Թուրքիան մինչև տարեվերջ չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները
Այս հարցում վստահ է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նշել է, որ Թուրքիայում արձանագրությունների վավերացման վերաբերյալ «պետք չէ որևէ նորություն ակնկալել մինչև նոր տարվա սկիզբ, ավելի կոնկրետ` մինչև 2010-ի փետրվար, մարտ ամիսները»:
Ռիչարդ Կիրակոսյանն անդրադարձել է նաև արձանագրություններում նշված կետերի չկատարման համար սահմանվող պատասխանատվության բացակայությանը: Հայ-թուրքական արձանագրությունները պայմանագիր են, որի շատ կարևոր բաղադրիչը բացակայում է: Որևէ բան նշված չէ այն մասին, թե ինչ պետք է արվի, եթե կողմերից որևէ մեկը խախտի արձանագրության կետերը:
«Բոլոր այն պայմանագրերում, որոնք ես ստորագրել եմ՝ հիփոթեքային կամ մեքենա գնելու վերաբերյալ, սահմանում են տույժ, որը կիրառվում է, եթե դու խախտում ես պայմանագրի կատարումը։ Սակայն այս արձանագրություններում չկա որևէ տույժ։ Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք ասել, թե Թուրքիան չի կարող սահմանը փակել բացելուց մեկ օր անց: Հայ բանակցողները չէի՞ն կարող ավելի խելացի լինել: Կարծում եմ` պե՛տք է որ լինեին»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
ArmAr.am












