլյանին, Ժիրայր Փեչեքյանին եւ Մարգարիտա Թարանյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում կրթության եւ առողջապահության ոլորտներում ՀՕՄ-ի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի, ինչպես նաեւ կազմակերպության 100-ամյակին նախատեսվող միջոցառումներին առնչվող հարցեր:
ՀՕՄ-ի գործադիր կոմիտեի ղեկավար տիկին Մարաշլյանը նշել է, որ չնայած միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ կապված առկա որոշակի դժվարություններին, կազմակերպությունը փորձում է շարունակել ծրագրերը, քանի որ ԼՂՀ-ում բարեգործական նախագծերի իրականացումը հանդիսանում է կազմակերպության կարեւորագույն խնդիրներից մեկը: Իսկ Ժիրայր Փեչեքյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը նախատեսում է 2010 թվականից հոգալ Հանրապետության մեկ ուսանողի Լիբանանում սովորելու ծախսերը:
Վարչապետ Արա Հարությունյանն իր հերթին հյուրերին ծանոթացրել է կրթության ոլորտի ծրագրերին, ինչպես նաեւ շեշտել, որ ծրագրերի իրագործման ընթացքում առաջացած դժվարությունների հաղթահարման գործում կառավարությունը պատրաստ է աջակցել միությանը:
ԼՂՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչություն












